Ամբողջ Հայաստանը չի համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին՝ ոչ միայն բուհերը

Ամբողջ Հայաստանը չի համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին՝ ոչ միայն բուհերը

Նախօրեին Արագած համայնքում տեղացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է բուհերում առկա խնդիրների մասին եւ առաջարկել իր լուծումները: Ըստ նրա, բուհերում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված են ե՛ւ ֆիզիկական ենթակառուցվածքների, ե՛ւ բովանդակության հետ։ «Մենք ունենք էսպիսի գաղափար, որ Երեւանի բուհերի մեծամասնության շենքերը հանենք վաճառքի, ձեւավորված գումարներից Երեւանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացված կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը, եւ, այ, էս երեխեքը բարեփոխված դպրոցներից հնարավորություն ունենան գնալ էդ բարեփոխված բուհական համակարգ։ Այսօր մեր բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- ասել է նա:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը նշեց, որ չի ուզում դրա մասին խոսել, որովհետեւ առնվազն դրա ժամանակը չէ․ «Այսօր Հայաստանում ահռելի քանակի սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, եւ չեմ կարծում, որ հիմա կարելի է դրա մասին խոսել։ Դա շատ հեռու ապագայի խնդիր է»։ Այդուհանդերձ, որքանո՞վ է ռեալ այդ գաղափարի իրագործումը, հատկապես որ մի քանի ամիս առաջ խոսում էին թատերական ու մանկավարժական բուհերը միավորելու մասին, նաեւ պարբերաբար շրջանառվում է այս կամ այն շենքի առքուվաճառքի հարցը։ «Այսօր մենք բազմաթիվ եւ բազմաքանակ խնդիրներ ունենք, եւ այդ հարցը չի կարող առաջնային լինել։ Հետո էլ՝ այսօրվա դությամբ դա ռեալ չէ»։ Ինչ վերաբերում է վարչապետի այն դիտարկմանը, որ բուհերի շենքային պայմանները չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին, Լ․ Արզումանյանն ասաց․ «Ամբողջ Հայաստանը չի համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»։ 

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը շատ կտրուկ ձեւակերպեց իր վերաբերմունքը Երեւանից դուրս բուհական եւ ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարին։ «Ես կատեգորիկ դեմ եմ, այդքան բան կարող եմ ասել,- ասաց նա ու հավելեց,- հերթական սխալ բանն են առաջ բերում, որը կյանք չի ունենալու։ Ոչ միայն հնարավոր չէ նման բան անել, այլ նաեւ շատ սխալ է նման մոտեցումը, ով էլ որ ասի՝ վարչապետը, թե մեկ այլ անձ։ Ամեն իշխանություն, որ եկել է, միշտ ուզեցել է բուհերին ճնշել։ Դա միակ կայացած բանն է Հայաստանում, ուզեցել են ճնշել՝ միաժամանակ փորձելով նաեւ շենքերը յուրացնել, դրա փորձերն էլ են եղել, մեր ակադեմիայի մասով էլ տարբեր իշխանությունների ժամանակ եղել են, բայց մենք դրանց դիմակայել ենք եւ չենք թողել, որ անեն»։ 

«Բնականաբար, համամիտ չեմ այդ գաղափարին, եւ դրա անհրաժեշտությունն էլ չեմ կարծում, որ կա»,- իր խոսքում ընդգծեց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։ Թե վարչապետի հայտարարությունն ինչ մեսիջ էր իր մեջ պարունակում, գուցե գիտական հանրության ուշադրությունը շեղելու փորձ էր, ռեկտորն ասաց․ «Դժվարանում եմ ասել, թե ինչ հաղորդագրություն էր իր մեջ պարունակում, միայն կարող եմ նորից կրկնել, որ համամիտ չեմ այդ գաղափարի հետ եւ չեմ կարծում, որ դա ճիշտ կրթական քաղաքականություն է»։ Որքանո՞վ է ռեալ Երեւանից դուրս ստեղծել նման բուհական քաղաք, մեր երկիրն ունի՞ այդ ռեսուրսները, եւ որքանո՞վ դա կաշխատի, Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը մատնանշում է միջազգային փորձը․ 

«Ես չգիտեմ որեւէ մի երկիր, որում բոլոր համալսարանները մի տեղ կենտրոնացված լինեն։ Ամեն համալսարան ունի իր ուսանողական ավանը (կամպուս), բայց որ լինի մի երկիր, որտեղ բոլոր համալսարաններն են մի տեղ կենտրոնացված, այդպիսի մոդել՝ համենայնդեպս ինձ, հայտնի չէ։ Կան երկրներ, որտեղ ինչ-որ համալսարաններ քաղաքից դուրս են, կան երկրներ, որտեղ համալսարանները գտնվում են քաղաքի բանուկ մասում, գուցե հիմա, երբ նոր մասնաշենքեր են սարքում, ավելի հեռու վայրերում են կառուցում, որովհետեւ ընդլայնվելու տեղ այդ մեծ եվրոպական քաղաքների կենտրոններում չկա, բայց իրենց պատմական շենքերը ոչ մեկը չի վերցնում, դրանք մնում են այդ համալսարաններին։ Ես բազմաթիվ եվրոպական երկրների համալսարաններում եմ եղել, բոլորն էլ բավական կենտրոնական տեղեր են գրավում քաղաքներում։ Մի քիչ ուրիշ է ամերիկյան մոդելը, բայց այնտեղ էլ պատմականորեն կամպուսները սկսել են կառուցել քաղաքից դուրս՝ հենց ի սկզբանե, ոչ թե կառուցած համալսարանները հետո տեղափոխել են քաղաքից դուրս։ Ավելին՝ շատ դեպքերում հենց այդ համալսարանների շուրջ է ձեւավորվել քաղաքը»,- ասում է Կ․ Հարությունյանն ու հարցին, որ գուցե դրանով պետությունը նաեւ այդ շենքերի սեփականաշնորհման հարցն է լուծում, պատասխանում է․ «Ես այդ հարցերի շուրջ նրանց մտադրությունների մասին գիտեմ այնքան, որքան եւ Դուք։ Ես էլ եմ այդ լուրը հեռուստատեսությամբ լսել, ու թե ինչ մտադրություններ ունեն, եւ ինչ քաղաքական եւ ոչ քաղաքական նպատակներ է դա հետապնդում՝ չգիտեմ»։

Մեր բուհերում շենքային պայմաններն այդպես անմխիթար վիճակո՞ւմ են գտնվում, որ վարչապետը նշել է դրանց անհամապատասխանությունը 21-րդ դարի չափանիշներին։ «Չգիտեմ՝ բոլոր բուհերի ներսում անմխիթար վիճակ է, թե ոչ, ամեն դեպքում՝ «անմխիթար»-ը ճիշտ բառ չէ, գուցե ինչ-որ մասնաշենքերում առանձին խնդիրներ կան, բայց հիմնականում իրենք՝ բուհերը, լավ հոգ են տանում շենքերի մասին՝ պահպանում են, վերանորոգում, վերազինում։ Մեծ հաշվով, նման խնդիր մենք այսօր չունենք»։