Քոչարյանի պաշտպանների համար անհասկանալի է՝ ի՞նչ սկզբունքով է գործը մակագրվել Արթուր Մկրտչյանին. նրանք կրկին ինքնաբացարկ հայտնեցին

Քոչարյանի պաշտպանների համար անհասկանալի է՝ ի՞նչ սկզբունքով է գործը մակագրվել Արթուր Մկրտչյանին. նրանք կրկին ինքնաբացարկ հայտնեցին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկ է ներկայացրել նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին։

Լրագրողների հետ զրույցում պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ ինքնաբացարկի հիմքն այն է, որ Արթուր Մկրտչյանին համակարգչի միջոցով գործը չի մակագրվել։ Ինչը օրենքը թույլ չի տալիս։

Պաշտպանական թիմի համար անհասկանալի է, թե ինչի հիման վրա է Արթուր Մկրտչյանին մակագրվել։

Նշենք, որ երեկ Քոչարյանի պաշտպանները կրկին Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, քանի որ Օրբելյանը եւ դատավորի որդին մտերիմներ են։ Սակայն, դատավորը մերժել էր միջնորդությունը։


Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին:

Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է:


Քոչարյանը մեղադրվում է «Մարտ 1֊»ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։