Ի՞նչ պայմաններով կարող է ավարտվել ռուս-ուկրաինական պատերազմը

Ի՞նչ պայմաններով կարող է ավարտվել ռուս-ուկրաինական պատերազմը

Ամերիկյան NBC News-ը տեղեկացնում է, որ ամերիկացի պաշտոնյաները ուկրաինացիների հետ սկսել են քննարկումներ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ Ուկրաինան մինչև տարվա վերջ ժամանակ ունի, մինչ կսկսեն բանակցությունները՝ հակամարտությունը դադարեցնելու համար խաղաղ բանակցությունները մեկնարկելու համար։ NBC-ի տվյալներով Ուկրաինային առաջարկում են ՆԱՏՕ-ի որոշակի անվտանգային երաշխիքներ՝ նույնիսկ առանց այդ կառույցի անդամ դառնալու, այդպիսով փորձելով ոգևորել Զելենսկուն՝ բանակցությունների գնալու համար։ 

Սպիտակ տան նախկին բարձրաստիճան պաշտոնյան ամերիկյան հեռուսաալիքին տեղեկացրել է, որ Ուկրաինան կարող է ցանկանալ հավելյալ ստանալ ռազմական գործողություններ անցկացնելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր են ծանր զինտեխնիկա ստացել ու այն մարտում օգտագործելու համար ժամանակ է պետք, սակայն ինչպես ԱՄՆ նախկին պաշտոնյան է ասել՝ «ավելի է ուժեղանում այն զգացումը, որ արդեն շատ ուշ է և արդեն ժամանակն է գործարքի գնալ»։ 

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով ամերիկացի պաշտոնյաններն արդեն հասցրել են ուկրաինական կողմի հետ քննարկել ՌԴ-ի հետ խաղաղության շուրջ բանակցությունների շուրջ։

«Ի՞նչ է տեղի ունեցել, որ այդ քաղգործիչները նման առաջարկով են հանդես գալիս, որովհետև մինչ այդ որևիցե նման առաջարկով նրանք հանդես չեն եկել, միշտ առաջարկը եղել է կամ զինել Ուկրաինային, կամ փորձել օգնել սպառազինությամբ, բայց որպես այդպիսին, որևէ կոչ կամ հորդոր մինչ այս պահը չի հնչել։ Ընդ որում՝ նշվում է մինչև տարեվերջ հնարավոր խաղաղության օրակարգ ստեղծելու մասին։ Գուցե այստեղ կան հետնաբեմային որոշակի պայմանավորվածություններ, նույն այդ քաղգործիչները գուցե Ռուսաստանի հետ որոշակի հետկուլիսային պայմանավորվածություն ունեն և այստեղ միջնորդային դերակատարությո՞ւն են կատարում, որի արդյունքում փորձում են ռուսական խոսքը հասցնել ուկրաինական կողմին, և ըստ այդմ, փորձեն խաղաղություն հաստատել և վերջ տալ ռազմական գործողություններին մինչ տարեվերջ»,-ասաց Կարապետյանը։

Միջազգայնագետը նշում է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն նման առաջարկով հանդես գալուց առաջ ամերիկացի պաշտոնյաները ռուսական կողմի ներկայացուցիչների հետ որոշակի համաձայնություններ ունեն, կամ ինֆորմատիվ բնույթի տեղեկատվություն կա, որի արդյունքում նման առաջարկ հնչեցրել են։ Առաջարկում ուկրաինական կողմին չի տրվում հստակ ինֆորմացիա, թե խաղաղության պայմանագրում եթե Ուկրաինան համաձայնվում է, ինչ աշխարհագրական կտրվածքով՝ տերիտորիալ տեսանկյունից, ինչպես են կանգնում ռազմական գործողությունները։ Այսինքն, ֆիքսվո՞ւմ է դրանով, որ Ռուսաստանի Դաշնությունը այն տարածքները, որոնք բռնազավթել-օկուպացրել է՝ մնում են Ռուսաստանի Դաշնության տնօրինման տակ, թե դրանից հետո պետք է առաջարկ ներկայացվի դրանք առանց ռազմական գործողությունների, այսինքն՝ խաղաղ ճանապարհով դրանք  հանձնելու համար, թե ոչ։

«Այս մասով որևէ մեկը ոչ մի չակերտ չի բացում, այստեղ է խնդիրը։ Մենք գիտենք, որ ուկրաինական իշխանությունները բազմիցս են ձևակերպել իրենց պահանջները, որ մինչև իրենց տարածքները չզինաթափվեն, մինչև ռուսական զորքը դուրս չգա այդ տարածքներից, այսինքն մինչև չվերադարձնեն ուկրաինական կողմին՝ պատերազմը չի կարող դադարեցվել՝ սա գիտենք որպես Ուկրաինայի համար կարմիր գծեր։ Այս պարագայում շատ տարակուսելի է, թե նման պայմանավորվածություն ոնց կարող է ձեռք բերվի, եթե ուկարինական կողմը իր իսկ դիրքորոշումից հետ չկանգնի»,- նշում է միջազգայնագետը։

Կարապետյանը հավելում է, որ ամերիկացի պաշտոնյաները առաջարկել են ոչ թե ՆԱՏՕ-ի անդամակցություն, այլ որ տալիս են անվտանգության երաշխիքներ, որոնք հավասարազոր են ՆԱՏՕ անդամ երկրներին տրվող երաշխիքներին, այսինքն՝ անվտանգության երաշխիքներ են տալիս։ Բայց ՆԱՏՕ-ի անդամություն Ուկրաինային այդպես էլ չի առաջարկվել, պարզապես հայտարարել են, որ մի օր կարող են դիտարկել Ուկրաինային որպես ՆԱՏՕ անդամ երկիր դառնալու հավանականությունը։ Կարևոր է ֆիքսել հանգամանքը, որ պատերազմի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի անդամակցության ոչ մի առաջարկ չհնչեց։

Ըստ Պուտինի, ՌԴ-ն երբեք դեմ չի եղել ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով դադարեցնելուն, բայց նաև նրանք շեշտում են, որ Կիևն էլ պիտի հայտնի դրա պատրաստակամության մասին։ Վերջերս Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել չինական կորպորացիաներին, որտեղ շեշտվել է, որ Ուկրաինայի հետ չինական խաղաղության ծրագիր է նախատեսված եղել և կարող է հիմք հանդիսանալ խաղաղության ծրագրերի համար։ Ստացվում է, որ Չինաստանն այն ժամանակ հանդես է եկել խաղաղության ծրագրով, որը Պուտինը, համենայնդեպս, ողջունել է։ Բայց և այնպես նույն Պուտինն ասում էր, որ 2014 թվականից սկսած Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, բայց արտաքին միջամտության, հավաքական Արևմուտքի «ջանքերով» դա նրանց մոտ չի ստացվել ու դա նրանց թույլ չի տրվել անել։ Այսինքն, ուկրաինական հակամարտության սրումն ի թիվն այլ բաների՝ ՆԱՏՕ-ի ներգրավվածության արդյունք է, և կոնկրետ Մինսկ 2-ի ձախողմամբ է պայմանավորված։ 

«Համենայնդեպս ասում են, որ վերջին հակահարձակման ժամանակ ուկրաինական կողմի կորուստները հսկայական են եղել՝ մոտավորապես ութը մեկով հաշվարկով է եղել և խոսույթի մեջ դնում է, որ Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը չափազանց կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար, որովհետև որոշ երկրների անվտանգությունը չի կարող կատարվել, այսպես ասած խաթարելով մյուսների անվտանգությունը։ Ռուսաստանի Դաշնության կարմիր գիծն այն էր, որ ՆԱՏՕ-ն չընդլայնվեր մինչև 1957 թվականից սկսած այդ պայմանավորված սահմաններից այն կողմ։ Բայց արի ու տես, որ ի դեմս Ուկրաինայի, ի դեմս Լեհաստանի, նրանք գտնվում են ՌԴ սահմաններին մոտ, և դա բնականաբար Ռուսաստանի Դշանության համար գերխնդիր է։ Այս պարագայում ռուսական կողմը դեռևս իր ճնշման բոլոր գործիքակազմերը կօգտագործի՝ մանավանդ Խերսոնի պաշտպանությունն ու խերսոնյան հարձակումը, երբ եղավ վերջերս, դեռևս ցույց չի տալիս, որ Ռուսաստանն իր ծավալապաշտական նկրտումներից չի  ձերբազատվել։ Որոշ տեղեր հարաբերական անդորր է, որոշ տեղերում ուկրաինական կողմն ունի հաջողություններ, ուկրաինական կողմը հաջողություններ է գրանցում արդեն, բայց փորձը ցույց է տալիս, որ սա արյունահեղ պատերազմ էր, որի արդյունքում երկու կողմերն էլ խայտառակ քանակի զոհեր ու սպառազինության կորուստ են ունեցել»,- եզրափակեց Կարապետյանը։