ՆԳ նախարարը պատմել է մի միջոցառման մասին. չգիտենք՝ այս գործողությամբ ինչքան կյանք ենք փրկել

ՆԳ նախարարը պատմել է մի միջոցառման մասին. չգիտենք՝ այս գործողությամբ ինչքան կյանք ենք փրկել

Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ճանապարհային երթևեկության անվտանգությանը։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աշխատանքային խումբ ունենք, որն անընդհատ աշխատում է՝ հասկանալու, թե ինչ կարող ենք անել ճանապարհների երթևեկության անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ։ Այս ուղղությամբ նաև ներքին գործերի նախարարությունն է ինտենսիվ աշխատանքներ իրականացնում։ Լավ լուրն այն է, որ մենք այդ աշխատանքների արդյունքը նաև տեսնում ենք, որ հաջողվել է վթարների և դրանց հետևանքով գրանցվող զոհերի թվի որոշակի նվազեցում ունենալ»,- ասաց Փաշինյանը։ 

Նշենք, որ Կառավարությունը հաստատեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ակնկալվում է , որ կբարձրանա ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության մակարդակը, որը կնպաստի ՃՏՊ-ների կանխարգելմանն ու դրական ազդեցություն կունենան պատահարների կրճատման վրա։

«Կան միջոցառումներ, որ պետք է մի քիչ ստեղծագործաբար մոտենանք, երեկ ՆԳ նախարարը պատմել է մի միջոցառման մասին, որը շատ էֆեկտիվ է, բայց զարմանում ես, թե ինչու նախկինում մեր մտքով նման բան չի անցել։ Օրինակ՝ ի՞նչ գործողություն է արել ոստիկանությունը. գնացել է միջքաղաքային երթուղիները սպասարկող ավտոկայաններ ու ստուգել է ավտոբուսների անվադողերը, այն անվադողերը, որոնք մաշվածության շատ բարձր աստիճան են ունեցել, վարչական կարգով թույլ չեն տվել դուրս գալ երթուղի, որովհետև, եթե դուրս գային, 10-ից 6-ը վթարի էր ենթարկվելու երեկվա եղանակային պայմաններում, մենք չգիտենք՝ այս գործողության արդյունքում ինչքան կյանք ենք փրկել»,- նշեց Փաշինյանը։