«Երկվորյակների եռապատում»-ի մեջ չկա մեկը, որ քիչ թե շատ երջանիկ լինի

«Երկվորյակների եռապատում»-ի մեջ չկա մեկը, որ քիչ թե շատ երջանիկ լինի

Շվեյցարացի ֆրանսագիր նշանավոր արձակագիր եւ դրամատուրգ Ագոտա Կրիստոֆի «Երկվորյակների եռապատում»՝ «Հաստ տետրը», «Ապացույց», «Երրորդ սուտը» վեպերը, լույս են տեսել հայերեն։ 

Ա․ Կրիստոֆն իր պիեսներով եւ հատկապես վեպերով կարճ ժամանակում ձեռք բերեց համաշխարհային համբավ։ Նրա վեպերը թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով։ Առավել հայտնի է նրա այս վիպական եռապատումը, որտեղ հեղինակը երկվորյակ եղբայրներ Կլաուսի եւ Լյուկասի ողբերգական ճակատագրով պատմում է Համաշխարհային 2-րդ պատերազմի եւ դրան հաջորդած տասնամյակների ընթացքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների մասին։ «Երկվորյակների եռապատումը» Ա․ Կրիստոֆի 2-րդ գիրքն է հայերեն, որը ֆրանսերենից թարգմանել է արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանը։ 2016թ․ հրատարակված նրա «Հրեշը» պիեսների ժողովածուն դարձյալ լույս է տեսել Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ։ 

Ա․ Թոփչյանն ընդգծում է՝ Ագոտա Քրիստոֆ հեղինակին իր համար հայտնագործել է նախ նրա պիեսներով, որոնք ընդգծված հակաուտոպիստական ուղղվածություն ունեն եւ միաժամանակ պարունակում են աբսուրդի թատրոնին բնորոշ տարրեր։ «Այդ պիեսներում դաժանությունը հանդես է գալիս մարդասիրության քողի տակ, հետեւաբար, մարդն էլ դառնում է բացարձակապես անարժեք միավոր, ասես ականատեսն ենք քաղաքակրթության ավարտին։ Երբ Շվեյցարիայում աշխատում էի պիեսների վրա, զուգահեռաբար ինձ համար հայտնագործեցի նաեւ նրա այդ վեպերը։ Երբ կարդացի, հասկացա, որ մի քիչ պետք է փոխեմ իմ պրոֆիլը, որովհետեւ մինչ այդ դրամատուրգիա էի թարգմանում։ Ի դեպ, Ագոտա Կրիստոֆը նրա իսկական անունն է, եւ լինելով հունգարացի՝ Կրիստոֆը ֆրանսերեն լեզվին այնքան լավ տիրապետեց, որ կարողացավ ֆրանսերեն գրել։ Ու քանի որ շատ պարզ լեզվով է գրել իր վեպերը, ինձ համար դժվար չէր թարգմանել նրան»։ 

Թարգմանիչը խոստովանում է՝ Կրիստոֆի «Երկվորյակների եռապատումը» նրան ցնցել են իրենց անսպասելիությամբ։ Եռապատման մեջ ընդգրկված բոլոր 3 վեպերն էլ մեկը մյուսի շարունակությունն են եւ պարզապես մի վերնագրի տակ հավաքած պատահական վեպեր չեն։ «Դա երկվորյակ եղբայրների մասին է, որոնք պատերազմի հետեւանքով տարբեր երկրներում հայտնվեցին։ Առաջին վեպը, որ կոչվում է «Հաստ տետր», մի օրագիր է՝ գրված իբրեւ թե 2 հոգու կողմից։ 2-րդ․ «Ապացույց» վեպում պարզվում է, որ դա հորինվածք է, եւ նա հորինել է իր երկվորյակ եղբորը, որը չկա։ Եղբայրն օրագիրը գրում է երկուսի անունից, որովհետեւ դա հեշտացնում է նրա գոյությունը։ Հերոսը վերադառնում է իր երկիր, փորձում գտնել եղբորը, 3 անգամ արտագրում է այդ օրագիրը, այստեղ է, որ ասում է՝ գիրքը, որքան էլ տխուր լինի, չի կարող կյանքից ավելի տխուր լինել։ Իսկ թե որտեղ է իրականությունն ավարտվում, եւ սկսվում գեղարվեստը, այդ բոլոր հարցերի պատասխանները տրվում են հենց այդտեղ։ Եռապատումը շատ դաժան է վերջանում։

Հերոսն ի վերջո գտնում է եղբորը, երբ արդեն 60-ին մոտ է լինում։ Նրանցից մեկը՝ այդ փնտրողը, լրիվ մաշված, հյուծված մարդ է, իսկ մյուսը պատերազմի պատճառով խելագարված մոր հետ է ապրում եւ դարձել է հայտնի գրող։ Հերոսը գտնում է երկվորյակ եղբորը, ասում է նրան դրա մասին, ինչին ի պատասխան՝ նա ասում է, որ եղբայր չունի։ Տարբեր պատրվակների տակ, երկվորյակ եղբայրը հրաժարվում է եղբորից, որովհետեւ դժբախտ, բայց կարգավորված կյանքը նախընտրում է նոր ալիքներից եւ չի ուզում անցյալի հետ գործ ունենալ։ «Եռապատում»-ն ավարտվում է եղբայրներից մեկի ինքնասպանությամբ, մյուսն էլ պատրաստվում է դիմել նույն քայլին, եւ ընդհանրապես՝ երեք վեպերում, բոլորը, այսպես թե այնպես, դժբախտ են: Եզրակացությունը մեկն է` նման աշխարհում ոչ ոք չի կարող երջանիկ լինել, եթե իսկապես Մարդ է․․․»,- ասում է Ա․ Թոփչյանն ու տեղեկացնում, որ գիրքն արդեն վաճառվում է «Նոյյան տապան» եւ «Բուկինիստ» գրախանութներում։