Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը կտեղափոխվի՞ Կանադա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը կտեղափոխվի՞ Կանադա

Մի քանի օր է՝ մամուլը գրում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի` Կանադա կատարած այցի մասին, որի շրջանակներում նա հանդիպել է Ջասթին Թրյուդոյին: Ինչպես գրեթե 100 տարի առաջ, այնպես էլ այսօր Կիլիկիայի կաթողիկոսությունը դեգերումների, փնտրտուքների մեջ է: Արամ Ա կաթողիկոսը փորձում է կողմնորոշվել, թե ուր կարող է տեղափոխել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որ երկիրն ու քաղաքը դարձնի աթոռանիստ, եթե իրավիճակը Մերձավոր Արեւելքում նորից թեժանա: «Կանադահայ համայնքն ուժեղ է եւ կենսունակ. Վեհափառ հայրապետ Արամ Ա-ի հետ խոսեցինք այդ մասին: Խոսեցինք նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների եւ ԼՂ-ում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- Արամ Ա-ի հետ հանդիպումից հետո գրել է Կանադայի վարչապետը` իր այս գրառմամբ հավանության տալով աթոռանիստը Կանադա տեղափոխելու Արամ Ա-ի ջանքերին:

11-րդ դարի կեսերին Անիի թագավորությունը թուրք սելջուկների կողմից ավերվելուց հետո Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթոռանիստը տեղափոխվեց Կիլիկիա եւ այնտեղ մնաց մինչեւ 1441 թվականը, երբ որոշվեց աթոռանիստը կրկին տեղափոխել Էջմիածին, բայց 1446 թվականին Կիլիկիայի հայկական թագավորության նախկին մայրաքաղաք Սիսում Կարապետ Եվդոկացին կաթողիկոս օծվեց, եւ Էջմիածնի կաթողիկոսությանը զուգահեռ սկսեց գործել Կիլիկիայի կաթողիկոսությունը: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության հետեւանքով Կիլիկիայում կաթողիկոսության գոյությունը դարձավ անհնարին, եւ 1921 թվականին Սիսը դադարեց աթոռանիստ լինել: 1930 թվականին Կիլիկիայի կաթողիկոսության աթոռանիստ ընտրվեց Լիբանանի Անթիլիաս քաղաքը, եւ արդեն 100 տարուց ավելի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի աթոռանիստն Անթիլիասում է: Կաթողիկոսության մեր աղբյուրը պնդում է, որ Լիբանանում շարունակվող տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը, այդ երկրից հայության շարունակական արտագաղթը ստիպում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ նոր աթոռանիստ փնտրել: Մեր տեղեկություններով, Արամ Ա-ն դեռ վերջնական որոշում չունի՝ տեղափոխվել Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ Կանադա: Չնայած Կանադայի վարչապետի հետ հանդիպումը կարող է նշանակել, որ ընտրությունը կայացված է:

Լիբանանում վիճակը վերջին 50 տարիների ընթացքում երբեք կայուն չի եղել: Մինչեւ 1975-90 թվականների լիբանանյան քաղաքացիական պատերազմը երկրում ապրում էր 230-250 հազար հայ: Պատերազմի ընթացքում, որն ըստ էության քրիստոնեա-մահմեդական էր, հայերը փորձեցին չեզոքություն պահպանել, բայց պատերազմի բերած արհավիրքներն ու տնտեսական դժվարությունները ստիպեցին հազարավոր հայերի լքել Լիբանանը եւ գաղթել ԱՄՆ, Կանադա եւ Եվրոպա: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո հայ համայնքն էապես փոքրացել էր, բայց Լիբանանում մնացել էին 100-120 հազար հայեր: Լիբանանահայ համայնքի համար երկրորդ խոշոր ցնցումը եղավ Սիրիայում 2011 թվականին սկսված քաղաքացիական պատերազմը, որի արդյունքում մոտ հինգ միլիոն սիրիացի փախստականներ ապաստանեցին Լիբանանում: Լիբանանի փոքր տնտեսությունը չդիմացավ նման ճնշմանը եւ փլուզվեց: Լիբանանի բանկային համակարգը մատնված է կոլապսի. ավանդատուները չեն կարողանում ստանալ իրենց գումարները, երկրի արժույթն անվերահսկելիորեն արժեզրկվում է՝ մարդկանց մատնելով ծայրահեղ աղքատության, երկրում արդեն մի քանի տարի չկա կենտրոնական էլեկտրամատակարարում, ինտերնետը եւ հեռախոսակապն աշխատում են շատ վատ եւ ընդհատումներով: Վերջերս Լիբանան այցելած ծանոթներս ասում են, որ նույնիսկ բարձրակարգ հյուրանոցներում հնարավոր է էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներ լինեն, իսկ համացանցին ժամերով հնարավոր չլինի միանալ: 

Ժամանակի բազմամարդ եւ ակտիվ հայկական համայնքից, լավագույն հաշվարկներով, մնացել է ոչ ավել, քան 40 հազար մարդ, որոնց կեսը սիրիահայերն են: Մնացողներն էլ պատրաստվում են հնարավորության դեպքում միանալ հեռացողներին` պնդելով, որ Լիբանանը դեռ երկար ժամանակ կմնա քաոսի եւ անօրինության մեջ. երկրի խորհրդարանն արդեն երկար ժամանակ չի կարողանում ընտրել նախագահ, իսկ կառավարությունը ժամանակավոր է եւ անգործունակ: Մեկնում են հիմնականում Կանադա, որի կառավարությունը հատուկ ծրագիր է գործարկել՝ սիրիահայ եւ, ընդհանրապես, քրիստոնյա փախստականներին ընդունելու եւ ինտեգրելու համար:
Արամ Ա. կաթողիկոսը թերեւս որոշել է գնալ իր հոտի հետեւից, գնալ այնտեղ, որտեղ հիմնականում տեղափոխվել են լիբանանահայերը: Ճիշտ է` Միացյալ Նահանգներում հայկական համայնքն անհամեմատ բազմամարդ է, սակայն ԱՄՆ-ում շատ ուժեղ է Էջմիածնի ազդեցությունը, Կիլիկիո կաթողիկոսությունն այդ մրցակցությանը չի դիմանա: Կանադայում նման մրցակցություն չկա. համայնքը շատ լավ է ընդունել Արամ Ա-ին, երկրի իշխանությունների բարեհաճ վերաբերմունքն էլ ապահովված է:

Արամ Ա կաթողիկոսը, իհարկե, գաղտնի է պահում աթոռանիստը տեղափոխելու իր մտքերն ու ծրագրերը՝ մտածելով, որ դա կարող է առաջացնել լիբանանահայ համայնքի դժգոհությունը եւ վրդովմունքը: Բայց Արամ Ա կաթողիկոսը դատում է՝ ինչպես միջին վիճակագրական լիբանանահայը. Լիբանանում ապագա չկա, այստեղ մնացել են միայն չքավորները, ովքեր ամեն օր եկեղեցի են գալիս օգնություն հայցելու, իսկ իրենք այդքան միջոց չունեն բոլորի կարիքները հոգալու համար: Ավելի խելամիտ է հաստատվել այնտեղ, որտեղ համայնքը ոչ թե օգնություն է խնդրում եկեղեցուց, այլ ինքն է օգնում եկեղեցուն՝ հոգալու իր կարիքները: Ինչպես Եգիպտոսի կամ Հնդկաստանի բազմամարդ եւ հզոր հայկական համայնքները տարիների ընթացքում փոքրացան եւ, ի վերջո, գրեթե վերացան, նույն ճանապարհի վրա են նաեւ Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքները: 

Տրամաբանական կլիներ, եթե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ընդհանրապես լուծարվեր եւ միանար Էջմիածնի կաթողիկոսությանը, բայց դա ավելի շատ ֆանտաստիկայի ժանրից է: Կաթողիկոսներն ու եկեղեցականներն անվերջ կարող են միասնություն քարոզել, բայց միասնականության անձնական օրինակ ցույց չտալ:  Բոլորը միասնության կողմնակից են, մինչեւ այն պահը, երբ այդ միասնությունը չի սպառնում կամ հակասության մեջ չէ իրենց անձնական շահի հետ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ Կանադայում. իսկապես շատ էկզոտիկ է հնչում եւ շատ հայկական:

Ավետիս Բաբաջանյան