Արսեն Զախարյանը մանրամասներ է հայտնել՝ ինչու էր Հայաստան եկել

 Արսեն Զախարյանը մանրամասներ է հայտնել՝ ինչու էր Հայաստան եկել

Հունիսի 19-ին, ինչպես հայտնի է, Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընդունելու էր Լատվիայի ընտրանուն։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մարզադաշտից հանդիպմանը հետևել է նաև Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ում հայ երկրպագուները այդքան էլ չեն ընդունում, քանի որ ժամանակին ընտրել էր Ռուսաստանի հավաքականը։

Մինչ տարբեր վարկածներ էին առաջ քաշվում Զախարյանի՝ Երևան ժամանելու պատճառների վերաբերյալ,  մարզական լրագրողներից մեկը որոշ մանրամասներ էր ներկայացրել՝ պնդելով, որ հայկական ակումբ տեղափոխությամբ Զախարյանը փորձում է իր համար ճանապարհ հարթել դեպի Եվրոպա։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված կիրառվող պատժամիջոցներից հետո, հիշեցնենք, Ռուսաստանի ակումբներից եվրոպական առաջնություններում հանդես եկող ակումբներ տեղափոխվելը բավականին բարդ պրոցես է, գուցե նաև անհնար։ Հետո նաև տեղեկություններ եղան, որ Զախարյանը նաև հանդիպելու է ՀՖՖ նախագահի հետ՝ քննարկելու Հայաստանի հավաքականում հայտնվելու հարցը։ Զախարյանը մանրամասներ է հայտնել դեպի Հայաստան իր այցից։

«Ես մեկնել էի Հայաստան հանգստանալու համար, ամեն ինչ լավ էր, լիցքաթափվեցի: Հանդիպե՞լ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Ոչ։ Ես պարզապես հանգստացա, առաջին անգամ էի այնտեղ, տեսա ամենատարբեր հետաքրքիր վայրեր, ծանոթացա, հանգստացա։ Հայաստանի հավաքականի հանդիպմանը ներկա չեմ եղել։ Նորմալ հանգիստ էր, նույնիսկ հասցրեցի հոգնել հանգստանալուց։ Բայց բոլոր անհատական մարզումներն անցկացրել եմ»,- նշել է Զախարյանը։