Փաշինյանն ասաց՝ ինչքանով է հնարավոր խաղաղությունն ու ինչ սկզբունքների շրջանակում այն պետք է տեղի ունենա

Փաշինյանն ասաց՝ ինչքանով է հնարավոր խաղաղությունն ու ինչ սկզբունքների շրջանակում այն պետք է տեղի ունենա

«Ես կարող եմ ներկայացնել այն սկզբունքները, որոնք պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկի» հիմքում։ Առաջինն այն է, որ բոլոր հաղորդակցության ուղիները պետք է գործեն այն երկրների իրավազորության  ու սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Հաջորդը այն է, որ յուրաքանչյուր պետություն իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում այդ կոմունիկացիաներում սահմանային, մաքսային հսկողությունը ու անվտանգությունը բոլոր ենթակառուցվածքների: Այս խնդրի լուծման նպատակով վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ ԱԱԾ-ում ստեղծվեց հատուկ ստորաբաժանում, որի նպատակը հենց տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգությն ապահովումն է»: Այս մասին քիչ առաջ «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաջորդ սկզբունքը հետևյալն  է, որ բոլոր կոմունիկացիաները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների ու հաղորդակցության համար: Երկրները ենթակառուցվածքները օգտագործում են հավասարության ու փոխադարձության սկզբունքի հիման վրա և  կարող են տեղի ունենալ ընթացակարգերի որոշ պարզություններ՝ փոխադարձության ու հավասարության սկզբունքով։ Ես հույս եմ հայտնում,  որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի և Հայաստանի, և Ադրբեջանի հնարավորությունները դեպի ծով ելքի, մուլտիմոդալ բեռնափոխադրումների ավելի լայն հնարավորություններ կստեղծի։ Այս ամենը հնարավոր է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն: Հիմնական հարցը, որ հնչում է՝ ինչքանով է հնարավոր խաղաղությունը և ինչ սկզբունքների շրջանակներում այն պետք է տեղի ունենա»,-ասաց Փաշինյանը։