Հրթիռները պիտանելիության հետ կապված երբեք խնդիր չեն ունեցել. պաշտպան

Հրթիռները պիտանելիության հետ կապված երբեք խնդիր չեն ունեցել. պաշտպան

Րոպեներ առաջ մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավիթի» եւ մյուսների գործով դատական նիստը։ Նիստը կայանում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ, հիշեցնենք, պարզվել է, որ ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Պարզվել է նաեւ, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

«Այսօր, ամենայն հավանականությամբ, կքննարկվի այս գործով խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Այո, բոլոր ամբաստանյալներն էլ նիստին ներկա են։ Որոշ պաշտոնատար մարդիկ կամ հենց մեղադրող կողմը կարող է այս գործով մի շարք մեկնաբանություններ տալ, բայց եթե մենք իսկապես խոսում ենք հրթիռների որակի մասին, պետք է նախ մասնագիտական կարծիք լսել, թե արդյոք այդ հրթիռները անորակ ու անպիտան են։ Սակայն նախաքննության փուլի թե սկզբում , թե ավարտում բազմաթիվ փաստեր կային, որ այդ հրթիռները իրականում պիտանելիության հետ կապված երբեք որեւէ խնդիր չեն ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Մենք այս պահի դրությամբ որևէ առաջարկ չունենք դատարանին։ Դատարանը պիտի այսօր, ինչպես ասացի, քննարկի խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը։ Նախաքննության ընթացքում ասուն էին, թե Դավիթ Գալստյանը կարող է խոչընդոտել գործին, բայց հիմա արդեն նախաքննությունը ավարտված է, բոլոր վկաները հարցաքննված են, էլ խնդիրը ո՞րն է այս դեպքում։ Հիմա տեսնենք, թե ի վերջո դատարանը ինչ գնահատական կտա: Այստեղ,կարծում եմ, խնդիրը հենց նաեւ դատարանի գնահատականն է»,- ասաց նա։