Ալիեւի կոմունիստական հայատյացությունը

Ալիեւի կոմունիստական հայատյացությունը

Ադրբեջանի օրվա իշխանությունները միջազգային հարթակներում շարունակաբար պնդում են, որ Լեռնային Ղարաբաղում հայերը եւ ադրբեջանցիները վերստին կարող են ապրել միասին, որ Ադրբեջանը հանդուրժողականության եւ ազգային համերաշխության ոչ մի խնդիր չունի: Այս քարոզչությունը գործնականում ոչ մի քննություն չի բռնում: Ինչպես միշտ, այս հարցում էլ Բաքուն թույլ է տալիս ակնհայտ վրիպումներ: Արվում են հրապարակումներ, որոնք լիովին հակառակն են ապացուցում՝ որ նույնիսկ խորհրդային տարիներին Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղը եղել է օտար միջավայր: Լրատվամիջոցներից մեկը, մասնավորապես, հրապարակել է հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի հուշերը, որտեղ նա պատմում է 1968թ.-ին Ստեփանակերտ գործուղման մասին:

Այդ օրերին Բաքվում ընթանում էր նախորդ տարի Ստեփանակերտում ազգամիջյան լարվածության գործով մեղադրվող քսան հայերի դատավարությունը: Ադրբեջանի ՊԱԿ-ը տեղեկություն էր ստացել, որ նրանց հարազատները մտադիր են Ստեփանակերտում բողոքի ակցիաներ իրականացնել: Որոշվում է Լեռնային Ղարաբաղ գործուղել փորձառու օպերատիվ աշխատակիցներ, որպեսզի կանխվի մեղադրյալների հարազատների ցուցադրական բողոքի ակցիան: Ինչպես հիշում է նախկին աշխատակիցը, Ստեփանակերտ մեկնելուց առաջ խումբը հրահանգավորում է անցել ՊԱԿ-ի նախագահ Հեյդար Ալիեւի մոտ: Վերջինս երկու հիմնական հանձնարարություն է տվել՝ ոչ մի հարցում չվստահել ՊԱԿ-ի ԼՂԻՄ վարչությանը, երբեք չգիշերել Ստեփանակերտում: «Օրվա անելիքներն անում եք եւ իսկույն՝ Աղդամ: Շրջկոմի քարտուղարը լուծելու է կեցության, սնվելու հետ կապված բոլոր հարցերը»- սա էր Հեյդար Ալիեւի հրահանգը:

Կրկնենք, խոսքը վերաբերում է հեռավոր 1968թ.-ին, երբ երկիրը միասնական էր, միասնական էր ՊԱԿ-ի համակարգը, գաղափարախոսությունը, քարոզչությունը: Եւ չնայած դրան, Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահը չի վստահել նույն կառույցի մարզային ստորաբաժանմանը, տեղի կուսակցական-խորհրդային մարմիններին, հայերի հյուրընկալությանը եւ իր աշխատակիցներին հրահանգել է գիշերել միայն Աղդամում, սնվել միայն այնտեղ: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ կոմունիստական հայատյացություն, որով վարակված էր Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահ Հեյդար Ալիեւը: Ինչու՞ էր նա զգուշանում Լեռնային Ղարաբաղից, տեղի հայ կոմունիստներից, հատուկ ծառայությունների աշխատակիցներից: Բացատրությունը մեկն է՝ նրա համար Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան չէր, հարազատ միջավայր չէր: Խորթությունն, ինչպես տեսնում ենք, հրահանգավորվում էր Բաքվից: Այդ իրողությունների նկատառմամբ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների պնդումները «համերաշխության» եւ «համակեցոության» մասին փարիսեցիություն են եւ արժանի միայն հեգնանքի: