Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանք

Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանք

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրն ի մի ենք բերել եվրոպացի պաշտոնյաների արձագանքը տեղի ունեցածի կապակցությամբ։ Չնայած տարբեր անձանցից ու կառույցներից հնչող դատապարտող կոչերին՝ Բաքուն 2022 թ․ դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատրվակով շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը՝ զրկելով Արցախին Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից։ Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկվել են ազատ տեղաշարժի հնարավորությունից եւ ապրում են աղետալի պայմաններում, ոտնահարվում են նրանց հիմնարար իրավունքները, իսկ Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրախորհրդարանի, ՄԻԵԴ-ի, Հաագայի դատարանի ու այլ միջազգային կառույցների պահանջները, շարունակում է իրագործել արցախահայության էթնիկ զտման, սադրանքի եւ ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ 

Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերին Լաչինի միջանցքի ապաարգելափակման կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը:

Անվերապահ բացել Լաչինի միջանցքը․ կոչեր ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներից

Ռոբերտ Վուդ (ՄԱԿ-ում ԱՄՆ հատուկ քաղաքական հարցերով ներկայացուցչի տեղակալ) - ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակմամբ եւ դրա հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակով։ Այն հետ է մղում խաղաղության գործընթացը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը եւ միջանցքի անվտանգության համար պատասխանատու կողմերին՝ հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Միջազգային հանրությունն էլ պետք է իր դերը կատարի այս հարցում: Վաշինգտոնը, գործընկերների հետ համակարգմամբ, պատրաստ է դյուրացնել կողմերի միջեւ երկխոսությունը:

Աննա Եվստիգնեեւա (ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ) - Մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակման մասին հաղորդագրություններով՝ պայմանավորված տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջեւ տարաձայնություններով: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, որնը արդյունավետորեն կատարում է իր պարտականությունները: Հայտարարությունը ստորագրելիս կողմերը համապատասխան պարտավորություն են ստանձնել, որոնք պետք է կատարվեն, այդ թվում՝ որպեսզի քաղաքացիական բնակչության համար խնդիրներ չառաջանան: ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի մոտ ապագայում:Ռուսական կողմը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։ 

Նատալի Բրոդհերսթ (ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ) - Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են: Մարդասիրական հետեւանքներն օրեցօր վատթարանում են:

Ֆրանսիան կոչ է անում՝ կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ընդգծում, որ, Ադրբեջանի հանձնառության համաձայն, Լաչինի միջանցքով պետք է երաշխավորվի մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղությամբ: Ֆրանսիան նաեւ կոչ է անում՝ հասանելիություն ապահովել մարդասիրական կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների համար: Փարիզը կշարունակի սատարել կողմերի միջեւ երկխոսությանն ուղղված ջանքերին:

Ջեյմս Կարիուկի (ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ) - Ուրախ ենք, որ գազամատակարարումը վերականգնվել է, սակայն շարունակում ենք հորդորել, որ միջանցքը վերաբացվի։ Լաչինի միջանցքը մեկ շաբաթից ավելի է՝ փակ է, մարդասիրական վտանգներ են առաջացել՝ հատկապես ձմռան ամիսներին։ Բրիտանիան կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ եւ աջակցում է բանակցային ջանքերին:

Գեն Շուանգ (ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ) - Հավատացած ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Հուսով ենք՝ Ռուսաստանի եւ այլ մտահոգ կողմերի միջնորդությամբ խնդիրը կհանգուցալուծվի։ Չինաստանը խրախուսում է վեճերի կարգավորումը՝ միջազգային իրավունքի հիման վրա։

Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ) - «2022 թվականի դեկտեմբերի սկզբից Եվրամիությունն ուշադիր հետեւում է Լաչինի միջանցքի շուրջ իրադարձությունների զարգացմանը եւ լրջորեն անհանգստացած է մնում տեղաշարժի ազատության շարունակական սահմանափակումներով ու կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումների խափանմամբ: Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել՝ ձեռնարկել այն միջոցները, որոնք իր իրավասության շրջանակում են՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների»: 

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է նաեւ Ռուսաստանի պատասխանատվությունը, որի խաղաղապահ զորախումբը, նույն եռակողմ հայտարարության համաձայն, վերահսկում է Լաչինի միջանցքը:

***
Բրազիլիան, Նորվեգիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեքսիկան, Գանան, Քենիան, Գաբոնը եւ ՄԱԿ-ի այլ անդամ երկրներ նույնպես կարեւորել են Լաչինի միջանցքով երթեւեկության վերականգնումը՝ հորդորելով երկխոսել՝ կարգավորելու առկա խնդիրները եւ դասեր քաղել անցյալից:

Մարտին Գալահեր (ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական ներկայացուցչի տեղակալ) - Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ եւ առանց նախապայմանների վերականգնել ազատ եւ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։
Ժամանակն է լիցքաթափման, ժամանակն է՝ զսպելու հռետորաբանությունը եւ զերծ մնալու սպառնալիքներից ու սադրանքներից, ժամանակն է՝ շարունակելու հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային անտեղի կորուստները։ Իռլանդիան սատարում է խնդիրների համապարփակ եւ կայուն հանգուցալուծմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակի հստակեցմանը։ Լիակատար աջակցություն ենք հայտնում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին:

Ֆերիթ Հոջա (ՄԱԿ-ում Ալբանիայի մշտական ներկայացուցիչ) - Մենք գիտակցում ենք՝ որքան կարեւոր է ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ երկու երկրների համաձայնություններին համապատասխան: Ինչ վերաբերում է բնական պաշարների շահագործման հետ կապված մտահոգություններին, Ալբանիան կոչ է անում երկու կողմերին՝ բանակցել եւ գտնել լուծումներ: Պրահայում հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ ԵՄ դիտորդներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահման: Սա ճիշտ ուղղություն է:
***
Անվտանգության խորհրդում նախագահող Հնդկաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռագուտահալի Ռավինդրան նույնպես կոչ է արել՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ 
«Նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության միջոցով»,- եզրափակել է Ռավինդրան:

***
ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտի թվիթերյան գրառումը․ «Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են»,- Ֆրանսիայի նախագահին եւ կառավարությանը ներկայացնող, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը՝ Ֆրանսիայի հայկական ասոցիացիայի ամենամյա ընթրիքին։

Ֆրանսիացի պատգամավոր Անն-Լոուրենս Պետել - Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը հայերի համար դարձնել ապրելու համար անհնարին, ստիպել նրանց հեռանալ, նախքան ներխուժումը. սա է ռազմավարությունը: 
1) ԵՄ-ն եւ Ֆրանսիան պետք է պահանջեն դադարեցնել միջանցքի արգելափակումը։ 
2) Շտապ պետք է իրականացնել նոր առաքելություն:

Ի դեպ, Պետելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ ԵՄ էներգետիկ հարցերի հանձնակատար Քադրի Սիմսոնին կոչ է արել՝ դադարել սիրաշահել բռնապետներին։
«Բավական է խայտառակել Եվրամիությունը։ Մեզ ադրբեջանական գազ պետք չէ։ Մենք պետք է վերականգնվող էներգիա արտադրենք ԵՄ-ում եւ պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,- նշել էր ֆրանսիացի պատգամավորը:

Բացի այդ, 2022թ․ դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի պառլամենտում մեծամասնություն կազմող «Վերածնունդ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը գրավոր հարցապնդում է ուղարկել Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային՝ Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական մշտական առաքելության տեղակայման եւ ընդհանրապես՝ ՌԴ զինված ուժերի ակնհայտ ձախողման պայմաններում հայերի անվտանգության երաշխավորման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։ Նշված հարցապնդումը ստորագրել է Ֆրանսիայի ազգային ժողովի 22 պատգամավոր:

Այս համատեքստում պատգամավորները Կատրին Կոլոննային խնդրում են նշել․ 

1․ Արդյո՞ք Ֆրանսիան առաջարկ արել է տարածաշրջանում մշտական դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ

2․ Ի՞նչ կոնկրետ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Ֆրանսիան ՌԴ զինված ուժերի ակնհայտ ձախողման պայմաններում Հարավային Կովկասի հայության անվտանգության երաշխավորման ուղղությամբ։