Գողականների ժամանակը

Գողականների ժամանակը

Դուք կարծում եք գողականները դրանք քրեական ենթամշակույթ կրողնե՞րն են միայն։ Բոլորովին՝ ոչ։ Մեր շուրջն ամենուրեք գողականներ կան՝ սուտի գողականներ, որոնք ապրում են ինչ որ «պանյատիաներով» եւ ոչ թե գրված օրենքներն են հարգում, այլ՝ չգրված։ Սրանք կեղծ ինքնասիրություն եւ կեղծ արժեքների կրողներ են եւ այդ կեղծիքն այնքան է մտել նրանց արյան մեջ, որ դա նաեւ գեներով ու դաստիարակությամբ փոխանցում են իրենց զավակներին։

Հասարակական ո՞ր խավն ուզում է վերցրեք՝ գողականի կնիքը դրոշմված է ճակատին եւ գողական բարքերն են ամեն ինչ որոշում։ Ահա՝ մեծահարուստների, բիզնեսմենների խավը։ Սրանք լիքը հարցերում վերապահումներ ու սեփական պատկերացումներ ունեն։ Օրինակ, նրանց համար ոչինչ է Արցախը, Հայաստանը, նրան կուռքը փողն է ու վայելքները։ Նրանք ճաշում են որոշակի օբյեկտներում, հագնվում են որոշակի բրենդներից, տեղափոխվում են իքս գնից ոչ պակաս արժեք ունեցող մեքենաներով։ Նրանց ընտանիքի անդամներն ու կանայք լիքը սահմանափակումների են ենթարկված, որովհետեւ իրենց շրջանակներում այդպես է ընդունված։ Նրանք իրենցից ցածր խավի հետ գրեթե չեն շփվում, եթե շփվում են՝ միայն որպես սպասարկող, ստորին խավի եւ հենց այդպես էլ վերաբերվում են։
Կամ վերցրեք պաշտոնյաներին․ սրանց մոտ էլ լիքը գողական կանոններ են գործում։ Բարձրաստիճան պաշտոնյաները կոմպլեքսների ու գողական բարքերի մարմնացում են։

Մի անգամ բարձր պաշտոն զբաղեցրած մարդն այլեւս չի կարողանում այդ բարձունքից իջնել եւ շարքային մարդու նման ապրել՝ առավել եւս ցածր պաշտոնի երբեք չի համաձայնում։ Սրանք իրենց վերադասի առաջ կարող են չորս տակ ծալվել, իսկ ստորադասներին ստորացնել ու նվաստացնել։ Ցանկացած պաշտոնյայի հետ շփվելիս սրանք անպայման ծանր ու թեթեւ են անում դիմացինի ստատուսը եւ եթե համարեցին, որ իրենց ստատուսն ավելի բարձր է, ապա երբեք ցածր ստատուս ունեցողի կաբինետ չեն գնում, նրան չեն զանգում՝ գողական չգրված կանոններով ընդունված է, որ ներքեւինը պետք է վերեւինին այցելի, զանգի։

Բայց ամենածիծաղելին փողոցից իշխանությունում հայտնված չտես-տգետների գողական «փախնելն» է։ Սրանք կարծում են, որ իշխանություն ունենալը բավական է, որ իրենց առաջ բոլորը գլուխ խոնարհեն եւ իրենց ենթարկվեն։ Երեկ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում աքլոր կտրած մի ՔՊ-ականի մասին պատմեցին, որ աշխարհի ամենավախեցած մարդն էր ժամանակին՝ խեղճ ու ամաչկոտ եւ երեկվա նրա հոխորտանքը, թե՝ լեզուդ կկտրեմ, աչքերդ կհանեմ, ապշեցրել էր նրա հետ աշխատած անձանց։ Զարմանում էին, թե մի քանի տարում ի՜նչ տրանսֆորմացիայի կարող է ենթարկվել մարդը, ինչպես կարող է այսքան փչանալ։

Բայց ամբողջ բանն այն է, որ վերեւից հրահանգ է իջել՝ դուխով թռեք մարդկանց դեմքին ու ցույց տվեք, որ մենք անկոտրում ենք, ուժեղ ենք, ինքնավստահ ենք։

Այս հրահանգը ու սցենարը մշակողը՝ Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե՝ այդքան կարեւոր չէ, թե դու ինչքան ուժեղ ես, կարեւորն ուժի ցուցադրությունն է, ուժի իմիտացիան։ Վստահ է, որ իրենց փրկելու է ոչ թե ոստիկանությունն ու թիկնազորը, այլ իրենց համարձակությունը եւ դիմացինին, այսինքն, հայ ժողովրդին կոտրելու կամքը։ Եւ իշխանական շրջանակներում կամաց ձեւավորվում են գողական բարքեր՝ երբ ոչ թե գրված օրենքներն են աշխատում, այլ չգրված օրենքներն ու ոչնչով չհիմնավորված դուխը։

Արեգ Մարգարյան