Այս ողբերգությունը վերականգնեց մեր ազգային միասնականությունը՝ ի հեճուկս որոշ ուժերի…

Այս ողբերգությունը վերականգնեց մեր ազգային միասնականությունը՝ ի հեճուկս որոշ ուժերի…

Արցախցիների բռնի տեղահանության եւ Հայաստան գաղթելու հենց առաջին օրը մեր հասարակությունը ինքնակազմակերպվեց եւ պատշաճ ձեւով դիմավորեց մազապուրծ իր հայրենակիցներին: Երկար ժամանակ շրջափակման, սովի ու կարիքների մեջ ապրած արցախցիները , անցնելով դժոխքի, մահվան ճանապարհը, ունեին առաջին հերթին հոգեբանական օգնության կարիք: Մտնելով ՀՀ տարածք, նրանք արժանացան հոգատար ու ջերմ վերաբերմունքի. նրանց դիմավորեցին գրկախառնությամբ, սիրով ու ջերմությամբ: Առանց գույքի , անձնական իրերի, շատ հաճախ առանց հագուստի գաղթած արցախցիները հենց սկզբից գտան իրենց գիշերելու տեղերը:

Մենք տեսել ենք, թե տարբեր երկրներում տեղի ունեցած նման իրադարձությունների հետեւանքով փախստական դարձած մարդիկ ինչպես են հայտնվում բաց երկնքի տակ՝ անօգնական ու անպաշտպան: Իսկ արցախցիները եկել էին իրենց տուն՝ մայր հայրենիք, ու այստեղ նրանց դիմավորեցին հարազատորեն: Հատկապես գյուղական համայնքներում առանձնահատուկ է նրանց հանդեպ վերաբերմունքը. անգամ այն մարդիկ, ովքեր իրենք ունեն օգնության կարիք, իրենց կենցաղային իրերից, հագուստից ու սնունդից բաժին են տալիս արցախցիներին: Շատ արցախցիներ խոստովանում են, թե նման ընդունելության չէին սպասում, կարծում էին, թե հայաստանցիները իրենց չեն սիրում եւ դժգոհ կլինեն իրենց՝ այստեղ գալու համար: Իսկ թե ինչու նման պատկերացում ունեն արցախցիները մեր մասին, շատերս գիտենք։

Գաղտնիք չէ, որ երբ Վազգեն Սարգսյանը Արցախից Հայաստան հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին եւ իշխանական ՀՀՇ-ն իր տեղը զիջեց Քոչարյանին ու նրա ետեւից Հայաստան եկած շատ արցախցի պաշտոնյաների, սկսեց սեւ քարոզչությունը «ղարաբաղցիների» նկատմամբ: 2008 թ-ի հանրահավաքների ժամանակ առաջին նախագահը ամբիոնից մոնղոլ-թաթարներ էր անվանում արցախյան ծագում ունեցող իշխանություններին, իսկ նրա հոգեզավակ, լրագրող Նիկոլը մարտիմեկյան «մարտերից» առաջ ղարաբաղցիներին Երեւանից դուրս անելու կոչեր էր հնչեցնում: 2018-ից ՀՀ վարչապետ դառնալուց հետո նա ունեցավ հնարավորություն՝ արցախցիների հանդեպ իր ատելությանն ու թշնամանքին հագուրդ տալու… Ու եղավ այն, ինչ եղավ…

Հասարակության՝ հայաստանցիների-ղարաբաղցիների, սեւերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների,  բաժանելը այդ հասարակությանը կառավարելի դարձնելու ամենաարդյունավետ եղանակն էր. պառակտված հասարակությունը ի վիճակի չեղավ պայքարելու ներքին եւ արտաքին թշնամու դեմ…ու մենք պարտվեցինք: Բայց իրավիճակը փոխվեց արցախյան ողբերգություններից հետո:

Պատահական չէ, որ հիմա էլ արցախյան՝ փաշինյանամետ ուժերի կողմից արցախյան վտարանդի կառավարության դեմ են սադրանքներ հրահրվում , «սլիվներ» արվում արցախցի տարբեր պաշտոնյանների դեմ: Նրանց խիստ մտահոգում է միասնականության այս մթնոլորտը, որը վերականգնվեց Հայաստանի ու Արցախի հասարակությունների միջեւ: Այդ միասնականությունը կարող է դառնալ Փաշինյանի իշխանության տակ դրված ռումբ…