Հետապնդման ենթարկվող կամավորական համայնքապետը

Հետապնդման ենթարկվող կամավորական համայնքապետը

Նոյեմբերի 9/10-ին Արցախի և Հայաստանի կապիտուլյացիային համաձայնություն տված իմքայլական վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր ենթակայության տակ գտնվող կառույցները (ոստիկանություն, քննչական կոմիտե) հետապնդումների շարք են սկսել Սյունիքի մարզի համայնքապետերի նկատմամբ։

Նշենք, որ կապիտույացիոն համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ նախատեսվում է Սյունիքի Մեղրի համայնքով անցնող միջանցք, որը պետք է միացնի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի մնացյալ հատվածին։ Սրան զուգահեռ գործող իշխանությանների իմպոտենտության հետևանքով ադրբեջանական կողմը կարողանում է հատվածներ «քերել» նաև Հաայստանի տարածքներից, այդ թվում՝ Սյունիքի մարզից։

Ստեղծված իրավիճակում ի թիվս այլ համայնքների՝ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Գորիս, Սիսիան, Քաջարան խոշորացված համայնքները նույնպես հանդես եկան Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ։  

Իսկ Գորիս համայնքի ղեկավար, արցախյան պատերազմի մասնակից Առուշ Առուշանյանի նկատմամբ հետադնումների շարանը սկսվեց իր կոչից հետո։ Դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը ծրագրել է այցելել Սյունիքի մարզ։ Այցի նախօրեին Առուշանյանը կոչ արեց գորիսեցիներին միանալ կամավոր շարժերթին՝ նշելով, որ դեկտեմբերի 21-ի «առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։ «Սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը», - հայտարարել էր համայնքապետը։ 

Այս հայտարարությունից ժամեր անց, հաջորդ օրը վաղ առավոտյան՝ Փաշինյանի այցի օրը, ոստիկանությունը բերման ենթարկեց ու ձերբակալեց Առուշանյանին, որից հետո նրան տարան ՀՀ քննչական կոմիտե։ Ակնհայտ է Լեռնային Ղարաբաղի 45-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ժամանակի մեծ հատվածը սահմանին անցկացրած համայնքապետի նկատմամբ նախաձեռնված հետապնդման քաղաքական բաղադրիչը, քանի որ, այսպես կոչված, իրավապահ մարմիններն իր մասին «հիշեցին» միայն մեծամասնության կողմից մերժված վարչապետի հետ կապված հայտարարությունից հետո։ 

Կասկածելի էր նաև ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը կապված Առուշանյանի հետ։ Նշենք, որ Քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Կառավարությունը ՀՀ վարչապետի ներկայացմամբ։ 

Առավոտյան Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածելուց առաջ և հետո դեռևս մեղադրանքը չի ներկայացրել պաշտպանական կողմին։

«Այդ տեղեկությունները, թե մեզ մեղադրանք է ներկայացվել, իրականության հետ աղերս չունեն։ Ժամը 17։00-ի համար ես ծանուցագիր եմ ստացել, որտեղ նշված է, որ Առուշանյանի հետ միասին ներկայանամ, որպեսզի մեզ մեղադրանք առաջադրեն, ու նոր գործողություններ կատարեն։ Մինչ այս պահը, պաշտոնապես հայտարարում եմ, որևիցե մեկը մեզ որպես մեղադրյալ ներգրավելու որոշում չի տրամադրել, մեզ մեղադրանք չի առաջադրել։ Բայց հատկանշականն այն է, որ 17։00-ին են մեզ կանչել, որպեսզի մեղադրանք առաջադրեն, մինչդեռ նախապես երեկ դատարան մուտք է արվել Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Սկզբում 12 անց 40-ին էր նշանակվել դատական նիստը, հիմա 18։00-ին են նշանակել։ Մենք չգիտենք՝ այդ ինչ կայծակնային արագությամբ մենք պետք է լինենք Քննչական կոմիտեում, մեզ մեղադրանք առաջադրեն, մենք հասկանանք՝ ինչի մեջ ենք մեղադրվում, մեր իրավունքները բացատրենք, ցուցմունք տանք, որից հետո կալանքի միջնորդությանը ծանոթանանք, այդ միջնորդության փաստաթղթերի հետ ծանոթանանք և 18։00-ին հայտնվենք դատարանում, մի րոպե չուշանանք, որ այդ ժամանակ էլ չասեն՝ «խոչընդոտում է»։ Ցավոք սրտի, վարույթ իրականացնող մարմինն այս ձեռագիրն է որդեգրել, որն իրականություն է արդեն»,- մարամասնեց պաշտպանը։ 

