Ո՞ր երկրներն են «ուրախ» հայ-ադրբեջանական սահմանագծում-սահմանազատումից

Ո՞ր երկրներն են «ուրախ» հայ-ադրբեջանական սահմանագծում-սահմանազատումից

Արդեն պաշտոնապես հայտարարված սահմանագծման ու սահմանազատման լուրն ու գործընթացը մի կողմից առաջացրել է հայաստանցիների, մասնավորապես՝ Տավուշի գյուղերի բնակիչների վրդովմունքն ու անհանգստությունը, մյուս կողմից ուրախացրել է տարբեր երկրների, գերտերությունների, միջազգային կառույցների պաշտոնյաներին:

Մեկը մյուսից առաջ ընկնելով, սկսեցին իրենց ուրախությունն ու ոգեւորությունն արտահայտել այդ կապակցությամբ: Ինչպես սպասելի էր, Թուրքիան առաջինը գոհունակություն հայտնեց Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատում սկսելու մասին լուրից։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունեց ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը։ «Մենք սրտանց ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանի սահմանազատման հիմք:  Սահմանների սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա, նույնպես Բրյուսելի քննարկումների առանցքային տարրն էր և կարևոր քայլ կծառայի ողջ տարածաշրջանի բնականոնեցմանն ու խաղաղության հաստատմանը»,- գրել է նա X սոցցանցի իր էջում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի էջում գրել է. «Մենք ողջունում ենք հայտարարությունն, ըստ որի, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունել: Կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ սա կարևոր քայլ է»:

Շվեդիայի ԱԳՆ Թոբիաս Բիլստրյոմը նույնպես դրական է գնահատել տեղի ունեցողը. «Սա շատ լավ նորություն է Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Այս դրական քայլով մենք կարող ենք զգալի առաջընթաց տեսնել ապագայում տարածաշրջանի տնտեսական աճի և զարգացման առումով։ 

Գերմանիայի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցի էջում գրել է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա Աթիիի հռչակագրի հիման վրա սահմանազատման մասին համաձայնագիրը վերացնում է խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ավելի զգուշավոր է արտահայտվել. նա կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման համար լուծել մնացած բոլոր երկկողմ հարցերը։ «Շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել բոլոր չլուծված երկկողմ հարցերը՝ հարաբերությունների ամբողջական կարգավորման համար»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ՝ առանց հստակեցնելու, թե որոնք են բոլոր չլուծված երկկողմ հարցերը: 

Ինչպես տեսնում ենք, հավաքական Արեւմուտքը՝ Թուրքիայով, ԱՄՆ-ով, ուրախացած են սկսված գործընթացով, որը Հայաստանը դարձնելու է անկլավ երկիր, դնելու է ռազմական ու տնտեսական շրջափակման մեջ եւ դառնալու է Հայաստանի պետականության ոչնչացման վերջին արարը: Թերեւս, կարծես թե, չի լսվում Ռուսաստանի պաշտոնական կարծիքը տեղի ունեցողի առնչությամբ: Դեռեւս 2022-ին ՌԴ-ն պաշտոնապես հայտարարում էր, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին սահմանների սահմանազատման հարցում: «Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին»,- հայտարարում էր Զախարովան՝ շեշտելով, որ «Ռուսաստանն ունի եզակի փորձագիտական ներուժ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում»։ Սակայն, սկսված այս գործընթացում Ռուսաստանը ոչ միայն որեւէ դերակատարում չունեցավ, այլեւ սահմանազատումից հետո, ըստ Փաշինյանի հայտարարության, Տավուշում գտնվող ռուսական հենակետը, որը տեղակայվել էր 44-օրյա պատերազմից հետո, դուրս կգա մարզից:

Իրինա Վանյան