Ադրբեջանը հունգարական պարտատոմսեր գնեց, ու տեղի ունեցավ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու գործարքը

Ադրբեջանը հունգարական պարտատոմսեր գնեց, ու տեղի ունեցավ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու գործարքը

Մասնագետները հաշվարկել են, որ 44-օրյա պատերազմը ՀՀ բյուջեից ահռելի միջոցներ է տարել: Միայն 70 մլրդ դրամ դուրս է եկել հոկտեմբերին, իսկ նոյեմբերի ցուցանիշը, ըստ նախնական գնահատականների, մոտ 200 մլրդ դրամ է: Այսպիսով, պատերազմը մոտ 400 մլրդ դրամ է խլել Հայաստանի բյուջեից: 

Հարկերի հավաքագրումը եւս կրճատվել է: 2021 թվականի բյուջեն երկու անգամ վերանայվել է: Հարկահավաքության ծավալները 9 տոկոսով նվազեցվել են: Բյուջեի պակասորդը կառավարությունը լրացնում է ոչ պոպուլյար, հանրության դժգոհությունն առաջացնող միջոցներով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները մտցվեցին բյուջե: Հունվարի 27-ին էլ, որպես հարկադրված քայլ, 750 մլն դոլարի պարտատոմսեր տեղաբաշխվեցին միջազգային շուկայում: Հայտնի է, որ եվրոբոնդերը թողարկվել են 10 տարվա մարման ժամկետով, 3.6% արժեկտրոնի եկամտաբերություն ունեն: Տեղաբաշխման եկամտաբերությունը վերջին տարիներին կազմել է 3.875%: Ընդ որում, այս տոկոսն ամենացածրն է եղել, ինչը կառավարությունում մեծ հաջողություն են համարում: Ըստ ֆինանսների նախարարության, նախորդ անգամ եվրապարտատոմսեր ՀՀ-ն տեղաբաշխել էր 2019 թվականի սեպտեմբերին, 10 տարի մարման ժամկետով, 500 միլիոն դոլար ծավալով պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմել էր 3.95%, իսկ տեղաբաշխման եկամտաբերությունը՝ 4.2%: Հայաստանը եվրոբոնդեր է թողարկում արդեն չորրորդ անգամ: Դա տեղի է ունեցել 2013, 2015, 2019 եւ 2021 թվականներին, ու բոլոր ժամանակներում թողարկումը եղել է նույն սխեմայով, փոխվել է միայն եկամտաբերությունը:

Առաջին անգամ 7,2 էր, 2013-ի համեմատ այսօր փողը վերցրել ենք երկու անգամ ավելի էժան: 
Մինչդեռ ընդդիմությունն արդեն սուր քննադատություն է հնչեցնում եվրոպարտատոմսերի թողարկման առիթով: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում նկատում է, որ այս քայլով Հայաստանի արտաքին պարտքը «հասավ աստղաբաշխական՝ 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի»: «Այն իշխանազավթումից հետո աճել է մոտ 2 մլրդ-ով կամ ՀՆԱ-ի նկատմամբ 11%-ով։ Հայաստանի պետականությունը անդունդն է գլորվում՝ բոլոր ուղղություններով»,- գրում է նա՝ չբացառելով, որ նոր թողարկված եվրոբոնդերի գնորդների շարքում ներկայացված է նաեւ թուրք-ադրբեջանական կապիտալը։ «Պահանջում եմ հրապարակել մեր արտաքին պարտքի նոր տերերի ամբողջական ցուցակը։ Մենք պետք է իմանանք՝ արդյո՞ք թուրքերը չոքել են նաեւ մեր ֆինանսական անվտանգության կոկորդին։ Սա ազգային անվտանգության նոր մարտահրավեր է»,- գրում է ՀՀԿ փոխնախագահը: Ֆինանսների նախարարությունը, սակայն, չի շտապում պաշտոնական հայտարարություն տարածել: Նման հայտարարությունը սովորաբար տարածվում է գործարքի վերջնական փաստաթղթավորումից հետո, եվրոբոնդերի տեղաբաշխումից 7 օր անց, քանի որ վտանգ կա, որ գնորդները կհրաժարվեն պարտատոմսերից: 

Հնարավո՞ր է, որ թուրքերի ձեռքն ընկնեն հայկական պարտատոմսերը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, մեր հարցին պատասխանելով, նշում է. «Եվրոբոնդերը տեղաբաշխվում են ֆինանսական բորսայում, որտեղ ցանկացած կազմակերպություն կարող է ձեռք բերել այդ պարտատոմսերը: Կազմակերպության ծագման մասին որեւէ տեղեկատվություն չկա, դա առեւտրային գաղտնիք կարող է լինել կազմակերպությունների համար, եւ ֆինանսների նախարարությունն էլ չիմանա, այսինքն՝ մի հատ իքս անվանումով օֆշորում գրանցված ֆինանսական կազմակերպություն ձեռք բերի եվրոբոնդերը: Դա վերահսկելը կամ սահմանափակելը դժվար է, այսինքն՝ ասել, որ արի անենք այնպես, որ թուրքերը ձեռք չբերեն, հնարավոր չէ»: 

- Իսկ ո՞րն է վտանգը, որ թուրքական կապիտալը ձեռք կբերի մեր պարտատոմսերը, ի վերջո, օրինակ, մեր ՎՏԲ բանկում էլ կա ադրբեջանական կապիտալ: Ի՞նչ վատ հետեւանք սա կարող է ունենալ մեզ համար, չէ՞ որ խոսքը ֆինանսական լուրջ կազմակերպությունների, հստակ պայմանագրերի մասին է: 

- Պարտատերն իրավունք ունի պարտքը չվճարելու դեպքում ներկայացնել պահանջ միջազգային արբիտրաժի կամ տարբեր դատարանների միջոցով: Եթե Հայաստանը չկարողանա այս պարտատոմսերի տոկոսը վճարի, այդ դեպքում պարտատոմսերի սեփականատերը կարող է կալանքի տակ վերցնել Հայաստանի ակտիվները: Այլ վտանգ չկա: Պետությունը ընդամենը ստանձնում է պարտավորություն, որ կվճարի այդ գումարները: Այլ պարտավորություն չկա: Պարտքերի տակ կքած երկրին կարող են նաեւ քաղաքական պահանջներ ներկայացնել, եւ Հայաստանը կարող է հայտնվել նման երկրների ցանկում, քանի որ նրա արտաքին պարտքն արդեն հասնում է 8,7 միլիարդ դոլարի: Շատ հաճախ ինչ-որ երկիր այլ երկրի նկատմամբ քաղաքական ազդեցություն ձեռք բերելու նպատակով ձեռք է բերում կամ իր կազմակերպություններին խրախուսում է ձեռք բերել այդ երկրի պարտատոմսերը: Հիշեցնեմ, որ Հունգարիան պարտքերի տակ էր, Ադրբեջանը հունգարական պարտատոմսեր գնեց՝ 1, թե 1,5 մլրդ դոլարի, ու դրանից հետո տեղի ունեցավ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու գործարքը: 

- Այս տարի մենք ամենացածր եկամտաբերության պարտատոմսեր ենք թողարկել: Ստացվում է՝ որքան ավելի վատ վիճակում է հայտնվում մեր տնտեսությունը, այնքան մեզ ավելի՞ են վստահում եվրոպական ֆինանսական կազմակերպությունները:

- 2013-ին, որ մենք տեղաբաշխեցինք, մեր եվրոբոնդերը չունեին ճանաչում, վստահություն, ու այդ ժամանակ փողի արժեքը բարձր էր: Հիմա փողի խնդիր չկա, խնդիրը վճարունակ պարտապան գտնելն է: Հայաստանի վճարունակության մասով այս պահին ԱՄՀ-ն մտահոգություններ ներկայացնում է, բայց Հայաստանը դեռ սեւ ցուցակի մեջ չէ: 

- Ինչո՞ւ Հայաստանը չի վերցնում ավելի էժան ասիական վարկեր կամ միջազգային ֆինանսական կազմակերպություններից, որոնք 1-2 տոկոսով են տալիս, ավելի էժան են, քան եվրոբոնդերի թողարկումը:  

- Նման վարկեր վերցնելիս Հայաստանը ստանձնում է լուրջ պարտավորություններ: Օրինակ, ԱՄՀ-ից վերցնելով՝ նա վերցնում է պարտավորություն, որ կրթությունն ու առողջապահությունը պետք է ԱԱՀ-ով հարկվեն, կամ որ գույքահարկը պետք է բարձրացվի: Ասիական երկրների դեպքում էլ են լինում նման պարտավորություններ: Օրինակ, որ նրանց մատակարարներից պետք է վերցնես ապրանքներ, կամ կոնկրետ ծրագրերով են վարկեր տրվում: Ասենք, «Հյուսիս-Հարավի» համար, որը 300 մլն վերցրինք ու 200 մլն-ից հրաժարվեցինք: Իսկ այս պարտատոմսերի դեպքում չկան նման պարտավորություններ: 

- Եվրոբոնդերի թողարկումը ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա նույն թիմն էր իրականացնում՝ բանակցություններ վարում, գործարքները նախապատրաստում: Բայց նույն Աշոտյանը, օրինակ, այն ժամանակ չէր քննադատում նրանց: Նույն վտանգն այն ժամանակ էլ կար: 

- Այո, ֆինանսական բլոկը մնացել է նույնը, վարկը վարկով փակելու քաղաքականությունն է նույնը, վարկ վերցնենք, ճանապարհ կառուցենք եւ այլն: Մտքի թռիչքը չի փոխվել: Մեծ վարկեր են վերցրել՝ գյուղատնտեսական ենթակառուցվածքների, որոնք ձախողել են: Մեզ մոտ նույն թիմը մնացել է, նույն քաղաքականությունը մնացել է, ոչինչ այս առումով չի փոխվել: