«Ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

«Ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:  Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»: Նշում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Փաստաբանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Այս պահին պրոգրեսիվ վիճակ է՝ բացասական առումով: Չեն կարողանում վիրահատական միջամտություն անել՝ ստենտավորել: Պետք է վիճակը կայունանա: Պետք է քննարկել խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու հարցը: Գուցե արտահերթ դատական նիստ հրավիրենք», - նշեց փաստաբանը:

Փաստաբան Հովհաննիսյանը պնդեց, որ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է վերջին դատական նիստից հետո: