Զբաղվե՞լ, թե՞ «չզբաղվել պոլիտիկա»

Զբաղվե՞լ, թե՞ «չզբաղվել պոլիտիկա»

«ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: ...Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց»,- այս տարվա փետրվարի 25-ի՝ ՀՀ Զինված ուժերի հայտարարությունը կայծակ էր ամպրոպից հետո, որ պայթեց Հայաստանի քաղաքական երկնակամարում: 

Հայտարարությանը հաջորդած իրադարձությունների սրընթաց զարգացումների հարահոսում առանձնանում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի կերպարը, որի՝ պաշտոնանկ անել-չանելու շուրջ էլ ծավալվում էին դեպքերը: Օնիկ Գասպարյանը Հայաստանի ոչ լայն հանրությանը հայտնի է իր ուղերձ-հայտարարություններով եւ Նիկոլ Փաշինյանի համերկրացին լինելու հանգամանքով: Ի տարբերություն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ Օնիկ Գասպարյանի կերպարը, մինչեւ փետրվարի 25-ի ԶՈՒ հայտարարությունը, օրինաչափորեն, հանրային լայն ճանաչում չուներ: Ղարաբաղյան վերջին պատերազմում հայկական կողմի աղետալի պարտությունից տասն օր անց՝ 2020թ. նոյեմբերի 17-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հանդես եկավ հայտարարությամբ, ուր ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի՝ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը «ընտրությունն էր շատ վատի եւ ողբերգության միջեւ», եւ իրենք ընտրել են «շատ վատը»: Դրանով իսկ ԶՈՒ ԳՇ պետն ընդունեց պատասխանատվության իր բաժինը համաձայնագրի ստորագրման համար: 

Օնիկ Գասպարյանը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել է 2020թ. հունիսի 8-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, մինչ այդ՝ 2017թ. հունիսից զբաղեցնելով պետի 1-ին տեղակալի պաշտոնը: Նույն օրը ՀՀ ԶՈՒ սպայական կազմին ներկայացնելով Գասպարյանին՝ վարչապետ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ «Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ զինված ուժերն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա եւ ամեն տարվա հետ կդառնան ավելի մարտունակ»: 

Այս նշանակումից մեկ տարի չանցած՝ Օնիկ Գասպարյանը մեկեն դարձավ Նիկոլ Փաշինյանի աչքի փուշը, իսկ նրա պաշտոնանկության խնդիրը՝ ներքաղաքական սրընթաց զարգացումների խթանիչը եւ ներհայաստանյան բանավեճի հիմնական թեման: ԶՈՒ փետրվարյան հայտարարությունը եւ Գասպարյանի՝ հրաժարական չտալու վճիռը Փաշինյանը համարեց ռազմական հեղաշրջման փորձ, բանակի՝ քաղաքականությամբ զբաղվելու արգելքի խախտում: 

Հետհեղափոխական երեք տարիների ընթացքում սա պետական համակարգի առաջին լուրջ դիմադրությունն է Փաշինյանի կառավարմանը: Այս դիմակայության պատճառը վերջին պատերազմում հայկական կողմի աղետալի պարտությունն է եւ Փաշինյանի՝ իրենից դուրս մեղավոր փնտրելու տենդագին ձգտումները: Միաժամանակ, խորքային պատճառներն առնչվում են Հայաստանի անվտանգությանը, իշխանությանը եւ անկախ պետականության շարունակմանն ընդհանրապես: ԶՈՒ հայտարարությունը, որն ալեկոծել է թե՛ գործող իշխանություններին, թե՛ Հայաստանի եւ Սփյուռքի հանրությանը, միաժամանակ բախվում է բանակի եւ քաղաքականության փոխկապակցվածությանը կամ դրա բացառմանը եւ հետեւյալ հարցադրմանը՝ հայոց բանակը պե՞տք է, արդյոք, զբաղվի քաղաքականությամբ, թե՞ ոչ. հայկական հայտնի ֆիլմի հերոսի խոսքը փոքր-ինչ ձեւափոխելով՝ «զբաղվե՞լ, թե՞ չզբաղվել պոլիտիկա»: 

Այս հարցադրումը Հայաստանի համար նոր չէ, այն ծնվել է ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, իսկ պատերազմից անմիջապես հետո, երբ բանակը դարձավ ազդու գործոն ներքաղաքական զարգացումներում, այս հարցադրումը ծառացավ ողջ սրությամբ: Հանրության առավել իրատես հատվածը գիտակցում էր, որ ռազմաճակատից վերադարձած հրացանավոր մարդը դառնալու է քաղաքականություն կերտող Հայաստանում: 

Երբեմնի «ժողովրդավարության կղզյակ» Հայաստանում բանակն ավելի ու ավելի մեծ դերակատարում էր ստանում՝ դրանով իսկ նվազեցնելով ժողովրդավարական հաստատությունների դերը: Հայաստանը թեպետ ժողովրդավարական պետություն չէ, սակայն ռազմական բռնապետություն եւս չէ: Միաժամանակ, պատերազմից պատերազմ գոյատեւող Հայաստանը շրջապատված է մինչեւ ատամները զինված արյունարբու թշնամիներով՝ թիկունքում ունենալով դավադիր դաշնակից: Նաեւ այդ պատճառով է, որ ավելի քան երկուսուկես տասնամյակ Հայաստանում զինված ուժերը եւ ռազմաքաղաքական միավորումները դարձել են քաղաքականության կերտողներ: 

Բանակը եւ կիսառազմական խմբավորումները քաղաքականության մեջ օգտագործվել են ՀՀ նախկին բոլոր ղեկավարների կառավարման ընթացքում: Բանակի դերը քաղաքականության մեջ կտրուկ աճեց Վազգեն Սարգսյանի՝ 1995թ. հուլիսին պաշտպանության նախարար նշանակվելուց հետո, որից հետո Տեր-Պետրոսյանը փաստացի զրկվեց իրական իշխանությունից: 1996թ. ընտրություններից հետո Վ. Սարգսյանի հայտնի խոսքը՝ «Եթե ընտրություններում ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս էլ հավաքեր, միեւնույն է, իշխանությունը չէինք հանձնի», դարձավ քաղաքականության վրա բանակի ուժային ազդեցության արատավոր ցուցիչ։    
Հենց Վ. Սարգսյանի գլխավորած «հայտնի ուժերն» էին 1998թ. փետրվարյան իշխանափոխության ժամանակ Տեր-Պետրոսյանին հրաժարականի պահանջ ներկայացնողները:

Հայոց բանակը հաճախ է դարձել ներքաղաքական պայքարի գործիք կեղծիքներով եւ բռնարարքներով ուղեկցվող ընտրությունների ժամանակ, երբ բանակը հրահանգով քվեարկում էր իշխանության թեկնածուի օգտին: Բանակը դարձել է իշխանության բոլոր բռնազավթումների մասնակիցը, որի արյունոտ վերջակետը դրվեց 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերով: 
2018թ. ապրիլի 23-ի կեսօրին Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին եւ Փաշինյանի գլխավորած հեղափոխությանը միացան Երեւանում տեղակայված ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի բազմաթիվ զինծառայողներ, որից հետո Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ գիտակցելով, որ երբ բանակը դառնում է քաղաքականության կողմ, մյուս կողմը պետք է հրաժարական տա: Հայտարարություն տարածեց նաեւ ՔՊ-ն՝ պահանջելով զինծառայողներին վերադառնալ իրենց ծառայության վայրերը եւ չմասնակցել քաղաքական գործընթացներին: 

Հայկական բանակում տեղ են գտել արատավոր երեւույթներ՝ կոռուպցիան, ոչ կանոնադրական հարաբերությունները, խաղաղ պայմաններում բանակում զինվորների ինքնասպանության եւ սպանության դեպքեր: Այսեւայլ փաստերը հայոց բանակի ոչ հեռու անցյալի մասն են կազմում: 
Այս ամենով հանդերձ՝ հայոց բանակը չի կարող դառնալ անգամ իր իսկ անցյալի կամ ՀՀ ղեկավարների կառավարման սխալների պատանդը, առավել եւս՝ քաղաքականության սխալների եւ ձախողված դիվանագիտության փոխարեն չի կարող քավության նոխազ դառնալ: 

Կա եւս մեկ հանգամանք, որ մեր բանակը մեծ չափով կախման մեջ է դնում նաեւ արտաքին, մասնավորապես՝ ռուսական գործոնից: Հայ կադրային սպաների զգալի մասը ռազմական կրթությունը ստացել է ՌԴ ռազմական ակադեմիաներում: Հայկական զինտեխնիկայի զգալի մասը ռուսական արտադրության է, Ռուսաստանն ուղղակի մխրճվել է մեր բանակի մեջ: ՀՀ պաշտպանության նախարարներն առանց Մոսկվայի համաձայնության չեն նշանակվել: Այս ամենը մեծացրել է հայկական բանակի կախյալությունը Ռուսաստանից: 

Հայոց զինված ուժերը ձեւավորվել են Հայաստանի համար բարդ ժամանակներում՝ մեծ դժվարությունների եւ զոհողությունների գնով: Հայոց բանակը եղել եւ մնում է ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության երաշխավորն ու պաշտպանը: Հայկական պետականության կազմաքանդման սկիզբը կարող է դրվել բանակի կազմաքանդմամբ, ինչին կամա թե ակամա լծվել է քաղաքական եւ ռազմական իշխանությունը: Ի վերջո, այս դիմակայությունը կարող է դառնալ նաեւ Հայաստան ռուսական Կարմիր բանակի մուտքի գտնված առիթ: 

Հայկական բանակը միանշանակ չպետք է խառնվի քաղաքականությանը, սակայն կա նաեւ այլ խնդիր, թե բանակը, արդյոք, իրավունք ունի՞ չմիջամտել պետական քաղաքականությանը, եթե պետական կառավարումը վտանգում է Հայաստանի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը: Զինված ուժերը չեն կարող փոխարինել քաղաքականությանը կամ դիվանագիտությանը, իսկ բանակի մարտունակության թուլացման յուրաքանչյուր փորձ ուղղված է ՀՀ պետականությանը:

Այս առումով հարկ էր, որ հենց վերջին պատերազմի ընթացքում ՀՀ ռազմական ղեկավարությունը ռազմական գործողությունների ծրագրավորումն ու հրահանգավորումն ամբողջությամբ իր ձեռքը վերցներ՝ մեկուսացնելով Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը: 

Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար հայկական բանակը հարկ է հետեւողականորեն դուրս բերել ռուսական ազդեցությունից եւ էապես կրճատել ռուսական սպառազինությունների գնումը: 

Զինված ուժերը քաղաքականությամբ չպետք է զբաղվեն. սա ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ, միաժամանակ չգրված օրենք է նաեւ այն, որ պատերազմում պարտություն կրած կառավարիչները պետք է հեռանան իշխանությունից: 

«Զբաղվե՞լ, թե՞ չզբաղվել պոլիտիկա» հարցադրումն ավելի հին է, քան հանրահայտ հայկական ֆիլմը: Բանակը քաղաքականության գործիք չի կարող դառնալ, սակայն բանակը չի կարող նաեւ դիտորդ մնալ, եթե փլուզվում է պետականությունը: