«Հեղափոխությունն» ուզուրպացվում էր

«Հեղափոխությունն» ուզուրպացվում էր

Ապրիլի 14-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա նստացույցի մասնակիցները թվով 125 հոգի էին, այսինքն՝ հնարավոր էր հաշված րոպեների ընթացքում մաքրել  հրապարակը, առավել եւս, ինչպես ասում էին, թափանիվը դեռեւս չէր շարժվել։ Հանրահավաքին, տարբեր հաշվարկներով, ապրիլի 14-ին եւ 15-ին մասնակցում էր մոտ 2500-3000 մարդ։

Ապրիլի 14-ին Փաշինյանը նոր անակնկալ մատուցեց․ վերստին կոչով դիմեց բոլոր ընդդիմադիր ուժերին՝ համախմբվելու եւ կանխելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, չնայած հիմնական ընդդիմադիր ուժերը միշտ էլ հրապարակում էին, բայց, չգիտես ինչու, իմքայլականները չտեսնելու էին տալիս, եւ ոչ մեկին թույլ չէր տրվում խոսափողին մոտենալ, ավելին՝ 14-ին իմքայլականները նախաձեռնեցին ՀՀՊՃ-ին եւս դուրս մղել, եւ որպես շարժման նախաձեռնող՝ ներկայացվեցին «Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը։

Ուշ երեկոյան Կարապետ Ռուբինյանի հետ Ֆրանսիայի հրապարակում հանդիպեցինք Նիկոլին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նա ծամծմելով, հայացքը փախցնելով, դժվարությամբ արտաբերեց, որ, իբր, ճակատի ժողովուրդը Ռադիոտան գրավման երթին չի մասնակցել, որին ի պատասխան ասել եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը, եւ այն շատ հեշտ է պարզել, բավական է ուսումնասիրել երթի տեսագրությունները։ Որից հետո նա շարունակեց, որ «․․․Ալբերտ Բաղդասարյանի, Թամարա Հովհաննիսյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ մենք որեւէ անելիք չունենք»՝ հավելելով․ «Ձեզ հետ խնդիր չունենք»։ Ես հակադարձեցի․ «Չէ՞ որ մենք մեկ ամսից ավելի բանակցում, համագործակցում էինք, եւ այդ ամբողջ ընթացքում դուք գիտեիք, որ այդ ընկերները ճակատի նախաձեռնողներից են»։ Բանավեճը բավականին երկար ձգվեց, եւ Նիկոլը, չունենալով հակափաստարկներ, մեկ ժամ ժամանակ խնդրեց, որպեսզի իրենց մոտ քննարկեն։
Քսան րոպե չանցած՝ Նիկոլը կնոջ՝ Աննայի, եւ Արայիկ Հարությունյանի հետ մոտեցավ՝ կրկին պնդելով իր ասածը։ Ինչից հետեւում էր, որ ոչ մի քննարկում էլ չէր եղել, եւ ինքը ներկայացնում էր ինչ-որ անտեսանելի կենտրոնի կողմից կայացված որոշումը։ 

Հաջորդ օրը ՀՀՊՃ նախաձեռնող խումբը նիստ հրավիրեց, որին մասնակցում էին նաեւ Լեւոն Բարսեղյանը, Դավիթ Սանասարյանը, իսկ Արմեն Գրիգորյանը չէր եկել։ Ներկայացվեց անցած օրվա եղելությունը։ Բոլորը, այդ թվում՝ Լեւոն Բարսեղյանը, Դավիթ Սանասարյանը, դատապարտեցին իմքայլականների անբարո պահվածքը, միաժամանակ որոշում ընդունվեց՝ ժողովուրդը չպետք է զգա, որ պառակտում կա, նույն ձեւով պետք է ակտիվ մասնակցենք եւ աջակցենք սկսված  գործընթացին։ Հավելեմ, որ ապրիլի 15-ի գիշերը Սարյանի արձանի հարակից պուրակում ես մեղադրեցի Դավիթ Սանասարյանին իր ոչ սկզբունքային պահվածքի համար՝ ասելով, որ «Նիկոլը քեզ քցելու է», ինչը եւ իրականություն դարձավ։

ԶԼՄ-ները սկսել էին տարատեսակ հրապարակումներ անել, իսկ Նիկոլը խեղաթյուրեց իրականությունը՝ ներկայացնելով հերթական սուտը եւ կեղծիքը, թե, իբր, խնդիրը պայքարի մեթոդների ընտրության մեջ է, որին մտածված չարձագանքեց ՀՀՊՃ-ն, ավելին՝ հանդես եկավ հայտարարությամբ՝ վերահաստատելով իր հավատարմությունը ժողովրդական շարժմանը։ Գաղտնիք չէ, որ ՀՀՊՃ-ն շարժման ամբողջ ընթացքում գտնվել է պայքարի առաջին գծում, իսկ հետո շարունակել աջակցել նոր իշխանություններին։

Ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին մեկուսացնելուց հետո, կապվեցի Նիկոլի կնոջ՝ Աննայի հետ, սատարելու մեր պատրաստակամությունը հայտնեցի։ Նա շնորհակալություն հայտնեց, բայց օրվա ընթացքում որեւէ արձագանք չեղավ, իսկ երեկոյան ականատես եղանք Զարուհի Փոստանջյանի հետ քաշքշուկին։ Տրամաբանական կլիներ, որ այդ օրը ելույթների հնարավորություն տրվեր մնացած քաղաքական ուժերին, որոնք բոլորը ներկա էին հրապարակում, ինչը քաղաքական ճշգրիտ պատասխանը կլիներ ռեժիմին, բայց իմքայլականները մնացին իրենց «սկզբունքային» դիրքին՝ պահպանելով խոսափողի մենաշնորհը։
Երբ հետադարձ հայացք ես գցում Նիկոլի հետ բանակցային ամբողջ ընթացքին, մասնավորապես՝ ընդդիմության միավորման դեպքում, դժվարանալու էր որոշումներ ընդունելը՝ իր տեսակետից, եւ պատահական չէ, որ որեւէ համախմբում չեղավ, ավելին՝ երբ հայտարարվեց, որ հեղափոխական կոմիտեներ են ձեւավորելու, նույնպես որեւէ գործնական քայլ չկատարվեց։
Վերլուծելով ապրիլի 12-ին Պտղնիում Նիկոլի պահվածքը եւ այնուհետեւ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Ֆրանսիայի հրապարակում, Բաղրամյան պողոտայում ՀՀՊՃ հատվածում սադրանքները եւ դանակահարությունը, պարզ է, որ արվում էր ամեն ինչ, որ հիմնավորեին, թե ճակատն ուժային պայքարի կողմնակից է, եւ այդ հիմնավորումով դուրս մղեին ճակատին, ինչը չհաջողվեց, եւ նրանք պարտադրված անցան վերջնագրի տարբերակին։ Միաժամանակ Նիկոլն իրեն հատուկ մանիպուլյատիվ ոճով հանրությանն ապակողմնորոշեց՝ բացարձակ կեղծելով իրականությունը, առանց հետեւանքների մասին մտածելու։

Ավելի ճիշտ՝ հեղափոխության կառավարման անտեսանելի կենտրոնի որոշումն էր՝ Փաշինյանին պահել միայնակ, լիդերի կարգավիճակում, որպեսզի ապագայում ցանկացած որոշում պարտադրեին, ինչի ականատեսը եղանք ու դառը պտուղները քաղեցինք 2020-ին։
Եզրակացություն․ ստացվում է, որ «Իմ քայլը»՝ Փաշինյանի գլխավորությամբ,  բանակցում եւ համագործակցում էր ճակատի հետ, որպեսզի վերջինս Երեւանն ակտիվացներ, այնուհետեւ դուրս մղվեր գործընթացներից։ Բայց դա արդարացված կլիներ, եթե արվեր այն ժամանակ, երբ շարժումը թափ հավաքած լիներ, այսինքն՝ ապրիլի 17-ից հետո, իսկ ապրիլի 14-ին եւ 15-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին մասնակցում էր 2500-3000 մարդ, իսկ գիշերները՝ 100-125։  Եզրակացություն․ Փաշինյանը վստահ էր, որ ամեն ինչ իրականացվում էր ինչ-որ կենտրոնից, եւ ոչ մի համախմբման կարիք չկա՝ ընդդիմությանն ուղղված միասնության կոչերը մանիպուլյացիայի շարքից էին՝ ժողովրդին ապակողմնորոշելու համար։

Շարունակելի

Պետրոս  Մակեյան