Իսկ բուն սատանան Փաշինյանի երեք բառի մեջ էր

Իսկ բուն սատանան Փաշինյանի երեք բառի մեջ էր

«Այս առաջնությունը տեղի է ունենում ՀՀ ինքնիշխան և անկախ տարածքի հովանու և դրոշի ներքո...»: Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, թող ներվի մեզ ասել, շատ խնդրահարույց է և բավականին լուրջ հարցեր է առաջացնում: Ինձ թվում է` նա չափից ավելի է ջանացել, հայերեն ասած` «պերեստառալսյա», և արդյունքում ստացվել է մի բան, որ պետք է զգոնության դրդի մեր ողջ անվտանգության համակարգը:

Ադրբեջանի դրոշի այրումը, բնականաբար, մեծ աղմուկ բարձրացրեց, բայց պետք է իմանալ, որ սատանան սիրում է աղմուկի ժամանակ մոտենալ հուշիկ քայլերով ու անել իր անելիքը: Փաշինյանի ելույթը հետևեց դրոշի այրման գործողությանը, և Փաշինյանը, մինչ մենք տրվել էինք համընդհանուր աղմուկին, աշխարհին հղեց մի ուղերձ: Կրկնենք այն. «Այս առաջնությունը տեղի է ունենում ՀՀ ինքնիշխան և անկախ տարածքի հովանու և դրոշի ներքո...»: Ինձ թվում է, կարելի էր ուղղակի ասել`«Այս առաջնությունը տեղի է ունենում ՀՀ հովանու և դրոշի ներքո»: Այսինքն` միանգամայն ավելորդ են «ինքնիշխան և անկախ տարածքի» բառերը, որոնք էլ հենց ստիպում են զգուշանալ: Մեծարգոն, հավանաբար, նկատի ունի այն տարածքը, որը մնացել է ՀՀ սահմանադրությամբ հայտարարված ՀՀ-ի՞ց, այն տարածքը, որն ի՞նքն է թողել:

Մինչ Փաշինյանի բուն սատանայությանն անցնելը մի պահ պատկերացրեք, որ ծանրամարտի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում և Բայդենը հայտարարում է. «Այս առաջնությունը տեղի է ունենում ԱՄՆ ինքնիշխան և անկախ տարածքի հովանու և դրոշի ներքո...»: Բայդենին կասեն` հո դու իդիոտ չես, արա, բա էլ ո՞ւմ ինքնիշխան և անկախ տարածքի հովանու և դրոշի ներքո պիտի անցկացվեր առաջնությունը, եթե այն անցկացվում է ԱՄՆ-ում: Այսինքն Փաշինյանի հայտարարությունը ոչ թե զուտ սատանայական է, այլև զավեշտալի: Իսկ սատանայական է, որովհետև մենք դեռ չգիտենք, իսկ Փաշինյանն էլ չի ասում` Ադրբեջանի կողմից օկուպացված մեր տարածքները մտնո՞ւմ են, արդյոք ՀՀ ինքնիշխան և անկախ տարածքի մեջ, թե՞ դրանք այլևս ադրբեջանական են: Սև լճի, Տեղ գյուղի, Գորիս Կապան ավտոճանապարհի, Ջերմուկի լեռների հովանու և դրոշի ներքո՞ է անցնում, արդյոք այս առաջնությունը, թե բացառապես ՀՀ մնացած ինքնիշխան և անկախ տարածքի:

Եվ մենք էս բոյի սատանայությունը թողած` ընկել ենք Ադրբեջանի դրոշի հետ պատահածի հետևից: Ի՞նչ է, այդ դրոշներից ՀՀ ինքնիշխան և անկախ տարածքում քի՞չ կա: