Սերժ Սարգսյանի՝ վարչապետի կարգավիճակով վերարտադրությունը կանխելու հնարավորությունները

Սերժ Սարգսյանի՝ վարչապետի կարգավիճակով վերարտադրությունը կանխելու հնարավորությունները

2017թ․ աշնանը Ժիրայր Սեֆիլյանը կալանավայրից հրապարակեց հայտարարություն՝ դիմադրության ճակատի ձեւավորման մասին, ներկայացնելով  ճակատը նախաձեռնողների՝ իր համար նախընտրելի հնարավոր կազմը, շուրջ երեք տասնյակ քաղաքական գործիչների, մտավորականների, քաղաքացիական  ակտիվիստների, եւ որպես համակարգող՝ առաջարկել էր ինձ եւ Թամարա Հովհաննիսյանին։

Առաջին հավաքում, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, իր խոսքն սկսեց հետեւյալ կերպ․ «․․․հարգելով պարոն Մակեյանի հրավերքը, եկել եմ ասեմ, որ ես չեմ մասնակցելու այս նախաձեռնությանը, քանի որ ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ եւ չեմ պատրաստվում Երեւանի փողոցներում ավտոմատով  կրակել»։

Շատերը Փաշինյանին հակադարձեցին, թե մեզնից ոչ ոք չի պատրաստվում Երեւանի փողոցներում կրակել։ Նախաձեռնող խմբի ձեւավորումից հետո, երկարատեւ քննարկումների արդյունքում հրապարակվեց Հանուն Հայաստանի պետության ճակատի (ՀՀՊՃ) նախաձեռնության հռչակագիրը՝ գործունեության նպատակը եւ ծրագիրը։

ՀՀՊՃ հիմնական նպատակն էր՝ կանխել 2018թ․ հանրապետական ռեժիմի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իշխանության հերթական բռնազավթումը, այս դեպքում՝ վարչապետի կարգավիճակով։ Այդ ժամանակ «Ելք» դաշինքը սկսել էր ընդդեմ թանկացումների նախաձեռնությունը եւ փետրվարի վերջին նշանակել հանրահավաք, ինչը պայքար էր հետեւանքի դեմ, եւ պատահական չէր, որ հասարակությունը չարձագանքեց, հավաքը սակավամարդ էր։

ՀՀՊՃ-ն, ընդդեմ Ս․ Սարգսյանի իշխանության վերարտադրության, մարտի 10-ին նշանակել էր առաջին հանրահավաքը եւ սկսել էր բանակցությունները քաղաքական ուժերի, մտավորականների, քաղաքացիական ակտիվիստների հետ՝ նպատակ ունենալով հնարավորինս ընդլայնել համագործակցության դաշտը։

ՀՀՊՃ-ում որոշվեց, որ Փաշինյանի հետ պետք է ես բանակցեմ, բայց հաշվի առնելով ճակատում ձեւավորված մթնոլորտը՝ առաջարկեցի, որ ինձ հետ բանակցությանը մասնակցի նաեւ Կարապետ Ռուբինյանը։

Մեր առաջին հանդիպման քննարկման արդյունքում համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյանը  վճռական է տրամադրված, ինքն իր որոշումը կայացրել է, եւ այն կախված չէ «Ելք» դաշինքի գործընկերներից։ Փաշինյանին անհանգստացնում էր ՀՀՊՃ-ի բանակցությունների լայն շրջանակ՝ ընդդիմությունը համախմբելու արդյունքում որոշումների ընդունման մեխանիզմի հարցը, եւ հաջորդը՝ նա դեմ էր պայքարի հնարավոր ուժային մեթոդներին։

Ընդունելով  Փաշինյանի մտահոգությունը՝ ճակատում եւս գտնում էին, որ պայքարի ուժային տարբերակը նվեր կլինի ռեժիմին, եւ հնարավորինս պետք է խուսափել առճակատումից։ Մեր յուրաքանչյուր հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի կողմից այդ հարցն այս կամ այն ձեւով շոշափվում էր, ինչին նաեւ աջակցում էին որոշակի  ԶԼՄ-ներ։

Շարունակելի

 Պետրոս Մակեյան