Նախագահի պատասխանատվությունը

Նախագահի պատասխանատվությունը

Արցախում արտակարգ իրավիճակ է: Վաղը նախագահի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա: Երեկ ուշ երեկոյան տեղական հեռուստատեսությամբ պետք է երկրորդ փուլ անցած թեկնածուները բանավիճեին, բայց Մասիս Մայիլյանը հրաժարվեց: Արայիկ Հարությունյանը ծերերին, հիվանդներին, ռիսկային տարիքի մարդկանց հորդորեց մնալ տանը, ընտրատեղամաս չներկայանալ: Բայց իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն, այնուամենայնիվ, գործող նախագահ Բակո Սահակյանի վրա է: Արցախում արտակարգ իրավիճակ է ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ քաղաքական աղանդավորության պատճառով: Նախագահի թեկնածուներից մեկը  խոստանում է հետհամավարակային շրջանում քաղաքական պայքար սկսել: Նա ունի ավելի արմատական տրամադրված համակիրներ:

Մայիլյանի գաղափարական աջակից Մանվել Սարգսյանը կանխատեսում է Ստեփանակերտ-Երեւան աղեղով նոր «հեղափոխություն»՝ արդեն Նիկոլ Փաշինյանի դեմ: Որոշակի ուժեր կարծում էին, որ Հայաստանի վարչապետն Արցախում պիտի նախագահ կարգի Մասիս Մայիլյանին: Եւ եթե դա տեղի չի ունեցել, նրանք համարում են, որ Արցախում «հաղթել է հակահեղափոխությունը, ինչի համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու»: Իշխանության փոխանցման ծանրությունն, այսպիսով, մնում է Բակո Սահակյանի ուսերին: Նոր խորհրդարանի քաղաքական ուժերը, կարծես,  ամեն մեկն իր ոճի մեջ, բայց ընդհանրության մեջ գործարք են առաջարկում Ազատ հայրենիք կուսակցությանը, նրա առաջնորդ Արայիկ Հարությունյանին: Քվեարկության երկրորդ փուլի արդյունքներին ոչ ոք չի կասկածում, բայց դրանից հետո մի զգալի ժամանակահատված, մինչեւ նորընտիր նախագահի երդմնակալություն, Բակո Սահակյանը կպաշտոնավարի: Քաղաքական համաձայնությունների, ներարցախյան համերաշխության ջատագով՝ նոր դասավորություններում նա դերակատարություն կունենա՞: Ի պաշտոնե նրա պատասխանատվությունը սահմանափակվում է անվտանգության եւ ներքին կայունության պահպանմամբ: Ի՞նչ իրավիճակ ենք ունենալու հետո: Արայիկ Հարությունյանը հեռուստաեթերից վստահեցրեց, որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու: Նա կարողանում է ընդդիմախոսների նկատմամբ հանդուրժողական լինել, համագործակցության գնալ: Բայց ընդառաջ գնալու ցանկություն կա՞:

Խորհրդարան անցած ուժերից միայն Դաշնակցությունն է կես-բերան խոսել Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին: Սամվել Բաբայանի Միասնական հայրենիքն ինքնին քաղաքական բեւեռ է արդեն: Անցումային շրջանի հիմնական խնդիրը, թերեւս, Արցախի քաղաքական համակարգի վերադասավորումն է լինելու: Առկա է քաղաքակիրթ եւ ինստիտուցիոնալ ընդդիմություն ունենալու հրամայական: Հակառակ դեպքում հանրային տրամադրությունների վրա կսկսեն խաղալ հեղափոխականները: Բակո Սահակյանն ասել է, որ հանգստի կոչվելուց հետո ապրելու է Արցախում եւ իր ավանդն է բերելու երկրի զարգացմանը: Փորձության այս փուլում նա ոսկերչական ճշգրտությամբ կառավարում է իշխանության փոխանցման հետ կապված բարդ գործընթացները: Հետընտրական վերադասավորումները պետք է այդ եւ պաշտոնական Երեւանի հետ խորհրդատվությունների տրամաբանության մեջ լինեն: Մարտահրավերները չափազանց լուրջ, եթե չասենք՝ սպառնալի են, որպեսզի Արցախում ամբիցիաների չտրվենք: