Զուլֆուգարովը սադրու՞մ է

Զուլֆուգարովը սադրու՞մ է

Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունից մեկ ամիս անց Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆագարովը ստեղծված իրավիճակի շուրջ բավական ընդարձակ վերլուծություն է արել:

Զուլֆուգարովը դիրքավորված է որպես իշխանամետ վերլուծաբան, որը, դատելով նրա ձեւակերպումներից, Ադրբեջանում «թուրքական կուսակցության» շահերի լոբբիստն է: Բայց սա՝ միջանկյալ: Զուլֆուգարովի գնահատականներից ուշադրության արժանի են հետեւյալ պնդումները.
ա. Սահմանային լարվածությունից անմիջապես հետո անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Դա Ադրբեջանին Թուրքիայի ուժեղ աջակցության ցուցադրում էր: Հատկապես, որ զորավարժություններին ներգրավվեցին F-16 «արդիականացված կործանիչներ, որոնք, լինելով ամերիկյան արտադրության եւ մաս կազմելով ՆԱՏՕ-ի ընդհանուր օդուժին, ալյանսի տարածքից դուրս չէին կարող գործարկվել առանց ԱՄՆ-ի համաձայնության»:
բ. Ադրբեջանի տարածքում Թուրքիան չէր կարող նման լայնածավալ զորավարժություններ անցկացնել, եթե չունենար Ռուսաստանի համաձայնությունը: Ամենայն հավանականությամբ, ռուս-թուրքական որոշակի պայմանավորվածություններ ձեռք են բերվել, որոնց մասին կողմերը չեն բարձրաձայնում:
գ. Ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Հայաստան հասցված ռուսական սպառազինությունները չեն կարող ունենալ հարվածային մեծ կարողություն:
դ. ԼՂ կարգավորման միջնորդական առաքելությունը «կաթվածահար է»: Մարտերից անցել է մեկ ամիս, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից որեւէ նախաձեռնություն չկա:
ե. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բանակցությունների յոթ նախապայման, որին Ադրբեջանի նախագահը պատասխանել է մեկ «պահանջով՝ հողերն ազատեք»:
զ. Բոլոր վերլուծությունները բերում են եզրահանգման, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հայտնվել են դեմ առ դեմ, եւ հասունանում է մեծ պատերազմ:

Զուլֆուգարովն, ինչ խոսք, անկողմնակալ չէ, եւ այս դիտարկումները մեծ մասով քարոզչական են: Այդուհանդերձ, երկու հարցի պատասխան պետք է փորձել պարզել՝ F-16 կործանիչները թուրք-ադրբեջանական զորավարժություններին գործարկվել են Միացյալ Նահանգների հետ համաձայնեցվա՞ծ: Եւ՝ իրո՞ք այդ զորավարժությունները քննարկվել են ռուս-թուրքական բանակցություններում: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են, եւ թուրք-ադրբեջանական զորավարժություններին նրանց «ներգրավվածությունը» բոլոր առումներով մտահոգիչ է: Թե Զուլֆուգարովը պարզապես սադրու՞մ է: Ո՞վ Երեւանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դեսպաններից մեկնաբանություն կստանա: