Դա արժանապատիվ չէ, մեծարգո Լեւոն Տեր-Պետրոսյան

Դա արժանապատիվ չէ, մեծարգո Լեւոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայ Ազգային կոնգրեսի նախ­ընտրական ծրագրի ներկայացմանն ասաց, թե իր համար ապշեցուցիչ բան էր, որ Քոչարյանն արդեն քանի անգամ է՝ խոսում է արժա­նա­պատիվ խաղաղությունից․«Լավ է արել, ես իմ խոսքերը բոլորիդ ձրի եմ տալիս։ Բայց ես հիշում եմ՝ արժանապատիվ խաղաղություն երբ ես արտասանեցի՝ ան­­­միջական արձագանքն այն էր, որ Լեւոնը հողերը տալիս է, վերջ։ Հիմա խոսում է արժանապատիվ խաղաղության մասին կապիտուլյացիայից հետո, սա ոչ թե լա­վագույն դեպքում կլինի արժանապատիվ խաղաղություն, այլ արժանապատիվ կա­պիտուլյացիա։ Ուրիշ ոչինչ։ Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը»։

Նախ, Քոչարյանին և Փաշինյանին և նույն նժարի վրա դնելն արդեն իսկ «նոնսենս» է, եթե ավելի կոշտ չարտահայտվենք: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Փաշինյան-Քոչարյան տանդեմն է երկիրը ստորացուցիչ կապիտուլյացիայի տարել ու «հիմա խոսում է արժանապատիվ խաղաղության մասին»: 

Անհասկանալի է. նա վերջերս գրեթե հայհոյում էր Փաշինյանին, իսկ այսօր նրան տեսնում է Քոչարյանի հետ նույն հարթությունում: Այո, երկրորդ նախագահը թույլ է տվել մի շարք սխալներ, իսկ Փաշինյանը… հետաքննությունը կպարզի: Գուցե նրա հոգեհայրը, կանխազգալով դա, սկսել է իր հոգեզավակի ապահովագրության գործընթա՞ցը, ինչի մասին բավական գեղարվեստորեն ներկայացրեց. «Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում, ասում է՝ ես գալու եմ, մեկ-մեկ բոլորին պատժելու եմ։ Նույնիսկ իր շտաբերի վրա ինչ-որ երկու հարձակում էր եղել, ասաց՝ իմացե՛ք, բոլորիդ նկարել են, հենց վարչապետ դառնամ, բոլորիդ պատժելու եմ։ Նա ուրիշ բան չգիտի։ Ռոբերտ Քոչարյանն իր բնավորությամբ ինչպիսի՞ն է՝ եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է, այդ երեխայից ինքը հետագայում հաշիվ է պահանջել, պատժել է նրան։ Այդպիսի մարդ է»։ 

Ինչպես կարելի է այդքան ընկնել, պարոն առաջին նախագահ: Մինչդեռ խոսում եք «արժանապատիվ» բառի մենաշնորհից: Փաստորեն, Դուք կողմ եք Փաշինյանի «խաղաղասեր» լինելուն՝ ազերիների կողմից մեր սահմաններն ասպա­տակելու, ՀՀ տարածքում մարդկանց գերեվարելու առնչությամբ, դե հո Քոչարյանի «թայը> չի, որ ամեն մի կորցրած քառակուսի կիլոմետրի կամ հարյուրավոր հայ գերիների, համար կռիվ տա («Այդ տղաները,- ըստ Փաշինյանի, Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ այո՛, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար: Բայց նրանք չեն ների, եթե մենք հա­նուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»???): 
«Արժանա­պատիվ խաղաղություն» արտահայտությունը․․․ իսկ, պատահաբար, իր խոսքերը բոլորին ձրի տալուց հետո, արդյոք, նա անձամբ չի՞ կորցրել երկու բառից մեկով բնութագրվող այդ որակը, հատկանիշը:

Երրորդ, ոչ թե պետք էր արտասանել «արժանապատիվ խաղաղություն», այլ պետք էր հաղթող նախագահի դիրքից պարտադրել դա ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ուժերին, այլ ոչ թե նեղանալ ու հեռանալ: 

Չորրորդ, «արժանա­պատիվ կապիտուլյացիա» արտահայտության մասին: Ինչ է նշանակում «ուրիշ ոչինչ»-ը: Արդյոք, այլևս ելք չկա՞, թե, ելքը միայն ԼՏՊ-ն գիտի: Տպավորիչ է: Բոլորն էլ գիտեն, որ առաջին նախագահը փայլուն հռետոր է, նույնիսկ, Ռոբեսպիերը կնախանձեր: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ նա «մեծահոգի» անձնավորություն է և մտահոգված է իր հոգեզավակի ապագայով: Նա Փաշինյանի հրավերքը մերժել է «ուղղակի խղճահա­րությունից ելնելով». «…խղճացի, որովհետեւ այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքն է ասել 2009 թվա­կա­նին, ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վեր­ջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։ Այդ հայտարարությունից քիչ անց, Արմավիրից լսվեց Փաշինյանի արձագանքը. «Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, տեսնենք՝ ով ով է»։ Ի՜նչ գեղեցիկ սիրախաղ…

Անձամբ ես, ով «մի քանի գիրք ընթերցել է», Տեր-Պետրոսյանին միշտ էլ բարձր եմ գնահատել, իր պաշտոնավարման ժամանակ հպար­տացել եմ, որ այսպիսի նախագահ ունենք: Եթե նա մեկ-մեկ չիջնի իր մտավոր բարձունքից, ապա միշտ էլ կընկալվի որպես ծանրակշիռ անձ­նավորություն, ավելին նա կարող էր, իր սոցիալական իշխանությամբ, հավաս­արակշռել քաղաքական ուժերին, հակա­մար­տող քաղաքական գործիչներին: Բայց այդպիսի նպատակ երբեք դրված չի եղել իր առաջ:
Ամենցնցողն առյուծի պատմությանն անդրադառնալն է: Հազար անգամ ասել եմ, որ լավ ման գաք՝ Քոչարյանի վրա ավելի հետաքրքիր կոմպրոմատներ կգտնեք: Աֆրիկայում փիղ սպանելու համար Իսպանիայի թագավորին գահընկեց անելու օրինակը Քոչարյանի օգտին է: Նույնիսկ, եթե նա չի սպանել առյուծին, բայց նկար­վել է նրա հետ, խոսում է այն մասին, որ նա այլևս չէր պատրաստվում քա­ղաքա­կանությամբ զբաղվել, ինչի մասին, արդեն որերրորդ անգամ ասաց Կապանում՝ քարոզարշավի մեկնարկի ժամանակ:

Մի խոսքով, իրեն ոչ հարիր, բամբասանքի ոճով ելույթ ունեցավ մեծարգո առաջին նախագահը: Բայց, ամենակարևոր եզրահանգումն այն է, որ ողջ ելույթի միջով կարմիր թելի նման անցնում էր այն գաղափարը, որ ՀԱԿ-ը լիովին աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այսինքն նրանք մյուս, տասնյակից անցնող իբրև թե քաղաքական ուժերի հետ մի ճակատում են։ Մյուս ճակատում ԼՏՊ-ն, չգիտես ինչու, չի տեսնում ազգային արժեհամակարգով առաջնորդվող, գուցե նախկինում սխալներ թույլ տված, բայց հայրենիք չվաճառած, թշնամու առաջ երբեք չնվաստացած քաղաքական ուժերին: Չի տեսնում նաև նոր, երիտասարդ քաղաքական ուժերին:
Բացի «Հայաստան» դաշինքից, որն անշուշտ, մեծամասնություն ունենալու մեծ հավանականություն ունի, նա չի ցանկանում տեսնել «Պատիվ ունեմ» դաշինքը, «Ազատություն» կուսակցությունը, որի առաջնորդ Հրանտ Բագրատյանի սիրտը ուր որ է կպայթի՝ անելանելությունից, որ չի կարողանում ինչ-որ կերպ օգտակար լինել իր երկրին: ԼՏՊ-ն, չգիտես ինչու չի տեսնում բազմաթիվ անգամ խորհրդարանում իր տեղն ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակ­ցութ­յանը, ում հետ ժամանակին համագործակցում էր: Իսկ Գագիկ Ծառուկյանը 2015 թվականին մեն-մենակ գնաց ՀՀԿ-ի դեմ ու ստիպված էր առժամանակ հեռանալ քաղաքակա­նությունից, մեն-մենակ գնաց Փաշինյանի դեմ և կալանավորվեց: Ինչպես չհամա­ձայնես նրա՝ քարոզար­շավի մեկնարկին արված հայտարարության հետ. «Հիմա, երբ կառավա­րությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Փաշինյանի հետ Ծառուկյանը կոալիցիա է կազմելու»: Նման լուրերի տարածումը, կարծես, ԼՏՊ-ական տեխնոլոգիայի ծիրում է. ինչպես փորձում են Քոչարյանին հարվածել, նույն կերպ էլ վարվում են Ծառուկյանի հետ:

2018 թվականին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըմբռնումով մո­տենալով փոթորկված ժողովրդի ցասմանը, լավ գիտակցելով, որ դրա համար եղել են հիմնավոր նախադրյալներ, բայցև՝ հասկանալով, որ այդ ճանա­պարհով իշխա­նափոխությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանք­ների, այդուհա­նդերձ, ընտրություն կատարեց ժողովրդի ցանկությունների օգտին: Դա գիտակցված, բայց պե­տութ­յան ապա­գայի տեսանկյունից չհաշ­վարկված քաղա­քական ընտրություն էր, դա մոլորված ժո­ղովրդի կողքին լինե­լու, հնարավոր արյու­նահեղությունից խուսափելու ընտրութ­յուն էր: Բայց մի կարևոր արժանիք ունի այս կուսակցությունը: Տարիներ շարունակ օրենսդրական նախաձեռնութ­յունները հիմնականում ուղղված են եղել երկրում համընդհանուր բերեկեցությանը հասնելուն: Առաջարկությունների որոշ մասն աղերսներ ունի այսպես կոչված «սկանդինավյան մոդելի» հետ, սակայն դրանք ամբողջական չեն: 

Անցած երեք տասնամյակը ցուց տվեց, որ մեր երկիրը կանգնած է սոցիալ-տնտեսա­կան նոր մոդելի ընտրության անհրաժեշտության առջև: «Հայաստան», «Պատիվ ունեմ», ԲՀԿ, «Ազատություն», Զարթոնք» քաղաքական ուժերի համա­գործակ­ցութ­յամբ հնարավոր կլինի մշակել այդպիսի մոդել, թեպետ յուրաքանչյուրն ունի իր տնտեսական ծրագիրը, բայց պետք է լավ ըմբռնել, որ փորձարկումների շռայլություն մեզ այլևս չենք կարող թույլ տալ և վերջնականապես մի կողմ պետք է դրվեն կուսակցական ամբիցիաները: Նշված ուժերին կարելի էր ավելացնել ՀԱԿ-ը, որը նույնպես բավա­կան պատկառելի մտավոր ներուժ ունի, սակայն, ինչպես երևում է այդ քաղա­քական ուժն արդեն իր ընտրությունը կատարել է:

Ի դեպ, զարմա­նալիորեն, Լևոն Տեր- Պետրոսյանը, անդրադառնալով «բոլորին պատժելու» Քոչարյանի մտադրությանը, անտեսել է երրորդ նախագահի մեկ այլ արտահայտութ­յունը. «Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրա­մատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը և իրենք էլ մեր հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտա­րարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ»- ասել է Սերժ Սարգսյանը: Իհարկե, Սերժ Սարգսյանի ամենամեծ, երկրի համար ճակատագրական սխալն այն էր, որ նա 2018 թվականին չիրացրեց պետության «բռնության իրավունքը»: Գուցե այդ սխալի, ինչպես նաև իր պաշ­տոնավարման ժամանակհատվածում թույլ տված այլ սխալների կամ չարածի արդյունքում ի՜նչ աղետի ենթարկվեց երկիրը, ինչը ստիպեց, որ նա չընդգրկվի ընտրացուցակում: Փաստացի, «ՀՀԿ - Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ դարձավ Արթուր Վանեցյանը, ով, կարծես, իրապես պետական գործիչ դառնալու ճանապարհին է: Ցանկալի կլիներ, որ քաղաքական զարգացումների այս փուլից սկսած, այս և մյուս քաղաքական ուժերում մեծաթիվ լինեն պետական գործիչները, որոնք մտահոգված կլինեն ոչ թե ընտրություններում հաջողության հասնելով, այլ ժողովրդի ապագայով: 

Հ.Գ. Ի դեպ «արժանապատիվ» եզրույթի մասին՝ երկու տողով: Արժանապատ­վության վերաբերյալ վաղ պատկերացումները պայ­մանավորված են եղել սո­ցիա­լական կարգավիճակով, ներկայում արժանապատ­վությունը նշանակում է «ներքին առաքինություն»՝ անկախ ծագումից և հասարա­կությունում ունեցած դիրքից: Իմանուել Կանտն անհատին բնութագրում է որպես անձնավորություն՝ անկախ արտաքին պայմանականություններից, նրան բնորոշ անհատականությամբ և անձ­նական շահ չունեցող ազատությամբ:

Ասվածից կարելի է եզրակացնել, որ արժանապատիվ խաղաղություն հաստա­տելու համար, նախ մենք մեր հասարակության շրջանակներում պետք է հաստատենք արժանապատիվ հարաբերություններ, ներքուստ ձգտենք լինել առաքինի:

Գագիկ Վարդանյան