Դիմել ենք Գուգլի անձնակազմին՝ կոչ անելով, որ որևէ ինֆորմացիա ստանալուց առաջ ճշտեն հավաստիությունը

Դիմել ենք Գուգլի անձնակազմին՝ կոչ անելով, որ որևէ ինֆորմացիա ստանալուց առաջ ճշտեն հավաստիությունը

Hraparak.am-ը զրուցել է Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար Արշակ Աբրահամյանի հետ։

- Հայաստանի ընդդիմությանը մենք, ճիշտն ասած, այդքան չենք քննադատում, ավելի շատ մտածում ենք, որ Հայաստանի ընդդիմությունը՝ «Հայրենիքի փրկության» շարժումը, ավելի կենսունակ գործիքակազմ պետք է  ձևավորի։ Այսինքն՝ պայքարը պետք է թևակոխի ավելի կոնկրետ գործողությունների շարք, որովհետև մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման հետ կապված արդեն ժամանակ շատ է ծախսվում, ժամանակը շատ վաղուց աշխատում է Հայոց պետականության դեմ, և ավելի կոնկրետ քայլեր են պետք Նիկոլ Փաշինյանից, և նրա վարչական խմբից ազատվելու համար։ Մեր պետականությունը շատ լուրջ խնդիրների առջև է կանգնած և ամեն րոպեն թանկ է մեզ համար։ Շատ կարևորագույն ու կենսական նշանակության խնդիրներ կան մեր պետականության առջև, որը պետք է հրատապ կերպով լուծվի։

- Ի՞նչ միջոցառում է կազմակերպել ձեր վերլուծական կենտրոնը, և ինչ խորհուրդ ունի։

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը օգտագործելով իր նավթադոլարները կաշառել է միջազգային կոորպորացիաներին և իրեն ձեռնտու ինֆորմացիայով աշխարհին ներկայացրել է գուգլմափս-ի քարտեզները՝ փոփոխված տարբերակով, այն է ՝ Արցախի ողջ տարածքը անվանափոխելով ադրբեջանական անվանումներով համարում է ադրբեջանական, մենք մեր քարտեզները հրապարակել ենք մեր էջում, և միաժամանակ դրա դեմ քայլեր ենք ձեռնարկել մեր վերլուծական կենտրոնի  անձնակազմով և դիմել ենք Գուգլի անձնակազմին՝ կոչ անելով որ որևէ ինֆորմացիա, մանավանդ միջազգային հարթակներում հանրայնացնելուց առաջ՝ ստուգել դրա հավաստիությունը, իսկ Արցախի պատկան մարմիններին կոչ ենք արել էլի ավելի գործուն քայլեր ձեռնարկել այդ ամենի կանխարգելման ուղղությամբ։ Հենց այդ կոչի հաջորդ քայլը եղավ այն, որ մենք միանգամից սկսեցինք պայմանավորվածություն ձեռք բերել մի շարք կրթօջախների հետ, որի արդյունքում այսօր միջոցառում ունենք՝ ի հակադրումն ադրբեջանական քարոզչամեքենայի՝ Արցախի բոլոր կրթօջախների մոտ բարձրացնելու են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դրոշները, որը հստակ մեսիջ է իր մեջ պարունակում այն հանգամանքին, որ Արցախի երիտասարդությունը սկսել է պայքար բոլոր կրթօջախների ադրբեջանականացման դեմ։ Մենք  պայքարել ենք և պայքարելու ենք Արցախը հայկական պահելու համար, որ ոլորտը ուզում է դա լինի։ Արցախը իր նշաձողը չի իջեցնում, Արցախի բոլոր կրթօջախները մնալու են հայկական և մենք ասում ենք՝ ոչ համատեղ բնակեցմանը, և ոչ ադրբեջանականացմանը։ Որքան էլ Հայաստանի քաղաքական վարչախմբի  և իր տերերի ցուցումը լինի, որ Արցախը պետք է  պոկվի մայր Հայաստանից, մենք մեր հնարավորությունների չափով ամեն ինչ անելու ենք այդ ամենը կանխարգելելու համար։

- Արցախի իշխանությունների նկատմամբ ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է։

- Արցախի իշխանությունները ինչ-որ տեղ դրսևորում են ոչ այնքան արդարացված զգուշավորություն․․․ որպես կոմպրոմանտ են բերում, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը ճնշում է գործադրում Արցախի իշխանությունների վրա՝ տարբեր սոցփաթեթների շահառուներին, այսինքն, ֆինանսական կոմպոնենտ է օգտագործում։ Եվ մենք կոչ ենք անում Արցախի իշխանություններին, որպեսզի նրանք ձևավորեն ազգային օրակարգ, որն ընդունելի կլինի ողջ հայության համար։ Այսինքն, ամեն անգամ պետք չի ենթարկվել Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից եկող այդ շանտաժներին։ Ընդհանուր առմամբ, իհարկե, Արցախի ժողովուրդը սոցիալական փաթեթների շահառու է, և այդ խնդիրները պետք է լուծեն։ Հայաստանի Հանրապետությունը շատ սխալ է անում, որ այդ քաղաքականությունը այսպես, կարելի է ասել, ձևակերպում է որպես լավություն արցախահայերին։ Իրականում Արցախի ժողովրդին զրկել են տուն տեղից, բնական կենսագործունեության և շահույթ ստանալու հնարավորությունից և շատ բնական է, որ այդ մարդկանց պետք է ապահովել բնակության հարցով և մինիմում ընտանեկան զամբյուղի ապահումով։