Պետք է հորդորել, որպեսզի ցորենը ներկրվի երկաթուղային փոխադրումով, այլապես կունենանք պակասորդ

Պետք է հորդորել, որպեսզի ցորենը ներկրվի երկաթուղային փոխադրումով, այլապես կունենանք պակասորդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին կայացած կառավարության նիստում բացահայտ հայտարարեց, թե մենք որոշակի պարենային ապրանքատեսակների որքան պաշար ունենք։ Օրինակ՝ շաքարավազի 201 օրվա պաշար, հավի մսի 64 օրվա պաշար, ձեթի 38 օրվա պաշար։

«Միաժամանակ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, նաեւ արեւածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, կարտոֆիլ եւ այլն»,-ասաց վարչապետը։
Նկատենք, սակայն, որ Լարսում կուտակումներ էին այս օրերին, և մեր մեքենաները, այդ թվում՝ ցորեն ներկրող, 10 օր է՝ կանգնել են Լարսում։ Եվ եթե այսպես շարունակվի, մենք շատ շուտով ամենակարևոր ապրանքներից մեկի՝ ցորենի լուրջ խնդիր կունենանք երկրում։


Այս թեմայով կառավարությանը հստակ խորհուրդներ ու առաջարկներ ունի «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը, որը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ ղեկավարում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի ձևավորած օպերատիվ շտաբը։ Հիշեցնենք, այդ օրերին պայթեցվել էր Խաշուրիի կամուրջը, որի հետևանքով դադարեցվել էին երկաթուղային փոխադրումները Հայաստան, և մենք կանգնել էինք կոլապսի առջև։ Աղաջանյանն այդ ընթացքում կարողացել է այնպես կազմակերպել, որ մեզ անհրաժեշտ ապրանքները հասնեն Հայաստան, և երկիրը չմնա առանց հացի ու վառելիքի։


«Երկուսն էլ մոտավորապես նույն քանակներով են այսօր ներկրվում երկիր՝ մոտ 350 հազար տոննա վառելիք է ներկրվում, մոտ այդքան էլ՝ ցորեն։ Ես դա ասում եմ 2019 թ․ տվյալներով, և այդ 350 հազար տոննա ցորենից ընդամենը 150 հազար տոննան է, որ ներկրվել է երկաթուղով, մացածը եկել է ավտոտրանսպորտային միջոցներով, որովհետև մեքենաներով ավելի էժան է ստացվում, քան երկաթուղով։ Բայց այսօր ցորենի այն քանկը, որը ներկրվում է Հայաստան այս ծանր պայմաններում, երբ մեքենաները հերթի են կանգնում օրերով, և առնվազն տասը օր է անհրաժեշտ, որպեսզի մի մեքենան հասնի Վլադիկավկազ կամ Բեսլան և այնտեղից ցորենը բերի Երևան։ Այն դեպքում, երբ նախկինում դա արվում էր 5 օրվա ընթացքում։ Հետևաբար, ավտոմեքենաների այն պարկը, որը մեզ ապահովել է 200 հազար տոննա մեկ տարում, կա՛մ պետք է կրկնակի ավելանա, որպեսզի այդ նույն քանակն ապահովվի, կա՛մ մենք չպետք է կարողանանք այդ քանակը՝ 200 հազար տոննա, բերել։ Իսկ այդ դեպքում մենք կունենանք հացամթերքի քանակի պակասորդ»,-ասաց Գագիկ Աղաջանյանը։


-Անցած շաբաթ կառավարության նիստում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցրեց, թե մենք ցորենի առումով խնդիր չունենք, թեպետ՝ նույն ՏՄՊՊՀ-ից չեն հայտնում, թե որքան պաշար ունենք ցորենի, ասում են՝ առևտրային և պետական գաղտնիք է։

-Ես հետևել եմ այդ հայտարարությանը և անմիջապես դրա վրա ուշադրություն դարձրի, որ շաքարավազի, վառելիքի մասով ասացին՝ այսքան օրվա պաշար ունենք, ցորենի մասով ընդամենն ասացին՝ ունենք։ Եւ դա ևս մեկ անգամ բերեց ինձ այն համոզման, որ մենք, իրականում, այդքան չունենք։ Եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ եթե մենք մեկ ամսվա ցորենի պաշար ունենայինք, մեր պաշտոնյաներն անմիջապես դրա մասին մեծ հպարտությամբ կհայտնեին։ Այդ ժամանակ չէր համարվի պետական գաղտնիք։ Իսկ ես Ձեզ ասում եմ՝ ներկրման այս տեմպով մենք կհասնենք մի իրավիճակի, երբ ոչ միայն պաշար չենք ունենա, այլ մենք կունենանք արդեն պակասորդ։


-Հիմա պարետատունը կարող է այս հոդվածից հետո ասել, թե գործարարը խուճապ է տարածում։

-Ոչ, սա խուճապ չէ, մենք ասում ենք՝ դեռևս չի եկել այդ վիճակը, բայց այդ վիճակը կարող է գալ, եթե սա շարունակական լինի։ Ես ասում եմ հետևյալը, եթե Հայաստան Բաթումի կամ Փոթի նավահանգստով ներկրվել է 150 հազար տոննա ցորեն, ուրեմն դա բանուկ ճանապարհ է, որը պետք է օգտագործել։ Ուստի, քանի դեռ մենք չենք հասել այն կետին, որ ունենանք պակասորդ, հորդորում եմ կառավարությանը ցորեն ներկրող խոշոր կազմակերպությունների ղեկավարներին հրավիրել և առաջարկել նրանց հույսները չդնել միայն ավտոտրանսպորտի վրա։ Չի հերիքելու դա։ Սա իմ մասնագիտական կարծիքն է: Պետք է հորդորել, որպեսզի ցորենը բերվի երկաթուղային փոխադրումով: Ես հասկանում եմ, որ այդպես ավելի թանկ է, քան մեքենայով, սակայն պետությունը այդ տարբերությունը կարող է վերցնել իր վրա, դա չնչին ծախս է։ Փոխարենը երաշխավորված ցորենի պաշարներ կկարողանանք ամբարել:

-Ես տեղեկացա որոշ ցորեն ներկրողներից, որ օրվա բերածը սպառվում է անմիջապես, այսինքն՝ չի պահեստավորվում:

-Դա արդեն Դուք ասացիք: Այո, մենք արդեն պահեստավորման հնարավորություն չունենք, որովհետև պահանջարկը մեծ է, ներկրված ցորենն անմիջապես մտնում է շուկա, չի մնում պահեստներում: