Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում

Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում

Կար ժամանակ, երբ ամուսնու հետ շրջագայությունների մասին Աննա Հակոբյանն ասում էր «Ես շատ եմ սիրում իմ ամուսնուն»։ Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է ամեն անգամ ամուսնու հետ այցերի գնում, երբ նախկինում պաշտոնյաների կանայք այսքան հաճախ չէին ուղեկցում իրենց ամուսիններին պաշտոնական այցերի ժամանակ: Ասում էր, որ «Չգիտեմ՝ ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, ունեին այդ հնարավորությունը, երբ իրենց ամուսինը գնում էր որևէ տեղ, նստել այդ ինքնաթիռ գնալ, իր կողքը լինել: Ես ինչ իմանամ՝ ինչու չէին անում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ինչ ասեմ»։ Ասում էր, որ ամուսնուն ուշ-ուշ է տեսնում, դրա համար է նրա հետ շրջագայությունների գնում։ Ասում էր, որ  պետբյուջեի հաշվին չի լինում, երբ իր այցը ամուսնու հետ է լինում, դա հավելյալ գումար չի նստում պետբյուջեի վրա։ 

Ու նաև մի շատ կարևոր բան էր ասում․ «Եթե ուզում են փողերի վատնում փնտրել, ասեմ, որ, օրինակ, ԱՄՆ այցի համար ծախսել ենք 10 միլիոն դրամ, իսկ բերել ենք 755 միլիոն դրամ»: Այսինքն դեռևս 2018, 2019 թվականներին նա խոստովանում էր, որ փող բերելու համար է ճամփորդում ու փող է բերում։ 
Հիմա ուզում եմ հասկանալ՝ նորանոր միայնակ ճամփորդությունների ժամանակ  մոռացե՞լ է որ իր ամուսնուն շատ է սիրում և ուզում է նրա հետ լինել։ Մոռացե՞լ է իր ասած քնքշանվաղ  բառերը։ Եվ թիվն եմ ուզում հասկանալ՝ ինչքա՞ն փող է հիմա դրսերից բերում, որ այդքան ճամփորդում է, չէ՞ որ ինքն էր ասում․ 

«Ես չեմ կարող ուղղակի որևէ տեղ գնալ, ես դրա ժամանակը չունեմ: Ես ունեմ ամուսին, երեխաներ: Ունեմ փոքրիկ երեխա, ում համար սթրես է իմ որևէ տեղ գնալը: Եթե իմ այցը օգուտ չլինի Հայաստանին, ես դա չեմ անի, ռեսուրս ու ժամանակ չեմ ծախսի դրա վրա: Եթե իմ գնալը շատ կարևոր չլինի, ես երբեք չեմ գնա»:

Հայաստանին ու մեզ եմ նայում ու տեսնում, որ նրա գնալուց առ այսօր հետ- հետ ենք գնում ու «վերջանում»։ Իր տարբեր երկրներում ճամփորդելը վնասում է և՛ Հայաստանին, և՛ մեզ։ Ուզում եմ հասկանալ՝ ումի՞ց է ստանում այդ փողը և ու՞մ համար է բերում։ Ու Հայաստանի այս վիճակը կա՞պ ունի իր բերած փողերի բաշխման հետ։