Քաղաքականություն

Տեղակալների տիրակալ Նիկոլ Փաշինյանը

Տեղակալների տիրակալ Նիկոլ Փաշինյանը

«Թավշյա Հայաստանը տեղակալապետություն է դարձել» հրապարակումը շարունակելու միտքը ծնվեց, երբ հիշեցի, որ թավշյաները Հայաստանում երեք միլիոն վարչապետ էին տեսնում, խոստանում էին տեղական հանրաքվեներով շատ հարցեր լուծել, խոստանում էին մերժել Սերժին: Մերժեցին, բայց՝ հովհարաձեւ, ըստ նպատակահարմարության: Պետական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների անորոշ քանակը դրա վառ ապացույցն է:

ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի համաձայն, կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից, նախարարությունների ցանկը եւ կառավարության գործունեության կարգը սահմանվում են օրենքով, փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը: 

Սերժ Սարգսյանի՝ երկրորդ անգամ վարչապետ դառնալուց մեկ ամիս առաջ՝ 2018-ի մարտին, ընդունվել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենք, որի 8-րդ հոդվածի համաձայն, վարչապետը նախարարի առաջարկությամբ սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին: Սահմանվել են 3 փոխվարչապետ եւ 17 նախարարություն:

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի աթոռին նստելուց հետո օրենքը 8 անգամ փոփոխվել է․ 17 նախարարությունը դարձել է 12, որոշ անուններ են փոխվել, բայց Սերժին մերժող թավիշը չի փոխել հիշատակված 8-րդ հոդվածը՝ վարչապետը նախարարի առաջարկությամբ սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին: Նիկոլ Փաշինյանը միանձնյա է որոշում փոխնախարարների քանակը: Եվ ոչ միայն փոխնախարարների: Թավշյա Հայաստանում կա կառավարության ենթակա 11 մարմին (տեսչական մարմիններ եւ կոմիտեներ) եւ վարչապետին ենթակա 3 մարմին՝ ԱԱԾ, ոստիկանություն, պետական վերահսկողական ծառայություն: Բոլոր ղեկավարների տեղակալներին, հաստիքացուցակները հաստատում է վարչապետը:
Բոլոր նախարարություններն ու պետական գերատեսչություններն ունեն կանոնադրություններ, որոնցով եւ առաջնորդվում են: Այս կանոնադրություններում հստակ սահմանված են կառույցի նպատակները, գործառույթները, խնդիրները, կառավարման ձեւը, կառուցվածքային ստորաբաժանումների անուններն ու քանակը: Տեղակալների քանակի մասին՝ ոչ մի խոսք:

Թավշյաները թող չշտապեն հակադարձել, թե բա էլ ո՞վ, եթե ոչ վարչապետը պիտի ղեկավարի գործադիր իշխանությունը: Այո, վարչապետը պիտի ղեկավարի: Դա բնական է, անբնական ու հակապետական են տեղակալների քանակ չսահմանելն ու ըստ քաղաքական նպատակահարմարության, առանց պետական գերատեսչության խնդիրներն ավելացնելու տեղակալների քանակն ավելացնելը՝ պետական միջոցները վատնելը: Եթե կարելի է օրենքով հստակ սահմանել, որ կա 12 նախարարություն, 10 մարզպետարան, պետական այլ օղակներ ու երկիր կառավարել, ինչո՞ւ չէր կարելի օրենքով հստակ սահմանել փոխնախարարների թիվը՝ ըստ նախարարության պարտականությունների ու լիազորությունների, պատասխանատվության ոլորտների: Կարելի էր ու պետք էր: Չի արվել եւ չի արվում: Տեղակալական հավակնություններ ունեցող ու միաժամանակ կառավարման հմտություններ չունեցող թավշյաները շատ են: Հո օրումեջ օրենք չե՞ն փոխի:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image