ՌԴ-ն պահանջում է, որ բացվի Թուրքիա-Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը, չեմ պատկերացնում, թե ոնց կարող է իշխանությունը դիմադրել

ՌԴ-ն պահանջում է, որ բացվի Թուրքիա-Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը, չեմ պատկերացնում, թե ոնց կարող է իշխանությունը դիմադրել

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը շատ իմիջիայլոց հայտարարեց․

«3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներում»։ Այսինքն, տպավորություն է, որ կրկին ճիշտ էր Էրդողանը՝ հայտարարելով, որ չի լինի «3+3-ը», կլինի «3+2»-ը։ Այսինքն՝ չի լինի Վրաստանը, կլինի Հայաստանը։ Իսկ Վրաստանն ակնհայտորեն «պլստաց», երբ չդիմանալով Թուրքիայի ճնշումներին, ի վերջո «տղա» բերեց․ Պենտագոնի ղեկավարը, պատասխանելով Հարավային Կովկասում «3+3» նախաձեռնության մասին հարցին, հայտարարեց, որ նախքան ինչ-որ նոր պլատֆորմի մասին խոսելը՝ Ռուսաստանը պետք է կատարի հրադադարի մասին 2008 թվականի համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ Էրդողանը նաև պնդել  էր, որ «3+3»-ը քննարկվել է Ալիևի ու Փաշինյանի կողմից։ Հայաստանի կառավարությունը չէր մեկնաբանում Էրդողանի այս հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը հերքեց Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, բայց, փաստորեն, գոնե չբացառեց ու «դրական» ազդակ փոխանցեց՝ դրանով հաստատելով, որ Էրդողանը ճիշտ էր։ «Հրապարակը» առաջիկա զարգացումների մասին խոսել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, որը մի շարք այլ արևմտամետ փորձագետների հետ 7 էջանոց հայտարարություն էր տարածել, կետ առ կետ մատնանշելով բոլոր մարտահրավերներն ու վտանգները, որոնք սպասվում են։ Այդ թվում նաև՝«3+3»-ը։

-Պարոն Գրիգորյան, Հ1-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կամաց-կամաց համաձայնություն տվեց «3+3» հակահայկական և  հակաարևմտյան ֆորմատին։ Համաձա՞յն եք։ Նաև նշեմ, որ Վրաստանը շատ կտրուկ դիմադրեց։

-Ես համոզված չեմ, որ Երևանը համաձայնում է։ Իր ելույթից ես եզրակացության եկա, որ մեր էսօրվա իշխանությունները հիացած չեն «3+3»-ով:Պարզ է՝ ակտիվ դիմադրելու ռեսուրս չունես։ Մի պրոյեկտ, որտեղ Թուրքիա կա, ինչպե՞ս կարող ես դրանով հիացած լինել։ Վրաստանը գիտե՞ք ինչու է դեմ, քանի որ կա ՌԴ, ու իրենք ասում են՝ մեր թշնամին Ռուսաստանն է, մենք դեմ ենք։ Նույնը մեր դեպքում՝ Թուրքիան։

-Բայց Արևմուտքը վրացիներին պաշտպանեց, ասաց՝ վրացիներին հանգիստ թողեք։

-Ուզում եմ ասել, որ իրոք կարելի է ավելի հստակ ասել, որ քանի որ էնտեղ Թուրքիան է, որը պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցավ Հայաստանի ու Արցախի դեմ, մենք դեմ ենք։ Բայց չունենելով դիմադրության մեծ ռեսուրս, մերոնք ավելի մեղմ, բայց, այնուամենայնիվ, մերժում են։ Էն վերապահումները, որ ասաց Նիկոլ Փաշինյանը, կներեք, հենց դա էր։

-Վարչապետի հայտարարությունից հետո ստորագրած փորձագետների հայտարարությունները ցրվե՞լ, թե՞ մնում են։ Օրինակ՝ մեկնաբանվեց, որ կարելի է սպառված համարել Զանգեզուրի միջանցքի հարցը, քանի որ ռուսական կողմը վերջապես հրապարակայնացրեց իր դիրքորոշումը, որ տարածքի վերահսկողությունը դրանով անցնող սուվերեն պետության, այսինքն՝ Հայաստանի իրավունքն է։

-Մի բան է, թե ինչ ենք ասում մենք, այդ թվում՝ վարչապետը, մի այլ բան, ինչ մտածում ու անում է Ռուսաստանը։ Ադրբեջանի մասին էլ չեմ ասում։ Դրական է, եթե այդպես է, եթե իրոք այդ միջանցքային գաղափարախոսությունը չի ընդունվում, բայց կոնկրետ իմ մտահոգությունները չեն հանվել։ Թե ինչու, պրակտիկայում կնայենք։ Շատ կարևոր է տեսնել դա գործնականում, թե չէ մինչև այդ էլ Ռուսաստանը շատ բան է ասել, բայց հակառակն է արել, էդ իմաստով` այո, բավարարված եմ, որ գոնե պաշտոնապես հայտարարվեց այդ մասին։

-Այո, շատ կարևոր է մեր այդ սուվերեն իրավունքը, եթե դա լինի, բայց, մյուս կողմից, վարչապետը «կոմունիկացիայի» դիմաց բանաձևն է առաջ քաշում` շատ հովվերգական տոնով, որ Հայաստանի սուվերեն ճանապարհով Ադրբեջանը և ինչու ոչ Թուրքիան Նախիջևանի հետ հաղորդակցություն պետք է ունենա, բայց մենք էլ Ադրբեջանի տարածքով` Իրանի ու ՌԴ-ի հետ։ Հիմա, մենք իրենց տալիս ենք ստրատեգիական, իրենց երազանքների կոմունիկացիան, իսկ նրանք մեզ՝ ինչ-որ ճանապարհ, որով Ադրբեջանի տարածքով պետք է Իրան ու ՌԴ գնանք։ Մի ընդդիմադիր, օրինակ, ասում էր՝ կարո՞ղ է մեր մանկության երազանքն է եղել Ադրբեջանով ՌԴ գնալը:

-Ես միշտ ասել եմ, իմ մասին եմ ասում։ Պետք չէ վախենալ ճանապարհներ բացելուց և այլն։ Բայց երբ մենք խոսում ենք փոխադարձ պրոցեսի մասին, և հուսով եմ, որ խոսքը դրա մասին է, ապա, այո, կարող ենք մտածել՝ բավարա՞ր է, թե՞ ոչ Ադրբեջանով Ռուսաստան կամ Իրան գնալը։ Միգուցե հարց բարձրացնենք, որ Թուրքիայի հետ բացենք ճանապարհը։ Այո, ստեղ կարելի է քննարկել, հաշվարկ անել։

-Արդյոք այն, ինչ հիմա է առաջարկվում, անհամարժեք չէ՞:

-Պետք է հաշվարկ անել, նայել՝ համարժե՞ք է, թե՞ ոչ։ Բայց չեմ թաքցնում, որ ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք վաղուցվանից պնդում են, որ պետք չէ վախենալ ճանապարհներից ու ինչ-որ հարաբերությունների մեջ մտնելուց։

-Բայց գերեվարում են: Ո՞ր հայը կնստի իր երեխայի հետ գնացք ու կգնա Ադրբեջանով ՌԴ։ Նույն Փաշինյանն ասաց, որ Բաքվում հայ գերիների մեծ մասը հրադադարից հետո գերեվարվածներն են։

-Ես վստահ եմ, որ առաջին փուլում խոսքը բեռնափոխադրումների մասին է։ Մարդկանց տարանցել և այլն, ես չգիտեմ․․․ Բայց մի ուրիշ բան եմ ուզում ասել, որը, իմ կարծիքով, ոչ  պակաս կարևոր է։ Կան ռեալություններ, դժբախտաբար, այն է, որ մենք այսօր ուժեղ կողմ չենք։ Ու երբ պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան, ես կիսում եմ էդ կարծիքը, որ չպետք է հալած յուղի տեղ ընդունենք, հավատանք, նույնիսկ կարող ենք այսօրվա թույլ վիճակում դիմադրել։ Բայց գիտեք, եկեք իրար չխաբենք, երբ Ռուսաստանն է դա պահանջում, ու ՌԴ-ն միանշանակ պահանջում է, որ բացվի Թուրքիա-Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհը Հայաստանով, և միանշանակ, ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե ոնց կարող են իշխանությունները դիմադրել։ Ու ցանկացած իշխանություն, ոչ միայն էսօրվա։ Ուրեմն՝ շատ կարևոր է Ռուսաստանի գործոնը։ Եթե ՌԴ-ն գոնե կասկածներ ունենար՝ ունի՞-չունի՞, կարելի էր խաղալ, մանևրել։ Բայց Ռուսաստանն է պահանջում, շատերը չգիտեն, մտածում են՝ միայն Էրդողանն ու Ալիևն են պահանջում, որ բացեք։ Էս գործոնը պետք է հաշվի առնվի, հիմա բոլորի դեմ դուրս գալը ո՞րն է, չեմ հասկանում։

-Արմեն Աշոտյանը, օրինակ գրել էր․ «Նիկոլն իր խաղերի պատճառով գեոպոլիտիկ շպագատ է իջել, ճողվելու վրա է»։

-Տարբեր մարդիկ տարբեր գնահատականներ կտան, բայց ես ուզում եմ ասել, որ էդ ռեալությունը կա։ Ու այդ դեպքում եկեք քննադատենք նաև Ռուսաստանին։ Ասենք՝ Ռուսաստան, ի՞նչ նպատակով ես ուզում էդ ճանապարհը բացել։

-Նիկոլ Փաշինյանն իր ողջ հարցազրույցի ժամանակ կարևորել էր ՌԴ-ի դերն ու գովաբանում էր:

-Դա հասկանալի է։ Նախկին իշխանություններն էլ միշտ գովում էին, շնորհակալություն հայտնում, քանի որ ՌԴ-ի գործոնն այնպիսին է, որ Հայաստանի ցանկացած իշխանություն ստիպված է լինելու այն հաշվի առնել։