Արմեն Սարգսյանի պատասխանը՝ «Իմ քայլի» աղմկահարույց նախաձեռնության մասին

Արմեն Սարգսյանի պատասխանը՝ «Իմ քայլի» աղմկահարույց նախաձեռնության մասին

Մենք երեկ հարցում էինք ուղարկել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով իր դիրքորոշումը հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի անունից շրջանառության մեջ դրված աղմկահարույց նախաձեռնության վերաբերյալ։ Այն իրենից ներկայացնում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով իշխանությունները մտադիր են հնարավորինս շրջանցել հանրաքվեի ինստիտուտն ու չեզոքացնել Սահմանադրական դատարանը, որը Սահմանադրության 168-րդ հոդվածի պահանջով պարտավոր է որոշ օրենքների, իրավական ակտերի ընդունումից առաջ իր եզրակացությունը տալ, թե որքանով են դրանք համապատասխանում Սահմանադրությանը։

Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ էլ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունները հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը եւ ԱԺ նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։ Այսինքն՝ փորձ է արվում շրջանցել միանգամից 3 կարեւոր ինստիտուտ՝ նախագահի, հանրաքվեի ու Սահմանադրական դատարանի, դրանով իսկ երկիրը տանելով դեպի խորհրդարանական միապետություն։ Նշենք, որ նախագծերի փաթեթը նախատեսվում է արտահերթ նիստով մտցնել օրակարգ եւ քննարկել փետրվարի 6-ին։ Մենք հետաքրքրվեցինք ՀՀ նախագահի աշխատակազմից, թե ինչ է մտածում Արմեն Սարգսյանը նախագահի լիազորությունները շրջանցելու, թուլացնելու այս նախաձեռնության վերաբերյալ։

Նախագահականից մեզ պատասխանեցին․ «ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից շրջանառության մեջ դրված՝ Ձեր նշած օրենսդրական նախաձեռնությունն այս փուլում դեռեւս ենթակա է քննարկման Ազգային ժողովում նախատեսված ընթացակարգերով: Հանրապետության նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի Սահմանադրության 129-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, եթե օրենքի նախագիծն ընդունվի Ազգային ժողովի կողմից եւ, սահմանված կարգով, դրանից հետո ուղարկվի հանրապետության նախագահի աշխատակազմ: Միեւնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ հանրապետության նախագահը բազմիցս ասել է, որ Սահմանադրության կամ այլ օրենքի ցանկացած փոփոխություն պետք է լինի իրավունքի ընդհանուր սկզբունքներին համահունչ, անցնի օբյեկտիվ եւ մասնագիտական իրավաբանական փորձաքննություն, լինի անհրաժեշտ եւ արդյունավետ, ծառայի պետական եւ ազգային շահերին»։
Այս կարճ տեքստից կարելի է մի քանի եզրակացություն անել․ պարոն Սարգսյանը գրեթե բացահայտ հասկացնում է, որ իր սրտով չէ այն, ինչ նախաձեռնել են իշխանությունները՝ հիշեցնելով Սահմանադրության 129-րդ  հոդվածի դրույթների մասին, որ պետք է չշեղվեն այդ հոդվածից։

Նաեւ ակնարկում է, որ օրենքի ցանկացած փոփոխություն պետք է անցնի մասնագիտական իրավաբանական փորձաքննություն, ինչը, վստահաբար, չի անցել, քանզի դժվար է գտնել իր խղճին ու պրոֆեսիոնալիզմին դեմ չգնացող իրավաբանի, որը կողմ կլինի այսպիսի օրենքի ընդունմանը։ Արմեն Սարգսյանն ակնարկում է նաեւ, թե որքանով է այդ օրենքը ծառայելու պետական եւ ազգային շահերին։ Իհարկե, դիվանագետ Արմեն Սարգսյանի բնավորությանը ծանոթ լինելով՝ մենք չէինք էլ ակնկալում ուղիղ եւ հստակ պատասխան ու քննադատություն իշխանությունների այս հանդուգն նախաձեռնության կապակցությամբ, բայց սույն պատասխանի տողատակերից հասկանալի է, որ Արմեն Սարգսյանը զգուշացնում է, որ կարող է չլռել, երբ հերթը վերջապես հասնի իր «չունեցած» լիազորությունների վերջնական ոչնչացմանը։