Նախագահը շրջանակեց

Նախագահը շրջանակեց

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ «պետական կառավարման համակարգում արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի բնագավառում հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինն է» եւ «արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի այլ մարմիններն իրենց միջազգային բնույթի գործունեությունն իրականացնում են Արցախի Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա՝ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված»:

Նախագահի հրամանագրով պետական կառավարման համակարգի մարմինները պարտավորվեցվում են ԱԳՆ-ին հաշվետվության տալ միջազգային կապերի եւ այդ շրջանակներում իրականացված քայլերի մասին, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչության հետ համաձայնեցնել իրենց հայտարարությունները: Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ԱՀ նախագահն, այսպիսով, շրջանակեց պետական կառավարման մարմինների լիազորություններն արտաքին քաղաքական հարցերում, ինչպես նաեւ՝ այդ հարցով նրանց տեղեկատվական իրավասությունները: Ամեն ինչ՝ միայն ԱԳՆ հետ համաձայնեցված: Ընդ որում՝ հիմք ունենալով նախագահի Ծրագիրը:

Հրամանագրի կարեւորությունը ոչ միայն արտաքին, այլեւ ներքաղաքական դաշտում է: Վերջին շրջանում մամուլի հրապարակումներ եղան՝ Արցախում «երկգլխանի իշխանության» մասին ենթատեքստային ակնարկումներով: Նախագահի հրամանագիրը փակեց այդ քննարկման, դրանից բխող շահարկումների թեման: Սահմանադրությամբ գործադիր իշխանության կրողը եւ պետության գլուխը Հանրապետության նախագահն է, կառավարությունն է իրականացնում նրա Ծրագիրը: Համաձայնությունները քաղաքական են եւ պետք է նպաստեն կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմանը: Մնացած ամեն ինչ՝ ըստ սահմանադրության: Հատկապես՝ արտաքին քաղաքականության բնագավառում, որտեղ տարընթերցում պարզապես չի կարող լինել: