Սիրել կարելի է ամուսնուն, երեխաներին, ծնողին, հայրենիքը, իշխանություններին սիրել պետք չէ

Սիրել կարելի է ամուսնուն, երեխաներին, ծնողին, հայրենիքը, իշխանություններին սիրել պետք չէ

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանն է:

- Արդեն մի քանի օր է՝ ընդդիմադիրները բողոքի ակցիաներ են իրականացնում: Դուք մասնակցո՞ւմ եք այդ ակցիաներին:

- Իմ եւ իմ ընտանիքի դիրքորոշումն արդեն վաղուց գաղտնիք չէ: Այո, մասնակցում ենք:

- Ձեր կարծիքով` պայքարը կտա՞ արդյունք: Հասարակությունն այսօր ցանկանո՞ւմ է պայքարել, թե՞ Արցախի եւ Հայաստանի անվտանգությունն այլեւս մեզ համար առաջնային չէ:

- Գուցե հասարակության ինչ-որ շերտի համար երկրորդական կամ նույնիսկ երրորդական է: Ցավալի է: Ես դրա պատճառը գիտեմ: Մարդիկ, անգրագիտության ճահճի մեջ սուզված, ոչինչ չեն հասկանում: Սրանից բացի՝ տարիներ շարունակ մեծ հակաքարոզ է եղել, որն իր հերթին խոր հետք է թողել մարդկանց ուղեղներում: Գուցե ասածս ռադիկալ հնչի, բայց նոյեմբերի 9-ի գիշերը հանդուրժելն արդեն իսկ շատ հարցերի պատասխաններ է տալիս: Հանդուրժեցինք, անցավ գնաց, հենց սա էլ ծիլեր տվեց:

- Իսկ անգրագետ հասարակություններն ինչի՞ արդյունքում են ձեւավորվում: Եթե համեմատենք 1988-ի շարժումը մեր օրերի հետ... ի՞նչն է հիմա փոխվել: Որտե՞ղ ենք սխալվել:

- Անհամեմատելի են: Սովետական կարգերի դեմ խոսելով, դժվարությունները հաղթահարելով, միեւնույն է՝ հայրենասիրական ոգին կար հայ ազգի մեջ: Խորը հիասթափություն ունեմ մեր ժողովրդից: Այն ժամանակ կար ազգային ոգի: Ցավոք, անկախության տարիներին այդ ոգին վերածվեց դուխի, որը ոչ մի բանի մասին է: Ցավոք սրտի, հասարակությունն այսօր պատրաստ է քայլել այն ճանապարհով, որը ոչ մի տեղ չի տանում, իսկ եթե ճանապարհը դեպի տաճար չի տանում, այն ոչ մի տեղ չի կարող տանել: Հասարակությունը չունի հողի զգացումը, հողն արյամբ ձեռք բերելու զգացումը, հողի հետ կապվածությունը: Ես գուցե հոռետեսական եմ տրամադրված, սակայն նոյեմբերի 9-ից հետո սա է իմ տրամադրությունը, եւ այն թաքցնել չեմ ուզում: Երեկ Ֆրանսիայի հրապարակում լուսավոր դեմքեր էի տեսնում: Ամենակարեւորը՝ մարդկանց մեջ ոգի կա: Ինձ թվում է՝ նրանք, ովքեր այդ ոգին պահպանել են, ինչ-որ բան փոխել կարող են: Ատելությունը պետք է քչացնել մեր իրականությունից: Արդեն երկրորդ օրն է՝ մեր հասարակությունն Արամ Խաչատրյան է լսում: Քննարկում են մի անդաստիարակ տղայի, որը բարձրացել է Արամ Խաչատրյանի արձանի վրա ու դարձել հասարակության քննարկման առարկան: Մենք առաջնայինն ու երկրորդականն իրարից տարբերելն ուղղակի մոռացել ենք: Դարձել ենք քարոզչությունների տակ մնացած բիոմասսա:

- Ինչո՞ւ անկախության երեսուն տարին ճիշտ չօգտագործվեց: Ինչո՞ւ փոխվեց մարդկանց մտածողությունը:

- Չգիտեմ, անկեղծ եմ ասում` չգիտեմ: Գուցե բոլորս սխալվեցինք, գուցե ժամանակը մեզ դարձրեց այդպիսին, մենք գուցե պատրաստ չէինք անկախությանը: Գուցե այն չգնահատեցինք, կոտրելով այն արժեքները, ինչ ունեինք, հասանք այսօրվան: Ամեն քայլափոխի մենք ջարդում ենք այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից: Երիտասարդների հետ շատ եմ շփվում, ասում եմ, որ եթե դուք ուզում եք ջնջել այն ամենը, ինչ սիրել ու դավանել են ձեր ծնողները, ուրեմն դուք չեք կարող ունենալ շարունակություն: Մարդը ողջ է միայն իր շարունակությամբ: Մենք պատրաստ չէինք անկախության: Մենք հիվանդացել ենք, ու այդ հիվանդությունը կամաց-կամաց վերածվում է կրկեսի:

- Ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքների ժամանակ հնչող ազգային երաժշտությունը, ազգային ոգին եւս ինչ-որ շրջանակների կողմից ծաղրուծանակի է ենթարկվում:

- Ես վստահ եմ, որ մեր ժողովրդի 80 տոկոսը, գուցե ավելին, ազգայինն ու ռաբիսն իրարից չի տարբերում: Տաշի-տուշին ազգայինի անվան տակ է գնում, ազգայինը` տաշի-տուշիի: Ինչ-որ տեղ ինչ-որ բան է խախտվել: Այդ խախտված վիճակը մեզ խելագարության է տանում: Հիմա թե ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա, որը, ցավոք, շատ քիչ է: Արագ քայլել է պետք: Ամեն մարդ պետք է գիտակցի, որ սա ինչ-որ անձնակենտրոն պայքար չէ, սա պայքար է համակարգի դեմ: Մեր «հարեւանն» առիթը բաց չի թողնում հայհոյելու մեզ: Իսկ այդ հայհոյանքը միայն մեր երկրի առաջին դեմքին չէ ուղղված, ուղղված է մեզ` բոլորիս: Մենք մեր երկրում ցույցեր ենք անում մեր միջի թուրքին վախեցնելու համար: Սա մղձավանջ է ուղղակի: Երբեւէ ինչ-որ մեկի մտքով կանցնե՞ր այսպիսի բան: Իմ մտքով երբեք նման բան չի անցել:

- Մշակութային գործիչներից շատերը վախենում են ընդդիմանալ օրվա իշխանությանը: Ինչո՞վ է պայմանավորված նրանց վախը:

- Չգիտեմ: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից շատերի արյունը թարմ է, գուցե պետք է լսել նրանց, սովորեցնել, թարմության մեջ գուցե ինչ-որ մեծ մտքեր կան, բայց անընդհատ խոսում են անցյալի մասին, չեն ընդունում անցյալի արժեքները... էսպես խոնարհվել իշխանության առաջ.... զարմանալու բան է: Իշխանությունը եկել է քեզ ծառայելու: Եթե չի կարողանում լավ, ճիշտ ծառայել, ապա պետք է հեռանա: Իշխանությունը պաշտելու համար չէ: Սիրել կարելի է ամուսնուն, երեխաներին, ծնողին, ընկերոջը, հայրենիքը, գնացեք սիրեկան պահեք` սիրեք, բայց իշխանություններին սիրել պետք չէ: Իշխանությունից պետք է պահանջել միայն, չի կարողանում ծառայել, ուրեմն պետք է գնա տուն, ի՞նչ մի ողբերգություն է: Կգա այլ մեկը, ով կարող է ծառայել մեզ, չի՞ կարողանա, նորից կգնա տուն, իշխանության առաջ պետք չէ չոքել, վերջիվերջո՝ իշխանությանը քննադատելը մեղք չէ: Լիքը ուրիշ մեղքեր կան, որ մենք գործում ենք: Պետք է իրատես լինել, ճանապարհը եթե չի տանում տաճար, ուրեմն ոչ մի տեղ չի տանում....