«Հրապարակ». Մատենադարանը վերածեցին պահածոների գործարանի` կառավարիչ նշանակեցին

«Հրապարակ». Մատենադարանը վերածեցին պահածոների գործարանի` կառավարիչ նշանակեցին

Մատենադարանի նոր ձեւավորված հոգաբարձուների խորհուրդը երեկ ընտրեց Մատենադարանի նոր տնօրեն: Ինչպես արդեն գրել էինք, հայտ էր ներկայացրել 3 հոգի` Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթեւոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը եւ պատմական եւ բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը, ով, ի դեպ, ընտրությունների ժամանակ ինքնաբացարկ հայտնեց: Արդյունքում 13 ձայնով տնօրեն ընտրվեց Արա Խզմալյանը:

Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ իշխանությունն արագացված կարգով գնաց մի շարք փոփոխությունների. Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, պրոֆեսոր Լեւոն Աբրահամյանին, փոփոխված կանոնադրության համաձայն, այս պաշտոնում փոխարինեց ԿԳՄՍ նախարարը: Հոգաբարձուների խորհրդի նոր կազմում, նախկին 11-ի փոխարեն, միայն 2-ն են Մատենադարանի աշխատակից, մյուսները տարբեր գերատեսչությունների պետական ծառայողներ են: Իջեցվեց Մատենադարանի տնօրենին ներկայացվող պահանջների նշաձողը՝ գիտությունների դոկտորից մինչեւ գիտությունների թեկնածու: Հանվեց տնօրենի կողմից հրապարակված գիտական աշխատանքների ցանկ ներկայացնելու պահանջը, ինչն առկա էր նախկինում գործող կանոնակարգում։
Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա դրանք անցկացվեցին դռնփակ, անգամ լրագրողներին թույլ չտվեցին մտնել շենք եւ գոնե ներսում սպասել ընտրությունների ավարտին եւ ոչ թե արեւի տակ: Տպավորություն էր, թե Մատենադարանը ոչ թե գիտահետազոտական ինստիտուտ է, այլ ռազմավարական նշանակության օբյեկտ, որտեղ լրագրողների մուտքն արգելվեց, որպեսզի չխանգարեին օբյեկտը գրավելու օպերացիային: 

Ի վերջո, ընտրություններից հետո ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցինք, թե ինչ  անհրաժեշտությունից ելնելով լուծարվեց նախկին հոգաբարձուների կազմը, ձեւավորվեց նորը` ավելի փոքր թվաքանակով, փոխվեց կանոնադրությունը, ու իջեցվեց դոկտորի շեմը։ «Հիմնավորումը շատ պարզ է․ բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքով՝ գիտությունների աստիճանաշնորհման մասով թողնվում է մեկ աստիճան, եւ դա գիտությունների թեկնածուի աստիճանն է: Գիտությունների դոկտորի աստիճան նոր օրենքով չի շնորհվելու, սա նշանակում է, որ գիտական գործունեությամբ զբաղվող անձն ունենալու է գիտական մեկ աստիճան, եւ այստեղ այդ փոփոխությունների տրամաբանությունը շատ պարզ է, ինքն արդեն իսկ նոր օրենքի տրամաբանության մեջ հերթական շղթայի օղակն է, որը բուհերում արդեն արվել է»: 

Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխությանը, ապա. «Մենք պետք է գտնենք աշխատանքային մի ձեւաչափ, որն առավել օպտիմալ է քննարկումներ ունենալու եւ որոշումներ կայացնելու համար, եւ փորձը ցույց է տալիս, որ 20-ից ավելի անդամ ունեցող խորհուրդները դրա համար արդյունավետ չեն, եւ այստեղ մենք փոփոխությունն իրականացրել ենք արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Ինչ վերաբերում է կառուցվածքին, թե որ կառույցներն են ներգրավվել, այդ կառուցվածքն էլ որոշվել է` ելնելով նրանից, թե որ կառույցներն են, որոնք կարող են էական ազդեցություն եւ նշանակություն ունենալ Մատենադարանի զարգացման եւ գործունեության համար»:
Հոգաբարձուների խորհրդի անդամ, Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերի գծով խորհրդական Գուրգեն Գասպարյանը, ով նոր ձեւավորված խորհրդի կազմում է, նկատում է` իրավական տեսանկյունից ոչ մի խախտում չի եղել, ինչ վերաբերում է ընտրություններին նախորդած գործընթացներին, նաեւ` դժգոհություններին, ապա. «Գիտխորհրդի կամ կոլեկտիվի ինչ-որ մի մասի ցանկությունը՝ այս կամ այն թեկնածուի հանդեպ, դրանք բնական պրոցեսներ են: Մատենադարանը մեծ կառույց է, ունի բազմաթիվ ստորաբաժանումներ, եւ ասել, որ միայն գիտական մասը կարող է ցանկություն հայտնել տնօրենի այս կամ այն թեկնածուի օգտին` ճիշտ չեմ համարում»։ Գասպարյանի դիտարկմամբ՝ քանի որ Մատենադարանի հիմնադիրը պետությունն է, նա էլ որոշում է, թե ինչ կանոնակարգով եւ ինչպես պետք է ընթանան տնօրենի կամ հոգաբարձուների խորհրդի կազմի ընտրությունները:   

«Ձեր մանկության երազանքն իրականացավ, վերջապես դարձաք Մատենադարանի տնօրեն»,- լրագրողներից մեկի դիտարկումից Արա Խզմալյանն անակնկալի եկավ։ «Չեմ կարծում, որ մանկության երազանքն էր, մանկության ժամանակ ուրիշ բաների մասին են երազում, հարցադրումն էլ դուրս չի գալիս... սա այնպիսի պատասխանատու տեղ է, որ երազանքի տեղ չի մնում, սա 24 ժամ աշխատելու միջավայր է»,- նկատեց Խզմալյանն ու ընտրություններին նախորդած փոփոխությունների տրամաբանությունը բացատրեց օրենքի պահանջով. «Կա օրենք, եւ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում, որեւէ բան չի խախտվել: Հետո՝ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ծրագիր եւ ոչ թե գիտական աստիճան: Իմ գործընկերներից մեկը կրկնակի դոկտոր էր եւ գրել էր 6 էջանոց ծրագիր, ես թեկնածու եմ, բայց գրել եմ 25 էջանոց ծրագիր․ սա օրինակի համար եմ ասում: Ինչո՞ւ պետք է հոգաբարձուները հնարավորություն չունենան ծրագիրը քննարկելու, այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե տնօրեն ենք ընտրում, որ գիտությամբ զբաղվի, այլ տնօրենը պետք է պայմաններ ստեղծի, որ գիտությամբ զբաղվողը գիտությամբ զբաղվի»: 

Խզմալյանը հորդորեց լրագրողներին՝ ապագային միտված հարցեր տալ եւ ոչ թե` ինչո՞ւ, ինչպե՞ս եւ ինչի՞ համար ընտրություններից առաջ փոխվեցին հոգաբարձուների խորհրդի կազմը, կանոնադրությունը եւ տնօրենի համար սահմանվող պահանջները: «Այստեղ հանցակազմ չկա, որ կասկածների տեղ լինի, կա պատասխանատվություն, ընթացել են օրինական ընտրություններ, եւ բոլոր մասնակիցները ներկայացրել են իրենց ծրագրերը»,- ասաց նորընտիր տնօրենն ու հավելեց, որ խորհուրդն առաջին հերթին Մատենադարանի կառավարիչ է ընտրել:

Մեր այն դիտարկմանը, որ Մատենադարանը պահածոների գործարան չէ, այլ խոշոր գիտահետազոտական ինստիտուտ, եւ առանց դոկտորի աստիճանի միայն կառավարչական հմտություններով տնօրեն ընտրելն առնվազն վնասում է Մատենադարանի գիտական հեղինակությանը, եւ սա առաջին հերթին հենց Մատենադարանի գիտական մասի կարծիքն է, պատասխանեց. «Ես ընդհանրապես վատ եմ գնահատում, ընդհանուր կոլեկտիվի անունից որեւէ հայտարարություն, նույն գիտխորհրդի կազմի անունից հրապարակված հայտարարությունը դա ամբողջ գիտխորհրդի կազմը չէր, չի եղել քվեարկություն, չեն եղել ստորագրություններ, Մատենադարանը 300-ից ավելի աշխատող ունի, բայց միայն դրանից 10-15-20-ը համաձայն չեն այս պրոցեսների հետ»:

Նկատենք, որ գիտխորհրդի անդամները, այդ թվում՝ նախկին տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, օրեր առաջ Մատենադարանում կայացած գիտխորհրդի նիստի ժամանակ որպես Մատենադարանի տնօրենի առավել նպատակահարմար թեկնածու առաջարկել էին տնօրենի ԺՊ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթեւոսյանին: 

Հարցին` իր ծրագի՞րն էր ամենամրցունակը, որ իրեն նախապատվություն տվեցին, Խզմալյանն առաջարկեց ծրագրերը հրապարակելուց հետո կարդալ դրանք ու համեմատել. «Վերցրեք համեմատեք, գնահատեք, հարցրեք փորձագետներին»: 

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուից` Արծրունի Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչու նախ հայտ ներկայացրեց, ապա ինքնաբացարկ հայտնեց, սա ի՞նչ երկակի խաղ էր իր կողմից։ «Հետաքրքիր է, որ խաղերից հեռու մարդուն միշտ խաղերի հետ են կապում: Ձեզ ասեմ, որ հայտի ներկայացումն իմ կամքով չէր, այլ՝ իմ համախոհների, իմ թիմի կամքով, եւ պարտավոր էի ներկայացնել հայտ, իսկ հայտը հանելն արդեն իմ կամքով էր, որովհետեւ հասա իմ նպատակին` անցկացրի թեթեւակի դասախոսություն՝ Մատենադարանի շուրջ, եւ չտրվեցի քննվողի կարգավիճակին, որ ինձ քննեն: Սովորաբար ասում են` Մատենադարանն ազգային արժեք է, սրբություն է, էս է, էն է։ Ոչ, այդ ամենը հնացած կարծիք է, իրականում սկսվում է նոր աշխարհի, ժամանակակից, խիստ կիբերլարված աշխարհի նոր պատկերացումը: Եթե մենք չնորացնենք մեր պատկերացումը Մատենադարանի մասին, հետ կմնանք, տանուլ կտանք առհասարակ»: 

Սահակյանն ասում է` թեկնածուները միմյանց ելույթները չեն լսել. «Եկանք, հավաքվեցինք, մեկ էլ Արայիկ Հարությունյանն իրեն հատուկ նորամուծությունն առաջարկեց, թե՝ եկեք մեկը մյուսին չլսի, այսինքն՝ փորձեց քննության վերածել, ուսանողի պես առանձին-առանձին մտնեն, դուրս գան ու հարցերին պատասխանեն»: Հավանաբար՝ որպեսզի մեկը մյուսի սնանկությունը, ծրագրի թերությունները չտեսնի:

Մի հանգամանք եւս, որը, իմիջիայլոց, նկատեց Ա. Սահակյանը. «Մենք ամենավերջում` հայտը ներկայացնելուց հետո ենք իմացել, որ պարոն Խզմալյանն ունի նման մտադրություն, եթե մենք նախապես իմանայինք, որ նա ուզում է լինել թեկնածու, մենք հրապարակավ կպահանջեինք, որ կառավարությունը, նախարարությունը նրան հետ պահեին այս ընտրությունների գործընթացը կազմակերպելու դերից: Այսինքն՝ մենք դեմ կլինեինք, որ եթե դու թեկնածու ես, ապա նախապես այդ կարգավորումները թող ուրիշն անի եւ ոչ թե դու»: 

Կապ հաստատեցինք նաեւ տնօրենի ԺՊ Կարեն Մաթեւոսյանի հետ, ով ի պատասխան մեր հարցին, թե ինչպես է գնահատում ընտրություններն ու դրան նախորդած ողջ գործընթացը` փոփոխություններով հանդերձ, կարճ նկատեց. «Կարծում եմ` պրոցեսը տրամաբանական ավարտին հասավ... հիմա ինչ եղել` եղել է, նորից ինչ-որ բան ասելը եւ այդ թեման արծարծելը, կարծում եմ, ոչ մի օգուտ չի բերի, ինձ համար ամենակարեւորը Մատենադարանի շահն է, եւ չեմ ուզում Մատենադարանի անունը դառնա տարբեր հրապարակումների նյութ, հոգաբարձուների խորհուրդն իր ընտրությունն արել է»: 

Մենք տեղեկացանք, որ քվեարկությունն անցել է ոչ թե փակ- գաղտնի, այլ՝ բաց, եւ հենց դրանով էլ պայմանավորված է քվեարկության նման պատկերը: Այսինքն՝ հոգաբարձուների խորհրդի անդամներն ընտրության այլ հնարավորություն չեն ունեցել եւ առճակատվել են վերադասի կամքին, երբ բաց քվեարկությամբ միաձայն վավերացրել են իշխանության կամքը:  

Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Վահե Թորոսյանը նշեց, որ կանոնակարգով սահմանված է բաց քվեարկություն, բայց` «նախկին կանոնակարգում փակ էր, հիմա` նոր կանոնակարգով, արդեն բաց քվեարկություն է, եթե այլ որոշում չի ընդունվում»: Ստացվում է` դռնփակ պայմաններում, բայց բաց քվեարկությամբ հոգաբարձուների խորհուրդն ընտրեց Մատենադարանի նոր կառավարչին: