Տեսլականն էլ պետք է տեսանելի լինի

Տեսլականն էլ պետք է տեսանելի լինի

Ճիշտն ասած` ես էլ եմ մի անգամ լսել, որ Փաշինյանն ասել է, թե հողերի վերադարձի հարցով ինքը չի բանակցում եւ չի բանակցելու: Արդեն չեմ հիշում, թե բառացի ինչպես ասաց, բայց իմաստը դա էր: Ի՞նչ ասեմ, ահագին հանգստացա, որովհետեւ այդ նույն օրերին արցախյան բանակցություններում կարեւորագույն դերակատար երկրի` Ռուսաստանի մամուլում սկսեցին տեսակետներ շրջանառվել, թե Փաշինյանը վատ է տիրապետում բանակցված հարցերին եւ կարծես հակված է «նորարարությունների», որոնք մինչեւ վերջ ինքն էլ չի պատկերացնում: Եվ երբ Փաշինյանը հայտարարեց, որ հողերի վերադարձի հարց իր օրակարգում չկա, ես իրոք հանգստացա, թեեւ դեռ հարյուր տոկոսով վստահ չէի, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին հաշտեցնելու հովերով տարված, Ալիեւին հարգալից ժեստեր անող վարչապետը կկարողանա խուսափել 30 տարի շարունակ մեր առջեւ դրվող այդ հարցից ու վերջ կդնի հօգուտ Ադրբեջանի հողակապտության հետագա փորձերին:

Եվ ահա նոր առիթ կա անդրադառնալու Փաշինյանի, այսպես ասած, «ոչմիթիզհողական» դիրքորոշմանը, որը, ինչպես ասացի, հաճելիորեն շլացրել էր մեզ ամիսներ առաջ: Առաջ չանցնելով` ասեմ, որ Արցախի Հանրապետության ԱԺ եւ նախագահի ընտրություններին ընդառաջ, Փաշինյանն ստիպված է լինելու ավելի ու ավելի հաճախ անդրադառնալ Արցախին, արցախյան խնդրի կարգավորման գործընթացին, հայկական երկրորդ հանրապետության ղեկավարության հետ ունեցած իր հարաբերություններին, ինչու ոչ՝ նաեւ բացահայտել Արցախի նախագահի իր «սրտի» թեկնածուին: Այս ամենը, բնականաբար, նա անելու է Արցախի հարցի կարգավորման իր տեսլականի «ծիրին մեջ», եւ մենք, հնարավոր է, վերջապես իմանանք, թե այդ հարցում ինչ տեսլական ունի թավշյա հեղափոխության առաջնորդը:

Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը փոփոխական հաջողություններով շարունակում է «վհուկների որսն» Արցախում, հավանաբար` նպատակ ունենալով մի թավշյա բան էլ Արցախում հաջողացնել: Արդեն սպառնացել է, չէ՞, որ թավշյա հեղափոխությունը կարտահանի Արցախ, եթե ԱՀ ղեկավարները չադապտացվեն իրեն ու իր հայաստանյան իրողություններին: Մենք չենք կարծում, որ այս սպառնալիքը հաթաթայից այն կողմ կանցնի, բայց, ինչպես ասում են, սատանան նաեւ հաթաթաների մեջ է։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի հանճարեղ միտք էլ էր նետել շրջանառության մեջ, թե Արցախում որոշ ուժեր դավադրություն են մտմտում, որ հետո ՀՀ իշխանություններին մեղադրեն հողեր հանձնելու մեջ: Ի՞նչ էր սա, եթե ոչ Արցախի դեմ նոր պատերազմի կամ արցախյան խնդրի ոչ նպաստավոր լուծման դեպքում «ավանսով» մեղավորներ մատնանշելու պարզունակ փորձ: Ի՞նչ ասեմ, մարդը պետք է հասկանա, որ Արցախի հարցում գլուխ պրծացնել ոչ մեկին չի հաջողվելու, որ ազատագրված տարածքները վերադարձնելուց, Արցախի անկախությունը զիջելուց հետո մեղավորներ փնտրելը դառնալու է միանգամայն անիմաստ զբաղմունք: Ասենք նաեւ, որ Հայաստանում դեռ չի ծնվել այն մարդը, ով իր «արտառոց» ինտելեկտի, ճարպկության կամ այլեւայլ մանիպուլյացիաների շնորհիվ կգնա զիջումների եւ, այդուհանդերձ, կշարունակի հորջորջվել Հայաստանի ղեկավար:

