Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է

Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է

2015 թվականի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ամբողջությամբ կիսում է այն իրավաբանների կարծիքը, որոնք դեմ են արտահայտվել «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ սահմանադրական օրենքներում առաջարկվող փոփոխություններին։ Իսկ իշխանական պատգամավորն առաջարկում է ԱԺ ընդունած սահմանադրական օրենքների նախագծերը չուղարկել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու, հանրապետության նախագահն էլ պարտադիր չէ, որ դրանք վավերացնի։

Ղազինյանը հղում արեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանին, իր ուսանող՝ Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանին, ով ասել էր․ «Չկա պետության ողնաշարը կոտրելու ավելի կարճ ճանապարհ, քան Սահմանադրությունը փոխելը՝ առանց այդ փոփոխությունների սահմանադրականությունը նախապես ստուգելու»։

Գեւորգ Դանիելյանն էլ նկատել էր․ «Պայմանականորեն ընդունեք, որ այս օրինագիծն ընդունվում է, ստորագրվում է հանրապետության նախագահի կողմից՝ առանց Սահմանադրական դատարան ուղարկելու։ Հետագայում այն այլ իրավասու սահմանադրական մարմինների նախաձեռնությամբ կարող է դառնալ ՍԴ-ի քննարկման նյութ եւ ճանաչվել Սահմանադրությանը հակասող։ Այս անխուսափելի զարգացումների պարագայում ծագում է մեկ այլ, ոչ պակաս էական հարց՝ իսկ ինչպե՞ս վարվել Ազգային ժողովի կողմից մինչ այդ ընդունված սահմանադրական փոփոխությունների հետ»։ Այդուհանդերձ, Ղազինյանը նաեւ իր՝ նեղ մասնագիտական կարծիքը ներկայացրեց։

- Դատելով իշխող ուժի տրամադրություններից՝ իրենք ընդունելու են այս փոփոխությունը, ապա անցնելու են նոր ՍԴ ձեւավորելուն։ Այսինքն, մի կողմից, Սահմանադրության 7-րդ գլուխը մնալու է անփոփոխ, որով սահմանում է ՍԴ լիազորությունները, այդ թվում՝ Սահմանադրություն փոխելու նախագծի վերաբերյալ եզրակացություն տալը, մյուս կողմից՝ ԱԺ-ն օրենքներ է ընդունելու, եւ այլեւս պարտադիր չի լինելու ՍԴ դիմելը։

- Այո, այդ փոփոխությունները հանգեցնելու են այնպիսի իրավիճակի, որն աննկարագրելի է, եւ սա, մեղմ ասած, անթույլատրելի է։ Ինչ-որ նպատակի հասնելու համար չի կարելի նման բան անել, ես չեմ ուզում խորանալ այդ նպատակների մեջ, որոնք քաղաքական են, պարզապես չի կարելի այդ նպատակի համար նման իրավական մոտեցում դրսեւորել։ Տեսեք, թե ինչքան մեղմ եմ արտահայտվում։
Թե այդ փոփոխություններն ինչի կհանգեցնեն, կարծում եմ՝ Գեւորգ Դանիելյանը ճշգրիտ խոսել է այդ մասին, իսկ ես կավելացնեմ ընդհանրական՝ իրավական անարխիայի, որը շատ վատ նախադեպ է։ Ցանկացած ժամանակ իրավական ակտը, այն էլ՝ Սահմանադրությունը կամ նրա նորմը, ցանկացած իշխանություն կմեկնաբանի ու կօգտագործի ըստ նպատակահարմարության։ Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Իրավագիտությունը ճշգրիտ գիտություն է։ Եթե ոմանց թվում է, որ ճշգրիտ գիտությունները մաթեմատիկան ու մյուսներն են, ապա իրավագիտությունն է այդ ճշգրիտ գիտությունը, որի մեկ ստորակետի լինել-չլինելը փոխում է ամբողջ իմաստը։ Չի կարելի իրավագիտությանը վերաբերվել «ինչպես ուզեմ, այնպես էլ կանեմ»։ Ինչպես որ ժամանակին՝ անկախության առաջին տարիներին, մարդիկ կային, որոնք որեւէ կապ չունեին իրավագիտության հետ, բայց ասում էին՝ ի՞նչ է եղել որ, մենք էլ Սահմանադրություն կգրենք։ Մոտավորապես վերադառնում ենք այդ ժամանակները՝ մեզ այսպես է պետք, այսպես կմեկնաբանենք։

- Իշխող թիմն ասում է, որ Սահմանադրության 15-րդ հոդվածը, որը սահմանում է Սահմանադրությունն ընդունելու, փոփոխելու, հանրաքվե անելու կարգը, պարտադիր չի համարում, որ ԱԺ-ի միջոցով Սահմանադրություն փոխելու պարագայում պետք է դիմես ՍԴ՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Ուստի իրենք էլ նպատակահարմար չեն գտնում։

- Բացի գրված կարգավորումներից, կա նաեւ օրենքի տրամաբանություն եւ կա իրավաբանական մտածողություն։ Դրա համար էլ իրավաբանը, այն էլ՝ խորքային գիտելիքներով, կամ, ավելի ճիշտ՝ մասնագետը եւ ոչ իրավաբանը դրանք տարբեր մարդիկ են, ընդհանրապես կարդալով որեւէ կարգավորում՝ հետեւություն անել, շատ անշնորհակալ գործ է։ Ես չեմ ուզում հիշել տխրահռչակ անդամ-դատավոր այդ անհեթեթ տարանջատումը, այնպես չէ, էլի, որ անպայման պիտի գրենք, որ չի կարելի որեւէ հանցագործություն կատարել, վերջիվերջո, տրամաբանություն կա այդ ամենի միջեւ։ Ամեն ինչ չէ, որ հնարավոր է գրել, դրա համար քաղաքակիրթ երկրներն իրենց իրականությունը կարգավորում են կամ առաջնորդվում են ոչ այնքան իրավակարգավորումներով, մանավանդ վարույթային գործունեությունը, օրենսգրքերը, այլ ավանդույթներով, որոնք ձեւավորվում են տասնյակ տարիների դրական կենսագործունեության արդյունքում։ Եթե ամեն ինչ ուզենանք իրավակարգավորել, մենք ոչ մի տեղ չենք գնա, նախ՝ որ դա հնարավոր չէ, եւ անպայման, ի վերջո, կմնան բաց տեղեր, որոնք այս մտածողությամբ կարող են օգտագործվել ըստ նպատակահարմարության։ Այդ պատճառով էլ մենք այսօր ունենք վիճակ, որ գրեթե 2 անգամ Սահմանադրության տեքստն ավելացավ, բայց, մեկ է՝ էլի ասում են՝ ինչո՞ւ սա գրված չէ, նա գրված չէ։ Ամեն ինչ չի գրվում։ Տվյալ հասարակությունը պետք է այնքան գիտակցական ու իրավագիտակցական մակարդակ ունենա, որպեսզի կարողանա նաեւ այդ ավանդույթները շարունակել։
Այլապես ցանկացած լծակ ունեցող իշխանություն երկրում իր ուզած ձեւով կարող է մեկնաբանել եւ կիրառել ցանկացած իրավական, սահմանադրական նորմ։ Ինչպես դուք եք ասում՝ իրենք ունեն խորհրդարանում մեծամասնություն, կանցկացնեն այդ փոփոխությունը, բայց հետո՞։ Հետո արդեն երկիրը պետք է մտածի, թե ինչպես դուրս գա դրա տակից։ Այսինքն՝ դառնանք այնպիսի պետություն, որտեղ իշխանությունն ասում է՝ ես ինչպես կուզեմ, կանեմ, դուք էլ պարտավոր եք ենթարկվել, որովհետեւ ես հնարավորություն ունեմ ուզածս անցկացնել։ Չի լինում այդպես, պարզապես չի լինում։ Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, ապագա չունեցող։ 

- Մեր տեղեկություններով, սահմանադրական այս օրենքներում փոփոխություններ անելուց հետո իշխող թիմը փոխելու է նաեւ Սահմանադրության 213-րդ հոդվածը, որով հնարավորություն կունենա ձեւավորել նոր ՍԴ։ Կհաջողվի՞։

- Այո, գիտեմ, որ կա նման մտադրություն, բայց նախապես ասել չեմ կարող, թե ինչ կլինի։ Կապրենք, կտեսնենք։

- Իրադարձությունների նման ընթացքն ինչպե՞ս է հնարավոր կանխել։ Տեսանք, թե միջազգային կառույցները Լեհաստանի վերաբերյալ ինչ դիրքորոշում ընդունեցին, Հայաստանն էլ կարծես առաջին նախազգուշացումը ստացավ։ Նրանք կարո՞ղ են կասեցնել այս ընթացքը։

- Այդ միջազգային կառույցներ կոչվածն արգելք դնելու լիազորություն չունեն։ Նրանք զգուշացնում են, ահազանգում, խորհուրդ են տալիս, վերջին հաշվով՝ իրականացնողը տվյալ երկիրն է, ինքն է որոշում՝ ժողովուրդն ու իշխանությունները։ Նրանք կարող են արձագանքել, հետո կարող են հետեւել որոշակի միջոցներ՝ Լեհաստանի օրինակը փայլուն օրինակ է, նման բաներ կարող են անել, բայց այնքան քաղաքական խութեր կան՝ նպաստող եւ խանգարող։ Ուղղակի կարելի է ենթադրել, թե որքան կլինի այդ թույլտվության խախտելու հետեւանքը։ Ես չեմ ուզում դրա մեջ խորանալ, որովհետեւ դա իրավական խնդիրների հետ կապ չունի։