ՀՅԴ-ն Արցախում իշխանությու՞ն չէ

ՀՅԴ-ն Արցախում իշխանությու՞ն չէ

Նախագահի եւ խորհրդարանի ընտրությունից մեկ տարի առաջ Արցախում ներքաղաքական որոշակի զարգացումներ են ընթանում: Նախագահի թեկնածու առաջադրելու մասին հայտարարել են Ազատ հայրենիք եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները:

Նախագահի հավանական թեկնածու է դիտարկվում Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Վերջերս նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանդիպումներ է ունենում համայնքներում՝ փորձելով շոշափել հանրային տրամադրությունները: Այս համատեքստում աշխուժություն է սկսել դրսեւորել նաեւ ՀՅԴ տեղական կառույցը:

Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հարցազրույց է տվել «Ապառաժ պաշտոնաթերթին, որտեղ ուշագրավ դիտարկում է արել, թե նախագահի հավանական թեկնածուները ներկայացնում են իշխանության ճամբարը եւ չեն կարող» իշխանության որդեգրած կուրսից բացի այլ բան մատուցել հանրությանը: Պատասխանելով հարցին՝ ՀՅԴ Արցախի կառույցը պատրաստվու՞մ է առաջադրել նախագահի իր թեկնածուին, Իշխանյանն ասել է. «Արդեն իսկ որոշ քաղաքական ուժերի կողմից հայտ է ներկայացվել թեկնածուների առումով: Այդ համատեքստում ինչպե՞ս կարող է Դաշնակցությունը թեկնածու չունենալ...»: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի մատուցմամբ՝ ավելի կարեւորը ոչ թե թեկնածուի անձն է, այլ՝ նրա ծրագիրը:

Հասկացվում է, որ Դաշնակցության տեղական կառույցը մտադիր է ներկայացնել քաղաքական պլատֆորմ՝ փորձելով դրա շուրջ համախմբել «գաղափարակից, նույն ուղղությամբ մտածող եւ նույն մոտեցումները կիսող մարդկանց ու քաղաքական ուժերին»: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի դիտարկումն ուշագրավ է նրանով, որ նա մի հարթության վրա է դնում իշխանության ճամբարից նախագահի հավանական թեկնածուներին եւ բոլորովին այլ՝ Դաշնակցության ծրագիրն ու իրենց ենթադրյալ թեկնածուին:

Այսինքն, ՀՅԴ-ն Արցախում փորձում է տարանաջատվել իշխանությունից: Եւ դա այն դեպքում, երբ Դաշնակցության տեղական կառույցը նախագահական երկու ընտրություններում անվերապահորեն սատարել է Բակո Սահակյանին եւ մաս կազմել նրա ձեւավորած կառավարությանը:

Անցած տասներկու տարիներին նաեւ ՀՅԴ Արցախի կառույցն է եղել Բակո Սահակյանի խորհրդարանական հենարանը: Ի՞նչն է այսօր ստիպում, որ Դաշնակցության արցախյան թեւը զատորոշվի իշխանության ճամբարից: Ո՞ր քաղաքական ուժերը կարող են միանալ նրա պլատֆորմին: Դաշնակցության կհաջողվի՞ Արցախում քաղաքական ալյանս ձեւավորել իր մտեցումների եւ տեսլականի հիմքով:

Դավիթ Իշխանյանն ակնարկել է Դաշնակցության ցանցային հնարավորությունների մասին: Նշանակու՞մ է դա, արդյոք, որ եկող տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ տեղական կառույցը կունենա արտաքին լայն աջակցություն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանն այս պահին չկա: Առայժմ կարող ենք արձանագրել մի բան՝ Դաշնակցությունը չի սատարի Արցախի նախագահի այլ թեկնածուի եւ կփորձի դառնալ այլընտրանք: Եթե, իհարկե, մինչ այդ իրավիճակ չփոխվի: Առայժմ ՀՅԴ Արցախի կառույցն իշխանության մաս է եւ քաղաքական պատասխանատվություն է կրում ամեն ինչի համար: