Մարտի 23-ին գործ է հարուցվել, ապրիլի 22-ին հաղորդագրություն տարածվել

Մարտի 23-ին գործ է հարուցվել, ապրիլի 22-ին հաղորդագրություն տարածվել

Մարտի 21-ին մենք հրապարակում ունեինք «Միքայել Մինասյանին մեղադրանք կառաջադրե՞ն» վերնագրով։ Մեր աղբյուրը փոխանցել էր, որ «ՀՀ իշխանություններին հունից հանում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ակտիվությունը եւ նրա շուրջ կոնսոլիդացիայի մասին լուրերը։ Բանն այն է, որ ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում հայտարարություններ է արել Մինասյանի մասին, բայց մինչ օրս վերջինիս հետ կապված որեւէ քրեական գործ հարուցված չէ։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մինասյանի վերջին աղմկահարույց գրառումից հետո Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարներին հրահանգել է մինչեւ հաջորդ շաբաթվա կեսը հարուցել ցանկացած քրեական գործ՝ Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, 2 օր է՝ դատախազությունից մինչեւ ՊԵԿ փորձում են մեղադրանքի հիմքեր «պեղել»։

Մենք պարզեցինք, որ Մինասյանի՝ դեսպան եղած ժամանակ ներկայացրած հայտարարագրերից մեկում տեխնիկական վրիպակ են գտել, որից այժմ փորձում են քրեական գործ ստանալ։ Բացի քրեական գործի հիմքերի փնտրտուքից, ուժայինները լծվել են «հարմար» դատավոր գտնելու գործին, որը կհամաձայնի տեխնիկական սխալը որակել որպես հանցագործություն՝ բավարարելով Մինասյանին կալանավորելու միջնորդությունը»։

Ուղիղ մեկ ամիս անց ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հայտարարություն արեց, որ «Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ. նա հետախուզման մեջ է», որտեղ ասված է, որ ՊԵԿ քննչական վարչությունում 2020 թ․ մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր «Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ»:
Ինչպես եւ գրել էինք մարտի 21-ին, խոսքը գնում է եկամուտների հայտարարագրում ինչ որ սխալի մասին, որը նախաքննության մարմինը գնահատել է որպես «քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը) եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը» և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) նախատեսված արարքներ որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մարտի 23.-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: 

Ուշագրավը ՊԵԿ հաղորդագրության վերջին հատվածն է, որտեղ ՊԵԿ-ը գրում է․ «Կոմիտեն, նախաքննության վերաբերյալ տեղեկությունների հանրայնացման ուղղությամբ տևական ժամանակ դրսևորելով զսպվածություն, ապահովելով նախաքննության գաղտնիքի խիստ սահմանները, հորդորում է զերծ մնալ կատարվող քննչական և դատավարական գործողություններին անհիմն և չփաստարկված գնահատականներ տալուց»։  

Այսինքն, նման հաղորդագրություն տարածելը գնահատվում է որպես զսպվածության դրսեւորում, եւ հաղորդագրություն տարածելուց հետո կոչ է անում մյուս կողմին չարձագանքել, չպատասխանել, չարդարանալ, չպաշտպանվել։