Իրատեսակա՞ն է, արդյոք, մեկ օրում 10 մլն ծառ տնկելը

Իրատեսակա՞ն է, արդյոք, մեկ օրում 10 մլն ծառ տնկելը

«Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասցնի 2020-ի հոկտեմբերի 10-ին, եւ այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ՝ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետությունում»,- «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի ժամանակ հայտարարել էր վարչապետը՝ բեմ հրավիրելով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։

Ի դեպ, այս գաղափարն էլ նոր չէ՝ 2006 թվականին Աղվան Հովսեփյանը «Միասնության ծառատունկ» էր անում Ապարանում, որի ժամանակ հազարավոր ծառեր տնկվեցին, եւ մեծ թվով մարդիկ մասնակցեցին։ Իսկ որքանո՞վ է իրատեսական այս ծրագիրը, կկարողանա՞ն 10 մլն ծառ տնկել հաջորդ տարվա 10-րդ ամսի 10-րդ օրը՝ երեկ կառավարության նիստից հետո հարցրինք շրջակա միջավայրի նախարարին։ «Այո, եթե հնարավոր չլիներ, մենք կասեինք, որ դա հնարավոր չէ անել, ապա այդ հայտարարությունը չէր արվի»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։

- Այսինքն՝ Ձեզ հետ քննարկել, խորհրդակցե՞լ էր վարչապետը։

- Կարծում եք՝ առանց խորհրդակցելո՞ւ պետք է լիներ այդ հայտարարությունը։

- Չի բացառվում, վարչապետը երբեմն կարող է նաեւ անել հայտարարություն՝ սեփական նախաձեռնությամբ։

- Ոչ, դա քննարկվել էր։

- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ ծրագրի իրագործումը ֆիզիկապես։

- Մեծամասնությունը կիրականացվի անտառային տարածքներում, լայն կոնսոլիդացիա կլինի Հայաստանից, սփյուռքից, ամբողջ համահայկական շատ կարեւոր միջոցառում է լինելու։

- Այսինքն՝ համազգային ծառատո՞ւնկ է լինելու։

- Այո։

- Մեկ օրում ամբողջ հանրապետությունում պետք է 10 մլն ծա՞ռ տնկվի, մենք ունե՞նք այդքան բնակչություն։

- Դուք տեղյա՞կ եք՝ հիմա ծառերը ոնց են տնկվում։

- Իմ տնկած ծառերը միշտ եղել են բահով փորելով, տնկելով ու հետո դրանք ջրելով։

- Հիմա այդպես չէ։ Օրինակ՝ հիմա որոշ գործիքներ կան, որ եթե հողը նախապատրաստված է, ուղղակի տեղադրում եք ծառը, հերթով շարելով գնում եք, անտառային տարածքներում որոշակի խտությամբ է դա տեղի ունենում՝ մեկ հեկտարում մոտ 1000 տնկի․․․ մենք կարծում ենք, որ դա հնարավոր է, եւ մենք դա կանենք։

- Իսկ ի՞նչ տնկիներ են լինելու, ներկրվելու են դրսի՞ց, թե՞ մեր տնկիներն են։

- Մի մասը մեր տնկիները կլինեն, մի մասը կներկրվի մեր հարեւան երկրներից, մի մասը՝ ԵԱՏՄ անդամ երկրներից։ Այն տնկիները կլինեն, որոնք բնորոշ են Հայաստանին։

- Իսկ ֆինանսական առումով ի՞նչ բեռ կնստի դա պետության վրա։

- Կարծում ենք, որ շատ լայն ներգրավվածություն կլինի ե՛ւ մեր միջազգային գործընկերներից, ե՛ւ սփյուռքից։

- Կոնկրետ տարածքներն արդեն կա՞ն նախանշված, թե որտեղ են տնկվելու ծառերը։

- Այո, որոշ մասն արդեն հստակ է․․․ մեր անտառային տարածքներում՝ Լոռի, Տավուշ, Սյունիք, նաեւ շատ ավելի լայն կլինի, իհարկե։

- Ի դեպ, մենք գրել էինք, որ Իջեւանում ինչ-որ անձինք այրում են անտառները՝ հայտարարելով, որ եթե թույլ չեն տալիս ծառ կտրել, ուրեմն իրենք կայրեն անտառը։

- Ով որ այդպիսի հայտարարություն է արել, կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է իրենով զբաղվի։