ԻՆչ եղավ Միհրան Պողոսյանի արտահանձնումը  

ԻՆչ եղավ Միհրան Պողոսյանի արտահանձնումը  

Դեռեւս մայիսի վերջերին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը բյուջեի կատարողականի քննարկման փակ հատվածում օրենսդիրներին վստահեցրել էր, որ մեկ տոննա կոկաինի գործով հետախուզվող Միհրան Պողոսյանին անպայման բերելու են Հայաստան, այդ հարցով գրեթե պայմանավորվածության են եկել ՌԴ գործընկերների հետ։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո, շատերի պես, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Պողոսյանը` իր նկատմամբ  քրեական հետապնդում հարուցվելուց հետո, ապաստանել է Մոսկվայում։ Իսկ ՌԴ իշխանությունները հրաժարվում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներին արտահանձնել Նիկոլ Փաշինյանին, քանզի նրանց մեղադրանքների հիմքում քաղաքական դրդապատճառներ են ընկած:

Մեր աղբյուրները մեզ հայտնել էին, որ այս անգամ ՌԴ-ն կարծես թե հակված է արտահանձնել Պողոսյանին, պայմանով, որ ինքն էլ ստանա Հայաստանում այդ օրերին ձերբակալված օրենքով գող Արսեն Մկրտչյանին՝ Արսեն Երեւանսկուն: Նրա փաստաբանն այդ օրերին հայտարարել էր, որ Արսեն Երեւանսկու նկատմամբ հետախուզում է հայտարարվել` Ռուսաստանում հարուցված քրեական գործի հիման վրա։ Սակայն նախօրեին տեղեկացանք, որ Երեւանսկուն բաց են թողել: Ըստ մեր աղբյուրի՝ օրենքով գողը կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիր ունի, եւ իրավապահները ռիսկի չեն դիմել։ Կամ էլ ՀՀ իրավապահները Միհրան Պողոսյանի հանձնման մասով հստակ երաշխիքներ չեն ստացել եւ որոշել են ՌԴ-ի «ինադու» բաց թողնել մեր ռազմավարական գործընկերոջը հետաքրքրող անձին։

Հիշեցնենք․ 2018-ից հետո բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Հայաստանը պահանջել է՝ այս կամ այն անձին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, եւ մերժվել է։ Այդպես եղավ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ շատ ուրիշների մասով: