Ով ուզում է լինի, չեն կարող, ուշ-շուտ` ետ կվերցնենք. Արա Աբրահամյան

Ով ուզում է լինի, չեն կարող, ուշ-շուտ` ետ կվերցնենք. Արա Աբրահամյան

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Արամի փողոցի 32 հասցեում գտնվող շենքի՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի՝ 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման օրինականության վերաբերյալ: Վարույթը հարուցվել է այն հիմքով, թե՝ ժամանակին այն սեփականաշնորհվել է ցածր գնով: Այդ տարածքի եւ շինության սեփականատերը Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանն է: Մամուլը գրում է, որ այդ տարածքի նկատմամբ հավակնություններ ունի Խաչատուր Սուքիասյանը, ով ցանկանում է թուրքական ինչ-որ ընկերության հետ այդտեղ բիզնես կենտրոն զարգացնել:

«Սփյուռքի ձայնին» տված հարցազրույցում Արա Աբրահամյանն ասում է. «Հողատարածքը գնել ենք այն գնով, որով վաճառել են: Ինչպես մարդը գնա խանութ, ինչ որ բան գնի, հետո ետեւից գան իրավապահներն ու ասեն՝ դու օրենք ես խախտել, էժան ես գնել: Սա պետություն է, քաղաքապետարանը վաճառել է, մենք էլ գնել ենք: Մի բան էլ. մենք շենքը գնել ենք շատ թանկ գնով,  ենթադրենք՝ ինչ-որ մեկը, տվյալ դեպքում՝ պետությունը սխալ է թույլ տվել, հարց. ինչու՞ են ուզում  ետ վերցնել, վերցնում եք, որ ի՞նչ անեք, մենք ծրագիրն ունենք, աշխատում ենք: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կգա մեզանից լավ կաշխատի: Թույլ տվեք մենք կառուցենք: Նախ, չի կարելի նման բանը առանց հիմնավորման աշխարհով մեկ տարածել: Ես տարբեր երկրներում ներդրում եմ անում, դա հեղինակության հարց է: Գոնդուրասում էլ նման բան չկա, իրենք պետականության զգացողություն չունեն: Մենք պետք է դատի տայինք, որ այսքան ժամանակ թույլ չեն տալիս, որ մենք կառուցենք: Դիմում ենք քաղաքապետարանին, որ այնտեղ մեծ Եվրասիական կենտրոն կառուցենք, իր հյուրանոցով, իր ամեն ինչով: Թույլ չեն տալիս»:

Դիտարկմանը, թե այդ տարածքում տասը տարուց ավելի է, որ ոչինչ չի արվում, ժամանակին ասում էին, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն Է խանգարում, Աբրահամանը պատասխանեց.«Մենք միշտ աշխատել ենք օրենքի սահմաններում, պարտաճանաչ հարկեր ենք վճարել: Բայց թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, եւ թե ներկա իշխանության օրոք միշտ հարկայինը տարբեր ստուգումներ է անցացնում մեր մոտ: Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016-ին, թույլտվություն տվեցին 15 հարկանի շինության համար: Հետո քաղաքապետարանը խոչընդոտներ ստեղծեց: Այս իշխանությունը ասում է՝ չի կարելի, պետք է 3 հարկանի լինի: Հիմա ասում ենք՝ թույլ տվեք գոնե փոսը ծածկենք 12 մ խորությամբ փոս ենք փորել, տեխնիկան բերել ենք, որոնք այս 15 տարվա մեջ անձրեւի ու ձյան տակ փչացել է: Միշտ մեզ խոչընդոտել են: Ես ունեմ բոլոր գրավոր փաստերը, թե որտեղ ինչ եմ դիմել եւ ինչ են մերժել: Հետո էլ ասում են, թե Արա Աբրահամյանը փող չունի, որ կառուցի: Իմ բարեգործական գումարների մասին իմացողը նման բան չի ասի»: Իսկ Խաչատուր Սուքիասյանի հավակնությունների մասին էլ ասաց. «Ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել, դե սա կենտրոն է, շատ մարդիկ կցանկանան: Դե, ուրեմն մի բան որոշել են, էլի: Իրենց համար օրենք չկա, «պա պանյատիու» երկիր են ղեկավարում: Գուցե՝ ժամանակավոր ինչ-որ բան կարողանան անել, բայց դա հնարավոր չի, ով ուզում է լինի, անուն չեմ ուզում տալ, շուտ ուշ մենք դա ետ կվեցնենք, որովհետւ կան նորմալ մարդիկ, իսկ իրենց իշխանությունը հավերժ չի: Կգա ժամանակ, օրենքը կսկսի աշխատել»:  

Արա Աբրահամյանի հետ հարցազրույցը կարող եք դիտել «Սփյուռքի ձայնի» եթերում, այսօր երեկոյան: