Ռուսական դեսանտ՝ Խոջալուի օրը

Ռուսական դեսանտ՝ Խոջալուի օրը

Բաքվում Խոջալուի 27-րդ տարելիցին նվիրված երթ է կազմակերպվել, որին մասնակցել է ոչ ավելի, քան 10 000 մարդ: Այս տարվա միջոցառումն, այդուհանդերձ, առանձնահատուկ էր նրանով, որ մասնակիցների շարքում էր Ռուսաստանի պետական դուման, քաղաքագիտական եւ  փորձագիտական հանրությունը ներկայացնող պատվիրակություն: Այն գլխավորում էր ՌԴ Դաշնային ժողովի ստորին պալատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ, խորհրդային հանրահայտ մարզուհի Իրինա Ռոդնինան: Պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ցավակցություն հայտնել նրան եւ ադրբեջանական ժողովրդին:

«Ռոսիա 24» Հեռուստաընկերությունը կազմակերպել է միջոցառման ուղիղ հեռարձակում, որի ընթացքում հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից: Վերջինս, մասնավորապես, ասել է, որ Խոջալուում «մարդիկ սպանվել են միայն այն բանի համար, որ ադրբեջանցիներ են»:

Ռուսական հեռուստատեսության թղթակիցը հավաստիացրել է, որ Խոջալուի օրը «Ռուսաստանը սգում է ադրբեջանցիների հետ»: Խոջալուի օրն Ադրբեջանում պետական մակարդակով նշվում է  քառորդ դար: Այդ առթիվ 1994թ. փետրվարի 25-ին հրամանագիր է ստորագրել Հեյդար Ալիեւը: Առաջին անգամն է, սակայն, որ այդ օրը Բաքվում ռուսական կողմը ներկա է գտնվում պաշտոնական պատվիրակության մակարդակով: Ի՞նչ է խորհրդանշում Մոսկվայի այդ ժեստը: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ պարտավոր է Լեռնային Ղարաբաղի հարցով պահպանել չեզոքություն: Բաքու գործուղելով խորհրդարանական բավական ներկայանալի պատվիրակություն՝ Ռուսաստանը հասկանալ է տալիս, որ սատարում է Խոջալուի դեպքերի ադրբեջանական մեկնաբանությա՞նը, այդ հարցում համերաշխվում Ադրբեջանի պետական քարոզչության հե՞տ: Սա շատ վտանգավոր միտում է, եւ հայկական կողմը դիվանագիտական խողովակներով պետք է առնվազն տարակուսանք հայտնի: Հակառակ դեպքում կխտանա տպավորությունը, որ պաշտոնական Մոսկվան հայ-ադրբեջանական պատմաքաղաքական բանավեճում աջակցում է Բաքվի դիրքորոշմանը՝ այստեղից ախանցվող հետեւանքներով հանդերձ: