Եթե Հրայր Թովմասյանը հանցանք է գործել, ապա նույնն արել են Փաշինյանը, Միրզոյանը

Եթե Հրայր Թովմասյանը հանցանք է գործել, ապա նույնն արել են Փաշինյանը, Միրզոյանը

Հրայր Թովմասյանին չեզոքացնելու «Իմ քայլի» ձախողված օպերացիայից հետո իշխանությունը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ պայքարի է դուրս եկել «մարտեր՝ առանց կանոնների» ոճում։ Մի կողմից՝ քրեական գործ հարուցվեց Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, որն իրավաբաններն անհիմն են համարում, մյուս կողմից՝ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն «զրույցի» է հրավիրել Թովմասյանի դեռահաս դուստրերին եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող 75-ամյա հորը։

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է․ «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հայաստանի գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերեւույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն»: Պատգամավորը փորձել է հիմնավորել, որ Հրայր Թովմասյանը չէր կարող դառնալ ՍԴ անդամ, ապա՝ ՍԴ նախագահ, քանի որ պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում չէր ներկայացրել եւ պատգամավոր լինելով՝  միաժամանակ նաեւ ՍԴ անդամ էր, ինչն օրենքով արգելված է, քանի որ Սահմանադրությունը պատգամավորին թույլ չի տալիս զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ այլ մարմիններում ու առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

Բաբաջանյանը կարծում է, որ նախապես ծրագրված օպերացիա է գործել, դրանով է պայմանավորված, որ ՍԴ նախագահի պաշտոնից՝ իր լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ հեռացավ Գագիկ Հարությունյանը, որպեսզի Թովմասյանն այդ պաշտոնը ստանձնի 2018 թ․ ապրիլի 9-ից առաջ, մինչեւ Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Արդյունքում  Թովմասյանի վրա տարածվեց ոչ թե 2015-ին ընդունված Սահմանադրության դրույթը, այլ՝ 2005-ինը, եւ ՍԴ նախագահն ընտրվեց ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչեւ 65 տարեկան դառնալը: 
Մենք տեղեկացանք, որ Բաբաջանյանը փորձել է այս նախաձեռնության շուրջ համախմբել խորհրդարանում ներկայացված այլ ուժերի, սակայն ԲՀԿ-ն եւ «Լուսավորը» մերժել են, իսկ «Իմ քայլը» դեռ պատասխան չի տվել։

ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը մեզ փոխանցեց․ «Մենք գտանք, որ այդ դիմումում ներկայացված իրավական հիմքերը բավարար չեն։ Եթե Բաբաջանյանը պնդում է, որ ՍԴ թեկնածու է եղել եւ վայր չի դրել պատգամավորական մանդատը, մենք նշել ենք, որ օրենսդրությունում չկա այդպիսի դրույթ, որ ինքը պարտավոր է վայր դնել։ Ուրիշ հարց է, որ երբ դատավոր է ընտրվում, այդ ժամանակ պարտավոր է վայր դնել։ Ինչպես որ արգելք չկա՝ վարչապետի թեկնածուն շարունակում էր մնալ պատգամավոր, մինչեւ վարչապետ ընտրվեց»։ Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանն անցած տարվա մայիսի 9-ին վարչապետ ընտրվեց, երբ դեռ չէր հրաժարվել պատգամավորական մանդատից։ «Մնացածն ինքը պետք է ապացուցի, որ ընտրվելով ՍԴ անդամ՝ Հրայր Թովմասյանը պատգամավորական գործունեություն է իրականացրել։ Մեզ մոտ առկա տեղեկատվությամբ՝ արձանագրություն եւ այլն, Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարել են իրավունքի ուժով, երբ ընտրվել է ՍԴ անդամ»։

Սիմոնյանն «անշնորհակալ» գործ է համարում կանխատեսում անելը, բայց այս պահի դրությամբ, իր գնահատմամբ, հանցակազմ նկարագրված չէ դիմումում։ Իսկ եթե Գագիկ Հարությունյանը ցուցմունք տա, թե իրեն պարտադրել են թողնել ՍԴ նախագահի պաշտոնը, այդ դեպքում դիմումն իրավական հիմնավորում կստանա՞։ «Չեմ կարծում, որ Գագիկ Հարությունյանին կարող էին պարտադրել, որ ինքը թողնի իր պաշտոնը»։

ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն էլ պնդեց, որ Հրայր Թովմասյանն ընտրվել է օրենքով նախատեսված կարգով, հակառակ պարագայում տարիուկես ո՞ւր էին իշխանությունները, իրավապահները․ «Իշխանության հոգեվարքի հոտ եմ առնում, սա ծայրահեղ միջոցառում է, որը, հաստատ, չի բխում մեր պետության շահերից։ Այսօր ունենք արտաքին լուրջ մարտահրավերներ, երբ որ պատերազմի վտանգ ունենք, բայց ամբողջ իշխանությունը, բանուգործը թողած, ընկել է Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու հետեւից»։ Պատգամավորը մատնանշում է օրենսդրությունը. «Պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու ընդհանուր արարողակարգը կիրառելի չէ այն դեպքերի նկատմամբ, երբ պատգամավորն ընտրվում է կամ նշանակվում պաշտոնում։ Նա ժամանակ չունի դիմում տալ եւ մյուս ընթացակարգերն անցնել։

Այս նույն սխեմայով ԱԺ-ից ընտրվել է վարչապետը, փոխվարչապետ է նշանակվել Արարատ Միրզոյանը, ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը նախարար է նշանակվել։ Դուք հիշո՞ւմ եք՝ վարչապետը երբ հրաժարվեց պատգամավորի մանդատից․ երբ արդեն վարչապետ էր։ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, երբ խոսում է իրավական նորմը մեկնաբանելու մասին, ասում է՝ պետք է հիմք ընդունել ընդհանուր նորմատիվ ակտի հետ համադրությունը, իսկ ակտի տրամաբանությունը հուշում է, որ նորմը կիրառելի է, երբ պատգամավորն իր նախաձեռնությամբ է հրաժարվում։ Բա, ենթադրենք, Հրայր Թովմասյանը չէր ընտրվում ՍԴ անդամ, ինչո՞ւ մանդատը դներ, որ գործազո՞ւրկ դառնար»։ Գեւորգ Պետրոսյանն այս ամենից մի եզրակացության է եկել․ «Խնդիր կա՝ ցանկացած գնով ազատվել Հրայր Թովմասյանից, այստեղ ոչ թե օրինականությունը պահելու, հանուն իրավակարգի ամրապնդման է արվում, այլ բացառապես մեկ նպատակով՝ ամեն գնով ազատվել Թովմասյանից։ Իսկ դա նշանակում է՝ ամեն գնով ուզում են ՍԴ ղեկը հանձնել մի մարդու, ով ընդհանրապես ՍԴ նիստերին չի մասնակցել, իսկ եթե նման հանդգնության են գնում, նշանակում է՝ ինչ-որ ուժեր կամ ինչ-որ հանգամանքներ կան»։ Ուշագրավ է, որ իշխող ուժը երեկ լռում էր սրա վերաբերյալ։ Ո՛չ ստատուսներ գրվեցին, ո՛չ կարծիքներ հնչեցին։

ԱԺ պետաիրավականի անդամ, իմքայլական Նազելի Բաղդասարյանը մեզ փոխանցեց, թե կա քրեական գործ, ինքը չի կարող կարծիք հայտնել․ «Ես կմնամ իմ լիազորությունների շրջանակում եւ նախաքննության փուլում գտնվող գործի մասին մեկնաբանություն չեմ անի»։ Երբ հիշեցրինք, որ իշխող ուժը նման «կարգապահությամբ» երբեք աչքի չի ընկել, նույնիսկ խմբակցության դիմումը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից արդեն կնքել էին Թովմասյանի «դատավճիռը», պատգամավորն ասաց, որ դա սահմանված ընթացակարգ էր, իրենք ելույթ են ունեցել, եւ քրեական գործ չկար հարուցված։ Ի դեպ, Հրայր Թովմասյանին ազատությունից զրկելու համար, ՍԴ-ի մասին օրենքով՝ հենց ՍԴ-ն պետք է տա համաձայնությունը, գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի, իսկ ՍԴ-ում առնվազն 5 դատավոր կողմ քվեարկի։