Հունիսի 5-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական «մտահոգությունների» սրացման հերթական օրն էր: Սուր սլաքները դարձյալ ուղղված էին Արցախի ղեկավարությանը, իսկ ավելի ստույգ` Բակո Սահակյանին: Փաշինյանը լրագրողներին նախ ցնցող նորություն հայտնեց (իր խոսքով` աննախադեպ), թե ՀՀ ղեկավարներից առաջին անգամ ինքն է բանակցային գործընթացի եւ բանակցված նյութի մասին տեղյակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապա նշեց, որ փակ ձեւաչափով շարադրել է նաեւ Արցախի հարցի լուծման իր տեսլականը, որի հետ համաձայնել են բոլորը: Անկեղծորեն ուզում էի ծափահարել, բայց մեկ էլ սկսվեց «սրացումը». «Եվ երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են՝ ասելով, որ էս կառավարությունը հողեր ա ծախում, իմ մոտ հարց ա առաջանում՝ ես էս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել ու խոսել եմ, թե ինչ պայմաններով պետք է գնանք առաջ։ Եթե էս մարդը դուրս ա գալիս ու իր օգնականին ասում ա՝ գնա Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա դա անում, եթե ինքը հարյուր տոկոսով գիտի, թե ինչ ա կատարվում։

Ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ ա կատարվում, ինչ են մտածում եւ ինչ են ուզում անել… Հինգ անգամ հարցրել եմ՝ տեղյա՞կ եք՝ ինչ ա բանակցվել, ինչ ա պայմանավորվել, իրանք տեղյակ չեն եղել։ Եվ իրանք դրանից հետո գնում են իրենց օգնականների սոցիալական ցանցերում, նույնիսկ անձամբ, գրում են՝ էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը հողեր է հանձնում: Ինչի՞ համար են դա անում»: Ըստ էության, Փաշինյանը շատ լուրջ դավադրության մասին ակնարկեց, ինչից կարելի է ենթադրել, որ առաջիկա օրերին նա պարզապես պետք է ներկայանա ԱԱԾ եւ բացատրություններ տա, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ կամ հանրահավաքի ձեւաչափով հանրությանը ներկայացնի Արցախի հարցի լուծման իր տեսլականը, որի հետ համաձայնել են Արցախի ղեկավարները, ենթադրաբար, նաեւ համայն հայությունը: Հակառակ պարագայում մենք չենք կարող ճիշտ կողմնորոշվել` արդյոք, Փաշինյանի այս հայտարարությունը դասել նրա մնացած «ճշմարտախոսությունների» շարքի՞ն, թե՞ հավատալ Բակո Սահակյանի կտրուկ հայտարարությանը, որ հետեւեց նույն օրը տված նրա հարցազրույցում:

«Ե՛վ հիմա, ե՛ւ նախկինում ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին: Ընդհանրապես ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն եւ գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումն է` Արցախի անմիջական մասնակցությամբ… Մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, եւ անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ, լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում»,- ասել է Բակո Սահակյանը: Դժվար չէ, կարծում ենք, հասկանալ, որ Արցախի Հանրապետության նախագահն արդեն ոչ թե փակ, այլ բաց տեքստով ասում է՝ Արցախի ղեկավարության հասցեին նրա «մեղադրական հայտարարությունները» ոչ միայն չեն նպաստում բանակցությունների լիարժեք ձեւաչափը վերականգնելուն, այլեւ խարխլում են մեր միասնականությունը:

Հայաստանի ու Արցախի իշխանությունների այս «ջերմ ու բարեկամական» հարաբերությունների պայմաններում էլ Արցախը գնում է ընտրությունների: Արդեն իսկ սպասելի է, որ 2020 թվականի արցախյան ընտրությունները, առաջին անգամ պատմության մեջ, վերածվելու են Աբովյանի ասած` «էշի հարսանիքի», որովհետեւ Փաշինյանը «զադնի սկորոստ» չունի, իսկ արցախցիներն էլ հայտնի կենդանուց ավելի համառ են` իրենցն առաջ տանելու հարցում: Փաշինյան-Սահակյան փոխհրաձգությունից հետո ես արդեն չեմ նախանձում այն թեկնածուին, որին կսատարի Փաշինյանը` փորձելով վերեւից թավշյա հեղափոխություն անել Արցախում: Կարծում ենք` Փաշինյանը, այնուամենայնիվ, կաշխատի շատ չակտիվանալ, մանավանդ արդեն գիտի, թե ՄԽ համանախագահող երկրներում ինչպիսի վերաբերմունք կա Լեւոն Տեր-Պետրոսյանից փոխառած «տեսլականների» եւ «թավշյա հեղափոխության» նկատմամբ:

Փաշինյանը, որին սարսափելի զայրացնում էին հայաստանյան ընտրություններին Արցախից «միջամտելու» փորձերը, որեւէ բարոյական իրավունք չունի իր հայտարարություններով այնպես խառնակել նախընտրական իրավիճակն Արցախում, որ շունը տիրոջը չճանաչի: Ի դեպ` առաջին խառնակիչներն արդեն Արցախում են` Արցախի մանդատը տանք Ռուսաստանին, Արցախը հայտարարենք Հայաստանի մարզ, մի նախագահ ընտրենք, որ Փաշինյանի հետ ջերմ հարաբերություններ ունենա… Հանգիստ նստեք տեղներդ։ Պարոն Փաշինյան, թույլ տվեք` Արցախն ընտրի իր պառլամենտն ու նախագահին, որ հետագայում էլ կարողանա պահանջել այն, ինչի համար պայքարել է` ամեն մի փոքրիկ նվաճում հատուցելով մեր զավակների արյամբ: