Ո՞վ է մեղավոր

Ո՞վ է մեղավոր

Ո՞վ է պատասխանատու մեր այսօրվա վիճակի համար՝ երբ թշնամին մտել է Սյունիք ու Գեղարքունիք: Կարծես անիմաստ հարց է՝ իհարկե, Հայաստանի Հանրապետության իշխանությունը, հատկապես՝ նրա ղեկավար, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյան Նիկոլը: Իսկ ո՞վ է իրավիճակի թիվ մեկ մեղավորը: Ըստ փաշինյանական մտածողության՝ բոլորը, բացի թիվ մեկ պատասխանատու Փաշինյանից: Բոլորը, քանի որ ինքը՝ Փաշինյանը, դեռևս չի որոշել, թե ով պետք է լինի մեղավորն այս դեպքում: Իսկ մենք դրա կարիքը չունենք՝ մենք գիտենք, թե ով է մեղավորը, ու դա հենց Փաշինյանն է:

Բայց Փաշինյանը չէ միակ մեղավորը, և այս հարցում առաջին մեղավորին պետք է փնտրել Ղարաբաղյան շարժման կամ դրա հիման վրա ձևավորված ՀՀՇ-ի շարքերում: 30 տարի առաջ «Միացում» կարգախոսի ներքո իշխանության եկած երիտասարդների մի մասը, և հատկապես անկախացած երկրի առաջին ղեկավար Տեր-Պետրոսյանը, Արցախյան առաջին ազատամարտից անմիջապես հետո մտածում էր, որ պետք է հրաժարվել հաղթական պատերազմի արդյունքներից, որպեսզի հայաստանյան «սերգոջանները» լավ ապրեն: «Մերն ուրիշա» ժողովրդական խոսքը հենց այդ հարցում է իրեն դրսևորել առավելագույն չափով, քանի որ ես տեղյակ չեմ որևէ այլ դեպքի, երբ հաղթանակող պետության ղեկավարն ինքնակամ հրաժարվի դրա արդյունքներից: Հետագայում այդ մտայնությունը հասցրեց նրան, որ ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության բերված Նիկոլը հանձնեց թշնամուն հաղթանակի պտուղներն ու այսօր Սյունիքում ու Գեղարքունիքում շարունակում է այդ գործընթացը;

Եվ իրադրության ողջ ողբերգականությունը կայանում է նրանում, որ խայտառակ պարտությունից շոկ ապրած նույն այդ ժողովուրդն արագ մոռացավ Արցախի համարյա թե ամբողջական կորստի ցավը: Իսկ ժողովրդի մի մասն էլ ուղղակի բավարարվեց այդ արդյունքով՝ նրանց զավակներն այլևս չէին ծառայելու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: (Փակագծերում հիշենք պատերազմից հետո ծնողների բողոքի ցույցերն իրենց զավակներին Արցախ ուղարկելու դեմ): Բավարարվեց, առանց գիտակցելու, որ Արցախի կորստից հետո վտանգավոր է դառնալու հենց ՀՀ սահմաններ պաշտպանելը: Իսկ դա տեղի չէր ունենա, եթե ՀՀ առաջին նախագահն ու նրա հոգեզավակ Փաշինյանը տարիներ շարունակ (վերջինս իր թերթում և խորհրդարանական ելույթներում) աշխարհի բոլոր մեղքերի մեջ չմեղադրեին «ղարաբաղյան կլանին»՝ ժողովրդի մեջ բացասական վերաբերմունք սերմանելով ղարաբաղյան ամեն ինչի նկատմամբ:

Մեղավոր են նաև ուժային բոլոր կառույցների ղեկավարներն ու խորհրդարանական «իմքայլական» ողջ խառնամբոխը, որոնք անձնական կամ խմբակային շահերը գերադասում են հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունից: Եվ մեր պարտությունները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան ժամանակ մենք կունենանք Փաշինյան Նիկոլ անվանյալ երկրի ղեկավար ու նրան ծառայող բազմաթիվ կամակատարներ: Մեր փրկությունը տվյալ դեպքում մեր ժողովրդի գիտակից մասի հավաքական ուժի մեջ է: Եվ կամ մեղավոր կլինենք մենք բոլորս, եթե չկարողանանք իշխանությունից հեռացնել հանցավոր այդ կլանին: