Մահացածի մասին կա՛մ լավ, կա՛մ ճշմարտությունից բացի ոչինչ 

Մահացածի մասին կա՛մ լավ, կա՛մ ճշմարտությունից բացի ոչինչ 

Արցախի ամբողջական շրջապատումը շարունակվում է արդեն 1 շաբաթից ավելի, սակայն իշխանությունը մեծ հաշվով դրա մասին արդեն մոռացել է: Ամենավերին օղակից ասվել է, չէ՞, որ արցախցիները պետք է բանակցեն Բաքվի հետ: Իսկ արցախցիները, բնականաբար, բանակցել չեն ցանկանում, քանի որ դրա միակ բովանդակությունը Իլհամի ողորմածությանը հանձնվելու գործընթացն է: Եվ քանի որ արցախցիները չեն ուզում ականջալուր լինել երբեմնի «դուխով» Նիկոլի խորհրդին, ապա գլուխը քարը, թե ինչ կպատահի իրենց հետ: Իհարկե, լռությունը մեկ-մեկ խախտվել է Նիկոլի կողմից, մեկ-երկու անգամ ՀՀ ԱԳՆ-ն է հիշել, բայց դե... Ի վերջո, հայաստանյան իշխանությունը հենց նրա համար է, որպեսզի դրա միջանցքներում գտնվողները վայելեն իրենց կարգավիճակը: Եվ ոչ թե անդարդ գլուխը դնեն դարդի տակ՝ ինչ է, թե արցախցիներն արդեն սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների խիստ պակաս են զգում:   

Ենթադրում եմ, որ ավելի ցածր կարգի շխանավորների անդարդ կյանքը կարող էր շարունակվել բավական երկար, եթե նախախնամությունը չմիջամտեր ու չխանգարեր դրանց անդորրը: Ինչը ստացավ քպկական «ազգընտիր» Խաչատրյան Վիգենի մահվան տեսքը՝ սրտամկանի ինֆարկտից: Ի դեպ, այդ դեպքը պատճառ դարձավ, որպեսզի Ազգային ժողովի կայքում վերընթերցեմ նրա կենսագրությունը և իմանամ, որ ինքը Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության անդամակցությունից հետո այլևս երբեք կուսակցական չի եղել: Այնինչ, 1994 թվականին Խաչատրյանը հիմնադրել և ղեկավարել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը: Եվ ես, որպես լրագրող, 90-ականնների վերջերին մասնակցել եմ նրա կազմակերպած քաղաքական դասընթացներին: Թե ինչու է ինքն իր կենսագրությունից ջնջել հենց իր կողմից հիմնադրված կուսակցության անդամ լինելու հանգամանքը՝ դժվարանում եմ բացատրել: 

Ինչևէ, ինչպես հայերն են ասում, մահացածի հետևից կա՛մ լավը պետք է ասել, կա՛մ ոչինչ: Սակայն քանի որ Խաչատրյանը վերջերս աչքի էր ընկել ակտիվ հակաարցախյան և ըստ այդմ՝ հակահայկական ելույթներով, նրա մասին, բնականաբար, լավը պետք է ասվեր միայն ԱԺ համապատասխան խմբակցության անդամների կողմից: Իսկ հասարակության ազատ զանգվածն էլ պետք է չարախնդար: Ինչի առումով քպկական մեկ-երկու «ազգընտիր» ընկել են հոգեխանգարմունքի մեջ: Ու բարձրաձայն իրենց զարմանքն են հայտնում, թե ինչպես կարող է հայն առնվազն չտխրել հայի մահվան առումով: Իսկ ես էլ զարմացա, որ Բաբկեն Թունյանն, օրինակ, ինչու չէր զարմանում 2018-ի ապրիլյան օրերին, երբ նիկոլականները դագաղներ էին տեղադրում կենդանի մարդկանց բնակարանների առջև: Կարծում եմ, որ դա ավելի մեծ սրբապղծություն է, քան մահացածի առումով ինչ-որ բան ասելը: Միաժամանակ, ուզում եմ երկերեսանի բոլոր երկոտանիներին հիշեցնել, որ հին հունական յոթ իմաստուններից մեկը, սպարտացի փիլիսոփա, բանաստեղծ և քաղաքական գործիչ Խիլիոնը (VI  դար մ. թ. ա.) այս պարբերության սկզբում ներկայացված թևավոր խոսքն իրականում ձևակերպել էր այսպես. «Մահացածների մասին կա՛մ լավ, կա՛մ ճշմարտությունից բացի ոչինչ»: 

Քանի որ մահացածի «ազգընտիր» գործունեության մասին ոչ մի լավ բան ասվել չի կարող, ապա մնում է ճշմարտությունը: Իսկ այն, ցանկանան թե ոչ քպկականները, հեչ դրական չի բնութագրում իրենց մահացած գործընկերոջը: Ընդ որում, Նիկոլին վարչապետի պաշտոնից հեռացնելուց և Հայաստանում ադեկվատ իշխանություն ձևավորելուց հետո պատմությունը շատ ավելի դաժան կգտնվի Խաչատրյան Վիգենի նկատմամբ, քան ժամանակակակիցները: Որովհետև ինքն այն անձանցից էր, ով 2020 թվականի խայտառակ պարտությունից հետո քպկական ցուցակով ԱԺ ընտրվելով՝ մինչև իր մահը նպաստեց Արցախը կորստայան մատնելու գնով նիկոլական պարտվողական քաղաքականության պրոպագանդմանը: