Պետդեպը՝ Իսրայելում հայերի դեմ կատարված բռնությունների մասին

Պետդեպը՝ Իսրայելում հայերի դեմ կատարված բռնությունների մասին

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իսրայելն այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը։ 
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իսրայելում վերջին շրջանում հայերի դեմ իրականացված բռնությունները։

Լրագրողներից մեկն ասել է, որ Երուսաղեմի հայկական թաղամասի բարձրագույն իշխանությունները մտահոգություն են հայտնում՝ կարծելով, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հակամարտությունն օգտագործում է հայկական թաղամասից շատ քրիստոնյա հայերի դուրս մղելու համար, և Միլլերին հարցրել է` ինչպե՞ս կմեկնաբանի այս մտահոգությունները Պետքարտուղարությունը։

«Կոնկրետ պատասխան չկա։ Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը քայլեր ձեռնարկի, որոնք կհանգեցնեն լարվածության սրմանը»,- ասել է նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 զինված սադրիչներ ներխուժել են Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել մարդկանց վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով գործարար Դենիել Ռուբինշտեյնին վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։