«Լույս» հիմնադրամի խորհուրդը որոշել է հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը. Վիգեն Սարգսյան

«Լույս» հիմնադրամի խորհուրդը որոշել է հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը. Վիգեն Սարգսյան

Նոյեմբերի 23-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի դասախոսությունը «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով։ Դասախոսությունից առաջ միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց «Լույսի» հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Վիգեն Սարգսյանը։

Նա հայտնեց, որ խորհրդի կողմից ստացել է առաջարկ ստանձնելու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որը սիրով ընդունել է: «Շրջանավարտների այս նախաձեռնությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես ժամանակին հիմնադրամից ստացած կրթաթոշակը կարող է հետադարձ դրական ազդեցություն ունենալ «Լույսի» համայնքի ներկայացուցիչների ու Հայաստանի վրա»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Նա հատուկ ընդգծեց, որ հիմնադրամը իր խոստմանը համաձայն շարունակում է ֆինանսավորել շուրջ 70 կրթաթոշակառուի մինչև նրանց ուսումնական ծրագրերի ավարտը: Կարևորելով «Լույսի» համայնքի անդամների կողմից կուտակած գիտելիքն ու փորձը ու առաջնորդվելով այդ գիտելիքը ի շահ Հայաստանի զարգացմանը ծառայեցնելուն` Վիգեն Սարգսյանը նշեց, որ խորհրդի կողմից որոշում է կայացվել հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը:

Կենտրոնը «Լույս» համայնքի ներուժը նպատակադրվելու է ծառայեցնել պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը: Ամփոփելով խոսքը, Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև տարիների ընթացքում հիմնադրամի լավագույն բարեկամներ դարձած բարերարներին ու դոնոր կազմակերպություններին։ Միջոցառման հիմնական հատվածում հրավիրված դասախոս պրոֆեսոր Քյուսիկը ներկայացրել է հեղափոխական ու այլ ճգնաժամային իրավիճակների պայմաններում առանձին երկրներում օտարերկրյա ներդրումների պասիվության պատճառները։ Ըստ նրա, գոյություն ունի սերտ փոխկապվածություն օտարերկրյա ուղղակի ներդրումների և քաղաքական անկայունության միջև և այդ կապը բացասական է: Ամերիկացի պրոֆեսորի մոտեցմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման միտումը պայմանավորված է նաև քաղաքական անկայունության էությամբ։ Դասախոսությունից հետո տեղի ունեցավ պանելային քննարկում, որին հրավիրված էին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Մասնակիցները հարցեր ուղղեցին պրոֆեսոր Քյուսիկին և հնարավորություն ստացան համադրելու տնտեսագետների տեսակետները միևնույն խնդիրների վերաբերյալ:

«Լույս» Հիմնադրամի Հեռ։ Մամուլի եւ Հանրային կապերի պատասխանատու Էմմա Սարգսյան