Դատախազությունն ընդեմ Կարապետ Գուլոյանի եւ Ռոզա Ծառուկյանի

Դատախազությունն ընդեմ Կարապետ Գուլոյանի եւ Ռոզա Ծառուկյանի

Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանն ու իր կինը՝ Գագիկ Ծառուկյանի դուստր Ռոզա Ծառուկյանը հրավիրվել են դատախազություն՝ բացատրություն տալու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի շրջանակներում։ Հետո տեղեկացանք, որ դատախազությունը նրանց նկատմամբ հայց է ներկայացրել դատարան։ «Հրապարակի» հարցմանն ի պատասխան դատախազությունից տեղեկացրեցին, որ հոկտեմբերի 12-ին հայց է ներկայացվել հակակոռուպցիոն դատարան․

«ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2022 թվականի հոկտեմբերի 12-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որն 2022թ. հոկտեմբերի 14-ին ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Մուրադի Գուլոյանից, նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 

թվով 2 անշարժ գույք Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 156.279.755 ՀՀ դրամ,

      թվով 2 իրավաբանական անձանցում մասնակցությունը, 58.120.147 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 1.638.557.787 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը»,- պատասխանել են դատախազությունից։

Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի շրջանակներում ներկայացրած հայցերից որևէ մեկով դեռևս դատարանի վճիռ չկա, գործով պատասխանողները չեն ընդունում, որ վիճարկվող գույքը ապօրինի է։ Եւ այս հաղորդագրություններն ավելի շատ փիառ նպատակներ են հետապնդում։