Ընդդիմության անհաջողության գլխավոր պատճառը նրա ժլատությունն էր

Ընդդիմության անհաջողության գլխավոր պատճառը նրա ժլատությունն էր

Պաշտոնական լրատվությունից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Уму непостижимо! Շուրջ մեկ տասնյակ, մեկը մեկից սիրուն, մեկը մեկից բոյով, մեկը մեկից խելոք, մեկը մեկից… Բա անվանումները. 1.«Ազատական» (այսինքն՝ թոկից փախա՞ծ), 2.«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական (այսինքն, ապեր, ցենտրա), 3.«Արդար Հայաստան» (այսինքն, նոր Հայաստանն արդար չէ), 4.«Ինքնիշխան Հայաստան» (փաստորեն, ճիշտ են ասում, թե ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր կա), 5.Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, 6.Հայաստանի եվրոպական կուսակցություն, 7.Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (Քրիստոս հարյավ ի մեռելոց…), 8.«Միասնական հայրենիք» (light դաշնակցական), 9.Պահպանողական կուսակցություն (թե ասա, պահում ես, որ ինչ անես), 10.Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (լավ է հնչում): Տասը: Բա էլ ինչու են գրում «շուրջ մեկ տասնյակ»: Հա, եթե հաշվի առնենք նաև, որ «Հանրա¬պետություն»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը, էլեկտորատից հիասթափված, որոշել են ինքնամեկուսանալ երկրից դուրս, ապա ստացվում է մեկ տասնյակից ավելի: Հարգելի լրագրողներ, եղեք ճշգրիտ, այլ ոչ՝ «շուրջ»:   

Եթե Ալիևը հայերեն իմանար ու միայն մեր կուսակցությունների անվանում¬ներին ծանոթանար, ռիսկ չէր անի հարձակվել մեզ վրա: Թեմայից շեղվեցինք: Կներեք:

Ուրեմն այսպես, քձիպության՝ ժլատության մասին: Լավ, ընդդիմադիր շուրջ մեկ տասնյակ, թե մեկ տասնյակից ավելի կուսակցություններում միայն կենսաթոշա¬կառունե՞ր են եղել:  Ինչու՞ չեն ստեղծել մի հարյուր սատելիտ կուսակցություն, որ լրատվա¬միջոց¬ները սենսացիոն լուր հայտնեին. «Այսօր ընդդիմադիր ուժերը և նրանց սատարող հարյուրից ավելի կուսակցություններ…» Դրանց անվանումներն էլ սիրահոժար կտրամադրեի. «Ձախորդ օրերը հերթով…», «Տեսնեմ Անին…» «Սերս վանքում Տաթևի», «Սերս գաղտնիք թող մնա», «Ամպի տակից ջուր է գալիս», «Մի կաթիլ մեղր», «Ինչու է աղմկում գետը», «Սարոյան եղբայրներ &Co» կամ ավելի ուժեղ՝ «Առաքյալ», «Պեպո», «Քաոս»… 

Գագիկ Վարդանյան