Հայկական գրին քարտ, լյուստրացիա, 1 տարվա ժամկետային ծառայություն

Հայկական գրին քարտ, լյուստրացիա, 1 տարվա ժամկետային ծառայություն

Դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցող «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագիրը լի է հեղափոխական եւ անգամ էկզոտիկ առաջարկներով․ ներգաղթի խթանման համար հայկական գրին քարտի ներդրում, 1 տարվա ժամկետային ծառայություն ՀՀ զինված ուժերում։

Կուսակցության ծրագրային դրույթներից է Սահմանադրության մեջ քաղաքացիների ապստամբության կամ հեղափոխության իրավունքի ամրագրումը։ Առաջարկվում է վերացնել ԱԺ ընտրություններից հետո պատգամավորների՝ իրենց մանդատները վայր դնելու ու կառավարությունում պաշտոն ստանալու պրակտիկան, օրենսդրորեն վերացնել, սահմանափակել պատգամավորների ու բարձրագույն այլ պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը եւ իմունիտետը, ինչպես նաեւ ամրագրել պատգամավորների հետկանչի ինստիտուտը։ Մեկ այլ առաջարկ՝ գերուժեղ վարչապետության ինստիտուտի եւ խորհրդարանական կայուն մեծամասնության սահմանադրական պահանջի վերացում` գործադիրի ղեկավարի լիազորությունների մի մասը փոխանցելով կառավարությանը, առանձին նախարարների, Վերահսկիչ պալատին եւ Ազգային ժողովին։ Հայաստանում նախարարությունների թիվը չպետք է անցնի 10-ից, իսկ ոստիկանության համակարգն էլ բարեփոխվի Վրաստանի օրինակով։ Ռազմավարական կարեւորության խնդիր է համարվում առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը կրկնապատկելը՝ հատկապես ծնելիության աճի ու ծնելիության խթանման միջոցով։