Դիտարկմանը, որ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է Առուշանյանի շուրջ ձևավորված մեղադրանքը, Արմեն Մելքոնյանն արձագանքեց, որ ՔԿ-ի կայքն ուսումնասիրելու պարտականություն չունի։ «Կկանչեն, կհանձնեն, կկարդամ, կիմանամ՝ ինչի մասին է խոսքը։ Ի՞նչ է նշանակում՝ «Քննչական կոմիտեի կայքում հրապարակվել է»»,- շեշտեց նա։  

- Քննչական կոմիտեն ինչ-որ խախտումների մասին է գրել, որ կատարել է Առուշանյանի հիմնած ընկերությունը։

- Առուշ Առուշանյանը 2017 թվականից մինչ այժմ համայնքապետ է, և ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել ու չի զբաղվում։ Մինչ այդ զբաղվել է, բայց իր ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններ կան, որոնք միայն երկիրը շենացնելուն ուղղված գործողություններ են արել։ Հազարավոր անգամներ այդ ընկերությունները ստուգվել են պետական մարմինների կողմից, արդյունքում վերջում միայն շնորհակալագիր են տվել։

- Խուլիգանական քայլերի մասին է նաև գրել կոմիտեն։

- Ես տեղյակ եմ հարուցված մեկ քրեական գործից, մոտ 7 ամիս առաջ գնացել ենք, Առուշանյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է, որից հետո առերեսվել է մի անձի հետ, որը, ցավոք սրտի, իր ազգականն է։ Ձեզ համար էլ բացեցի փակագծերը։ Անձը, որը 33 միլիոն դրամ գումար է հափշտակել, մի ճանապարհ է բռնել, որպեսզի այդ գումարը չվճարի։ Հիմա հազար բան կարող է ասել, քննությամբ կպարզվի, և եթե 7 ամիս շարունակ քննություն է արվում և Առուշանյանին բացի վկա կարգավիճակից այլ բան չի տրվում, հիմա հանկարծ այս ամեն ինչից հետո իշխանությունները որոշեցին, որ Առուշանյանը դուրս գա, կխոչընդոտի՞ քննությանը, հա՞։

- Նաև դեկտեմբերի 20-ի կոչի համար են մեղադրանք առաջադրել, հավաքների մասին օրենքի խախտում։ Առուշանյանը կոչ էր արել «չակերտավոր» վարչապետին թույլ չտալ մտնել Սյունիքի մարզ, այս մասով ի՞նչ կասեք։

- Ես կարող եմ միայն մի բան փաստել։ Դատարանը գտավ, որ Առուշանյանի ձերբակալումն իրավաչափ չէ, և անհապաղ որոշում կայացրեց Առուշանյանին ազատ արձակելու։ Առուշանյանը երեկ երեկոյան ազատ արձակվեց, իսկ այլ հարցեր չենք էլ հասցրել քննարկել։

Հավելենք նաև, որ երեկ «Հրապարակը» գրել էր, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Հրաժարականի պատճառն, ըստ մեր աղբյուրի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործն է։ Նա հրաժարվել է մասնակցել այդ ապօրինի հետապնդմանը, ասելով, որ՝ մարդը զենքով իր տունն է պաշտպանում, իսկ մենք կեղծ գործ ենք հարուցում՝ Փաշինյանի կարգադրությամբ։ Պողոսյանին պարտադրել են գործը քննել եւ մտնել դատարան՝ կալանքի սանկցիայով, վերջինս հրաժարվել է եւ դիմում գրել»: