Ադրբեջանին հարկավոր է հնարավորինս Հայաստանին ճնշել եւ զրկել վերականգնվելու հնարավորությունից

Ադրբեջանին հարկավոր է հնարավորինս Հայաստանին ճնշել եւ զրկել վերականգնվելու հնարավորությունից

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանն է:

- Արդեն մոտ մեկ ամիս է՝ ակտիվորեն քննարկում են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ի դեպ, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւն անվանել է ուտոպիստական: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչի՞ մասին է:

- Անկեղծ ասած՝ ցավով պետք է ասեմ, բայց նույն բանն իմ մտքով անցավ, այո, սա ուտոպիստական նախագիծ է: Ինչ իմաստով, որովհետեւ սա նոր բան չէ…. 3 տարի է՝ լսում էինք խաղաղության դարաշրջանի մասին, պարզվեց` խաղաղության դարաշրջանը խաղաղության խաչմերուկն է: Շատ գեղեցիկ է հնչում, բայց խնդիրն այն է, թե այդ բոլոր նախագծերն ինչ վերլուծության վրա են հիմնված եւ որտեղից են բխում, որովհետեւ իրավիճակը վերլուծելով՝ մենք տեսնում ենք առաջ քաշվող թեզերի ճիշտ հակառակը: Եթե մինչ օրս Հայաստանի հետ Ադրբեջանը չի կնքել խաղաղության պայմանագիր, այն բանից հետո, երբ հանձնվեց հայկական Արցախը, հարց է ծագում․ ինչո՞ւ Ադրբեջանը Հայաստանի հետ չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել: Մեզ հավատացնում էին, որ Արցախն է ամեն ինչի պատճառը, Արցախը կհանձնեն, ամեն ինչ լավ կլինի, Արցախի հարցը շատ վատ ձեւով, սակայն լուծվեց. այսօր ինչո՞ւ «խաղաղության պայմանագիր» ասվածը կյանքի չի կոչվում: Սա նշանակում է, որ մեզ հետ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն հաստատել, գոնե մինչ այս պահը չկա նման նախադրյալ, որ Ադրբեջանն ունի խաղաղասիրական նկրտումներ: Հայաստանից ասվում է, որ տեխնիկական հարցեր են մնացել, որպեսզի պայմանագիրը կնքվի, իսկ ի՞նչ տեխնիկական հարցեր են դրանք, որ այսքան երկար ժամանակ ձգձգվում են: Փաստ է, որ չկա խաղաղության պայմանագիր, իսկ Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի նկատմամբ շարունակվում է, լավ չեմ հասկանում, թե այդ պարագայում ինչ խաղաղության խաչմերուկի մասին կարող է խոսք լինել: Դա զուտ ցանկությունների դաշտից է, սակայն չեմ պատկերացնում դրա ռեալությունը, եթե ես սխալվեմ, թող դա խաղաղության խաչմերուկ լինի, բայց այսօր չեմ հասկանում, թե ինչու են անվերջ ժողովրդին այս թեզերով կերակրում, այն դեպքում, երբ պետք է անել ճիշտ հակառակը՝ պետք է հայ ժողովրդի հետ խոսել ռեալ վտանգների մասին: Պաշտպանության համակարգն այս երեք տարիների ընթացքում պետք է փոխվեր։ Թե չէ՝ նոր անուններով մեզ խաբելով ոչ մի լավ բանի չենք հասնելու:

- Եթե մի պահ պատկերացնենք, որ «Խաղաղության խաչմերուկն» իսկապես կյանքի է կոչվում, այն ի՞նչ կարող է տալ Հայաստանի Հանրապետությանը: Տպավորություն է, թե այն ադրբեջանաթուրքական տանդեմին է ձեռնտու միայն:

- Եթե Ադրբեջանին ընդամենը պետք լիներ Հայաստանով դեպի Նախիջեւան ճանապարհը, ապա մեր շատ «սիրելի» կառավարությունն այդ ճանապարհը միլիոն ու մեկ անգամ կյանքի կկոչեր, բայց Ադրբեջանն ասում է, որ դրան էլ համաձայն չէ, իրենց պետք է Զանգեզուրի միջանցքը: Այստեղից կարող ենք ենթադրել, որ իրենց Նախիջեւանի ճանապարհը պետք էլ չէ: Մենք՝ բոլորս, հուսամ՝ հասկացել ենք, որ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն ադրբեջանաթուրքական կողմի ցանկությունն է, այլեւ ՌԴ-ի: Այստեղ կա ստրատեգիական խնդիր, այլ ոչ թե առեւտրական: Հստակ երեւում է, որ Ադրբեջանի համար առեւտուրը չէ, որ էական է: Այժմ Ադրբեջանն ասում է, որ Զանգեզուրի միջանցքն էլ իրենց հարկավոր չէ, որ Իրանով հնարավորություն կա Նախիջեւան մտնելու, սակայն ես այդ հայտարարություններին չեմ հավատում, որովհետեւ Թուրքիայից էլ լրիվ այլ բան է ասվում: Ռուսաստանը եւս ինչ-որ ակնարկներ է անում, որոնք թեպետ բաց չեն, սակայն հասկանալի են:

- Այդ դեպքում ի՞նչ է ուզում Ադրբեջանը:

- Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում գերակայություն հաստատել: Նրանք մեզ նման չեն մտածում, օրինակ, երբ 1994-ին մենք հաղթանակ տարանք, չէինք մտածում այդ հաղթանակով գերակայության հասնել, այսօր էլ մտածում ենք, որ Արցախի հարցը դուրս մղվեց, հիմա հարցն առեւտուր անելն է, բայց այդպես չէ: Ադրբեջանցիները քաղաքական մտածողություն ունեն, հաղթել են եւ իրենց քաղաքական կապիտալով ուզում են տարածաշրջանում դառնալ գերակայող պետություն: Ադրբեջանին հարկավոր է հնարավորինս Հայաստանին ճնշել, ճնշել որքան հնարավոր է, որպեսզի վերականգնվելու որեւէ հնարավորություն չունենա…. այդ թվում զրկել ռազմական պոտենցիալից եւ վերցնել վերահսկողության տակ: Սա միայն Ադրբեջանի մասով եմ ասում՝ չխորանալով առավել մեծ կոնտեքստի մեջ: Այս պարագայում տնտեսական ֆակտորը երկրորդ տեղում է: Ալիեւը բաց տեքստով ասում է, որ Հայաստանին ռազմական պոտենցիալը վերականգնելու հնարավորություն չի տալու:

- Ի դեպ, 2024 թվականի հունվարի 1-ից Ադրբեջանը հրատապ զորակոչ է հայտարարել: Ի՞նչ է սա նշանակում: Փորձում են հայերին հոգեբանորե՞ն ճնշել, թե՞ ինչ-որ բանի են նախապատրաստվում:

- Քանի դեռ «խաղաղության պայմանագիր» ասվածը կնքված չէ, եւ հարց է ծագում, թե ինչու կնքված չէ, որովհետեւ առաջին հայացքից կարող է թվալ, որ բոլոր հարցերը լուծված են, պատերազմի վտանգն առկա է: Հայաստանի կառավարությունը, ինչպես նաեւ որոշ փորձագետներ, այսպես ասած, անկախական հակառուսական քաղաքականություն են վարում՝ իրենց հարց չտալով. ո՞վ է Ռուսաստանի քաղաքականության գլխավոր գործիքը, ո՞վ, եթե ոչ Ադրբեջանն ու ադրբեջանական բանակը: Եթե սա չեն հասկանում, ինչպե՞ս են կարողանալու հարցեր լուծել: Մնացած հարցերը խաղալիք են դառնում, եթե գլխավորը չեն ընկալում. ՀԱՊԿ-ից դուրս գալը, այլ բաներ անելն այդ դեպքում էական չեն, քանի որ կա հստակ վտանգ: Մենք խոսում ենք Սյունիքից, բայց ողջ սահմանի երկայնքով կարող է ներխուժում լինել: Միջազգային առումով հարմար պահ է հարկավոր: Ի դեպ, Ռուսաստանի խաղաղապահ զորքը մինչ օրս Արցախից դուրս չի եկել, սա էլ է շատ հետաքրքիր փաստ: Ի՞նչ են անում այնտեղ, եթե այլեւս չկա այլ հարց: Հնարավոր է, որ խաղաղապահ զորքն Իջեւանից Մեղրի տեղակայվի, սա ասում եմ պայմանական: Ոչ մի անհավանական բան չկա քաղաքականության մեջ:

- Իսկ ինչո՞ւ է Հայաստանն այդքան շահագրգռված խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, Ադրբեջանը` ոչ:

- Հայաստանը ոչ թե շահագրգռված է, այլ վերջին տարիներին ցույց է տվել, որ ամեն ինչի համաձայն է, համաձայն է ոտքով-ձեռքով, բայց մենք պետք է մի բան հասկանանք, որ եթե Ադրբեջանը դա էլ չի ցանկանում անել, ուրեմն մենք շատ սխալ պատկերացնում ունենք ողջ խնդրի մասին: Գոնե հիմա պետք է հասկանանք, որ ղարաբաղյան խնդիրը միայն Ղարաբաղին չէր վերաբերում: Ադրբեջանը չի ձգտում Հայաստանի հետ հասնել ինչ-որ աբստրակտ խաղաղության: Մենք մտածում ենք, որ Հայաստանի անկախությունը պետք է Ռուսաստանից փրկել, բայց կարծում եմ, որ այսօր պետք է ոչ թե Ռուսաստանից փրկենք մեր անկախությունը, այլ Ադրբեջանից, որովհետեւ Ադրբեջանն է այս պայմաններում դառնալու գերակա ուժը: Վտանգը դառնում է երկհարկանի․ Ռուսաստանը՝ Ադրբեջանի հետ…